×

Ստեփան Աբրահամյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ընդմիջման կոկտեյլը, «Արարատ» թանգարանն ու Սուրբ Վալենտինը

Մեդիամաքսի լրագրողները հաջողակ են նաեւ նրանով, որ գրասենյակը գտնվում է մայրաքաղաքի սրտում, ու ընդմիջումը հետաքրքիր դարձնելու տարբերակները բազմազան են։ Շատ պատմություններ հենց ընդմիջման ժամին էլ ստեղծվում են, որոնցից մեկի մասին պատմում է Գայանե Ենոքյանը։

Դուրս եմ գալիս գրասենյակից ու կրկին կանգնում բարդ ընտրության առջեւ. ուր գնալ ընդմիջման, որ նաեւ կարողանամ փոքր-ինչ ցրվել օրվա լրահոսից։ Տարբերակները շատ են, բայց կարծես այսօր այնքան էլ հակված չեմ քայլելու ու ուղղվում եմ դեպի ամենամոտիկ սրճարան-կոկտեյլ բարը։ 

Այս ժամին հաճախորդներն այնքան էլ շատ չեն։ Դա ինձ ուրախացնում է, քանի որ այդ պահին տեսնում եմ բարմենին ու հասկանում, որ ամենալավ զրուցակից-մասնագետն այժմ այնքան էլ զբաղված չէ։ 

Մոտենում եմ բարին ու ճանաչում բարմենների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Ստեփան Աբրահամյանին։ Հարցազրույց վարելու առիթ արդեն ունեցել եմ։ 


Ստեփան Աբրահամյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բարեւելուց հետո ձեռքս մեխանիկորեն տանում եմ դեպի պայուսակս, կարծես պիտի հիմա հանեմ նախապատրաստած հարցերով նոթատետրս, որ կարողանամ զրույց սկսել։ 

- Ընդհանրապես բարի մոտ նստած մարդիկ բարմենի հետ ինչի՞ց են խոսում,- ուղիղ հարցադրմամբ սկսում եմ՝ հուսալով, որ պատասխանը կօգնի զրույցը շարունակել ոչ լրագրողական ոճով։ 

-Ամեն ինչից,- հնչում է Ստեփանի՝ ինձ համար պակաս օգտակար պատասխանը։ - Կան, իհարկե, որոշ թեմաներ, որոնց վերաբերյալ զրույցներից բարմեններս խուսափում ենք։ Օրինակ՝  քաղաքականություն, կրոն ու երբեմն նաեւ սպորտ, քանի որ դրանք հաճախ կարող են վեճի առիթ դառնալ... իսկ առհասարակ խոսում ենք ամեն ինչից: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Իսկ պատահե՞լ է, որ նկատես՝ տվյալ հաճախորդը եկել է ավելի շատ խոսելու, այլ ոչ կոկտեյլ խմելու համար,- հետաքրքրվում էի, թե արդյոք արդեն մատնել էի ինքս ինձ։ 

- Շատ ենք ունենում նման հյուրեր: Ընդհանուր առմամբ աճում է բարի մոտ նստող հյուրերի թիվը: Վերջին մեկ տարվա ընթացքում նաեւ շատ են հետաքրքրվում, թե ինչ բաղադրիչներ են օգտագործվում կոկտեյլներում, կարդում են հետաքրքիր պատմություններ իրենց փորձած կոկտեյլների մասին, հետո գալիս բարմենի հետ կիսվելու։ 


Ստեփան Աբրահամյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Կա՞ն կոնկրետ խմիչքներ, որ ավելի շատ ես սիրում օգտագործել որպես կոկտեյլ բաղադրիչ,- միջիս լրագրողը չի ուզում նահանջել։

-Սպասիր մտածեմ... Երեւի թե 6-ամյա հնեցմամբ ARARAT կոնյակը։ Ընդհանրապես ARARAT կոնյակը կոկտեյլներում հաճախ ենք օգտագործում, այն շատ հեշտ է միախառնվում այլ բաղադրիչներին, բայց 6-ամյա ARARAT-ն առանձնանում է իր յուրատեսակ նրբությամբ։ Թեեւ շատ եմ ճանապարհորդել, այլ բրենդիներ փորձել, միեւնույն է, այն շարունակում է մնալ լավագույնն ինձ համար։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Վաղը Սուրբ Վալենտինի օրն է, կա՞ որեւէ թեմատիկ կոկտեյլ, որ խմեն թե սիրահար զույգերը, թե միայնակները ու հավասարապես լավ ժամանակ անցկացնեն։

-Կա մի հրաշալի կոկտեյլ, որ հաճախորդների 10-ից 9-ը միանշանակ գոհ է մնում կամ անպատճառ պատվիրում է 2-րդը, 3-րդը։ Կոչվում է Armenian Beauty, որ ARARAT կոնյակի հիմքով է: Հիմա կարող եմ պատրաստել, փորձես: Իմ ամենասիրելիներից է: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ստեփանը միանգամից գործի է անցնում, ու զուգահեռաբար պատմում կոկտեյլի մասին՝ գործի դնելով բարմենին բնորոշ «նապոլեոնական» ունակությունը․

 -Կոկտեյլը նմանեցնում ենք հայ կնոջ կերպարին. շատ նուրբ է, ու ամեն կումը քեզ ստիպում է նորից համտեսել, ճիշտ ինչպես հայ կնոջ գեղեցկությունն է ստիպում դեպի իրեն ձգտել։ Բաղադրիչներն էլ հետաքրքիր ու տոնական են՝ ARARAT «Անի», ազնվամորու թարմ օշարակ, վարդի ջեմ։ Հետո ձեւավորում ենք չորացված վարդով։

- Իսկ կարելի՞ է Սուրբ Վալենտինի օրը մի փունջ վարդի փոխարեն Armenian Beauty հյուրասիրել։ 

-Կարելի է,- ծիծաղում է, - ...բայց, կարծում եմ, վարդեր անպայման պետք է նվիրել, իսկ հետո գալ միասին Armenian Beauty վայելելու՝ երեկոն ամբողջացնելու համար: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Ես երեւի պատրաստեմ ինքս ինձ համար... բայց արդեն բաղադրիչները մոռացա, էլ չասեմ, թե չափաբաժինները ոնց պետք է հիշեմ։ Հարյուրավոր կոկտեյլներ կան, ինչպե՞ս է հնարավոր հիշել բոլորը։

- Իմ մտքում դրանք բանաձեւեր են։ Կան աշխարհում հայտնի մի քանի կոկտեյլներ, որոնց բանաձեւերի հիմքով հիշում եմ մյուսների բաղադրիչների չափաբաժինները։ Իհարկե, բարմենական փորձը եւս կարեւոր է։ Իսկ քեզ համար լավ նորություն ունեմ, այսօր երեկոյան «Արարատ» թանգարանում...

Չըխկ-չըխկ-չըխկ... դե իհարկե, ամենահետաքրքիր պահին շեյքերը խլացնում է զրուցակցիս ձայնը։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

-Ասում եմ՝ այսօր երեկոյան «Արարատ» թանգարանում հետաքրքիր միջոցառում կա՝ Cocktail Day, որի ժամանակ մասնակիցներին հենց Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ սովորեցնելու ենք պատրաստել Armenian Beauty եւ Sparkle of Summer կոկտեյլները։ Սկզբում պատմելու եմ կոկտեյլի մասին, խոսելու բաղադրիչներից ու չափաբաժիններից, ապա՝ ցույց տալու պատրաստման ձեւը։ Հետո մասնակիցները բաժանվելու են խմբերի եւ Բարմենների հայկական ասոցիացիայի անդամ մյուս բարմեններն օգնելու են յուրաքանչյուրին անհատապես պատրաստել իրենց կոկտեյլը։ Դրանից հետո հազիվ թե մոռանան պատրաստման ձեւը։ Իսկ եթե անգամ մոռանան, ARARAT կոնյակի կայքում հասանելի են բոլոր բաղադրատոմսերը։ 

Մինչ ես փորձում էի մտապահել տեղեկատվությունը, իմ կոկտեյլն արդեն պատրաստ էր։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նման ընդմիջումից հետո աշխատանքի վերադառնալն այնքան էլ հեշտ չէ, հատկապես երբ մտովի պատկերացնում եմ Cocktail Day-ի մասնակիցների երեկոն։ 

-Միջոցառման մանրամասները ճշտել է պետք,- ասում եմ ինքս ինձ ու լրագրողիս հեռախոսահամարների անվերջ ցուցակից գտնում Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանին։ 

-Այո, մենք շարունակում ենք կոկտեյլային երեկոների ավանդույթը։ Նախագիծն իսկապես մեծ հետաքրքրություն է վայելում մեր առցանց լսարանի շրջանակում, քանի որ հենց առցանց էլ կազմակերպվում է միջոցառման գրանցումն ու մասնակցությունը։ 


Զարուհի Սարիբեկյանը Լուսանկարը՝ անձնական արխիվից

Այսօր տեղի ունենալիք Cocktail Day-ը թեմատիկ է՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան։ Փորձելու ենք այնպես անել, որ մեր մասնակիցները սովորեն պատրաստել բացառիկ եւ գեղեցիկ կոկտեյլներ, որոնցով, գուցե, փետրվարի 14-ին զարմացնեն իրենց սիրելիներին ու մտերիմներին։ 

Մասնակիցներն ընտրվել են նախապես՝ պատասխանելով «Արարատ» բրենդին վերաբերող հարցերի։ Չնայած որ հարցերը բավականին բարդ էին եւ ենթադրում էին լավ տեղեկացվածություն, ճիշտ պատասխանած մասնակիցների թիվն այնքան շատ էր, որ վերջնական ընտրությունը կատարվել է ավտոմատ համակարգի միջոցով,- մանրամասնում է Զարուհին։

Դե ինչ, տեղեկատվությունը լրացված է, իսկ ինձ մնում է հաճելի երեկո մաղթել ընտրված մասնակիցներին ու հետեւել «Արարատ» թանգարանի ֆեյսբուքյան էջին՝ հաջորդ անգամ կոկտեյլային երեկոյի մասնակիցը դառնալու համար։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին