×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Տաթեւիկ Ռեւազյանը՝ ROOMZ-ի հյուր մատուցող

Հունվարի 16-ի երեկոյան ROOMZ սրճարանն այնքան մարդաշատ է, որ ազատ տեղաշարժվել գրեթե չի լինում․ աշխատակիցները նոր այցելուներին միանգամից տեղեկացնում են՝ բոլոր սեղանները զբաղված են, կարող եք բարի տարածքում կանգնել։ Պատճառը հյուր մատուցողն է՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։

Նախապես հայտարարված միջոցառմանը սպասվածից շատ մարդ է եկել՝ թեյավճարներն ուղղվելու են 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը. երեխային արտերկրում ճառագայթային բուժում է հարկավոր։ Այս բարեգործական միջոցառումը նախաձեռնել են ROOMZ-ը, Տաթեւիկ Ռեւազյանը եւ «Մենք ենք» հիմնադրամը։


Տաթեւիկ Ռեւազյանը եւ «Մենք ենք» հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Թեյավճարներ ստանալու համար Տաթեւիկ Ռեւազյանը պետք է սպասարկի հաճախորդներին։ ROOMZ-ի հիմնական մատուցողի ուղեկցությամբ Տաթեւիկը հերթով մոտենում է սեղաններին ու գրանցում պատվերները. սեղանի շուրջ նստած բոլոր այցելուներին ձեռքով բարեւում է։

Հաճախորդներից շատերը ոգեւորությամբ սկսում են շփվել Տաթեւիկի հետ, բարձրաձայնում, որ շատ են սիրում նրան, շնորհակալություն են հայտնում նրա աշխատանքի համար ու երբեմն էլ ոլորտային հարցեր տալիս, օրինակ, թե ինչպես հաջողվեց Ryanair եւ Wizz Air բյուջետային ավիաընկերությունների հետ համագործակցությունը։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հավաքվածներից գրեթե բոլորը պատվերից առաջ կամ հետո խնդրում են նկարվել Տաթեւիկի հետ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն առաջին պաշտոնյան է, որ մասնակցում է ROOMZ-ի «հյուր մատուցող» միջոցառմանը։

ROOMZ-ում գործում են հինգ տարբեր սրճարաններ, դրանցից մեկը «Eat&Fit»-ն է, որտեղից էլ եկել է այս միջոցառման ձեւաչափը։ Մեկ տարուց ավելի «Eat&Fit»-ում նման միջոցառումներ շատ հաճախ են կազմակերպվել։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մատուցողի գործ Տաթեւիկ Ռեւազյանն առաջին անգամ է կատարում։ Մեզ հետ զրույցում ընդգծում է՝ շատ հաճելի աշխատանք է, որովհետեւ այն հնարավորություն է տալիս իրեն մարդկանց հետ հետաքրքիր ձեւով շփվել։ Տաթեւիկը հիմնականում պատվերներն է գրանցում եւ ընդունում, ուտեստները մատուցում են մյուս աշխատակիցները։ Նրան հաճախ կարելի է նկատել նաեւ տարբեր սեղանների շուրջ նստած կարճ զրույցներ վարելիս։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Ինձ համար շատ հետաքրքիր է նմանատիպ միջոցառման մասնակցելը. կարծում եմ՝ այսպես Հայաստանում բազմաթիվ կարծրատիպեր են կոտրվում։ Ըստ շատերի, պաշտոնյայի համար մատուցող լինելն ամոթ է, չի կարելի նման գործ անել։ Ես ընդհանրապես չեմ կիսում այդ կարծիքը․ ինչպես ղեկավարն է նույն կերպ ծառայում իր թիմին ու աշխատողներին, այդպես էլ մատուցողն է ծառայում հաճախորդներին, այսինքն՝ իրականում աշխատանքները շատ չեն տարբերվում»,- ասում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը։

ROOMZ-ի համահիմնադիրներն են առաջարկել Տաթեւիկին լինել նրանց հյուրը, վերջինս էլ անմիջապես ընդունել է առաջարկը։ Այս միջոցառման ձեւաչափը հետեւյալն է՝ հյուր մատուցողն է ընտրում, թե ուր են ուղղվելու թեյավճարները. «Մենք ենք» բարեգործական հիմնադրամին Տաթեւիկն է առաջարկել համագործակցել։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Թե ինչքա՞ն թեյավճար կհավաքվի, ոչ մեկ հստակ ակնկալիք չունի։ ROOMZ-ի համահիմնադիրը պատմում է՝ հյուր են ունեցել, որ 25 000 դրամ թեյավճար է հավաքել, ամենաշատը 680 000 դրամն է եղել (180-ը սրահից է հավաքվել, 500 000-ը նվիրատվություն է արել անանուն մեկը)։

«Նման միջոցառումները մեզ մոտ մշտապես ակտիվ են անցնում, բայց առաջին անգամ է, որ հաճախորդները հյուրի հետ այսքան նկարվում են ու այսքան շատ լրագրողներ են եկել։


Արթուր Գեւորգյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Այս ձեւաչափին մասնակցում են հիմնականում քիչ ճանաչելիություն ունեցող մարդիկ, օրինակ, մյուս հինգշաբթի հյուրընկալելու ենք պրոֆեսիոնալ թենիսով զբաղվող մի աղջկա։ Սա ավելի շատ խաղ է, հաճախ այցելում են այդ հյուրի ընկերները, պատվերների դեպքում կատակներ են անում, երկար շփվում են իրար հետ։

Տաթեւիկի մասնակցությամբ միջոցառումը շատ է տարբերվում նախորդներից, մեր հյուրերի շարքում նա, կարծես, ամենաճանաչվածն է»,- ասում է ROOMZ-ի համահիմնադիր Արթուր Գեւորգյանը։

P.S. Հունվարի 17-ին ROOMZ-ը հայտնեց, որ միջոցառումից հավաքվել է 335 000 դրամ թեյավճար, որը կուղղվի Տիգրան Ամիրխանյանի բուժմանը: 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին