×

Դավիթ Երեմյան. պատասխանատու ենք մեր աշխատակիցների համար

Մարդկային ռեսուրսների կարեւորումը, անձնակազմի ներուժի գնահատումը, նրա հանդեպ հոգատարությունը, սոցիալական պատասխանատվության հայեցակարգի կիրառումը  կորպորատիվ հեղինակության  բնութագրիչներից են: Յուրաքանչյուր կազմակերպության բարի համբավը, հասարակության դրական վերաբերմունքն ու հեղինակությունը կարեւոր գործոն են բիզնեսի կայուն զարգացման եւ արդյունավետ գործառման համար: 

Հայաստանյան ռեստորանային բիզնես ոլորտի առաջատար, ամենաճանաչված հայկական ռեստորանային բրենդներ ներկայացնող («Լիվինգսթոն», «Սմոքինգ շեֆ», «Պանդոկ Երեւան գետափին»,  «Շերեփ», «Լավաշ» ռեստորաններ, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանց, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանց) խոշոր գործատու հանդիսացող «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը տարեսկզբին համալրեց աշխատակիցների համար գործող արտոնությունների շրջանակը:

Անձնակազմի համար նախատեսված արտոնությունների գործող փաթեթի շրջանակում 2020 թվականի հունվարի 1-ից «Երեմյան փրոջեքթս»-ի աշխատակիցները կարող են օգտվել առողջության ապահովագրությունից: 

«Երեմյան փրոջեքթս»-ի եւ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ աշխատակիցներին կտրամադրվի լյուքս փաթեթ՝ առողջապահական ծառայությունների լայն ծածկույթով: Յուրաքանչյուր  ապահովագրված աշխատակից տարեկան կտրվածքով կարող է ստանալ մինչեւ 7 000 000 դրամ գումարի չափով փոխհատուցում: Ապահովագրությունը գործում է նաեւ ԼՂՀ տարածքում գտնվող ցանկացած բուժհաստատությունում: 

Փաթեթի շրջանակում «Երեմյան փրոջեքթս»-ի աշխատակիցները հնարավորություն կունենան օգտվել առաջատար բուժհաստատությունների լավագույն մասնագետների ծառայություններից: Ապահովագրական ընկերության զանգերի կենտրոնն օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարվա մեջ 365 օր հասանելի կլինի «Երեմյան փրոջեքթս»-ի յուրաքանչյուր աշխատակցի համար:

«Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց, որ ընկերությունն իր գործունեության ընթացքում պարբերաբար ցուցաբերել է իր աշխատակիցների առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված տեղային, միանվագ աջակցություն: «Աշխատակիցների առողջության եւ բարեկեցիկ պայմանների ապահովումը միշտ էլ եղել է մեր՝ որպես գործատուի ուշադրության կենտրոնում: Մենք նախաձեռնեցինք այս ծրագիրը, որն իր պայմաններով եւ ծառայությունների ծավալներով լավագույնս համապատասխանում է մեր պահանջներին: Մենք, որպես գործատու, պատասխանատու ենք  մեր աշխատակիցների համար»:

«Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի խոսքով՝ ընկերությունը ողջունում է իր գործընկերոջ՝ «Երեմյան փրոջեքթս»-ի նման քայլը. 

«Մենք գնահատում ենք այս համագործակցությունը, քանի որ սա պատասխանատու բիզնեսի խոսուն օրինակ է Հայաստանում եւ աշխատակիցների հանդեպ հոգատարության, հարգանքի եւ գնահատանքի դրսեւորում»: 

«Երեմյան փրոջեքթս»-ի աշխատակիցների համար նախատեսված ապահովագրական փաթեթը նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն կտա անցնել տարեկան պրոֆիլակտիկ բժշկական հետազոտություն, ստանալ ստացիոնար բուժում, օգտվել ամբուլատոր ծառայություններից: Իսկ առողջության ապահովագրության ծրագիրը ներառում է հետեւյալ ուղղությունները՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկվում են նեյրովիրաբուժության, ատամնաբուժության, ողնաշարաբանության, սրտաբանության, անոթաբանության, օպտիկայի, ուռուցքաբանության, հղիության ընթացքի վարման եւ ծննդօգնության, ինչպես նաեւ լյուքս հիվանդասենյակի եւ բժշկի կողմից նշանակված դեղորայքի ծախսերը: 

Ժամանակակից բիզնեսի նմանօրինակ քայլերն առավելագույնս նպաստում են մեր երկրում  գործատուի հեղինակության բարձրացմանը, աշխատակիցների կյանքի որակի բարելավմանն ու պատասխանատու բիզնես մշակույթի զարգացմանը: 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին