Էջմիածնում գործող «Մաչանենց տանը» բացվել է «Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանը, որտեղ աշխատում են միայն 63 տարեկանից բարձր անձինք:
Տիկին Շուշանիկը 65 տարեկան է, այսօրվանից ռեստորանում սպասարկելու է հաճախորդներին: Զարմացած ու շատ երջանիկ է, որ իրեն աշխատանքի են ընդունել, ասում է՝ հիմա միայն երիտասարդ աղջիկների են որպես մատուցող ընդունում. մեծահասակներին հասնում է խոհարարի օգնականի կամ սպասք լվացողի գործը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Հին օրերի երգը» ռեստորանում ներկա պահին աշխատում են վեց հոգի, շուտով տասին էլ կընդունեն: Ձեռնարկության նախագահ Արփինե Մաչանենց Բաբախանյանն ասում է, որ ուզում են՝ իրենց օրինակը վարակիչ լինի մյուսների համար:
«Մենք ուզում ենք այս նախաձեռնությամբ մյուս ռեստորաններին կոչ անել՝ թոշակառու անձանց ընդունել աշխատանքի: Հազարավոր ռեստորաններ կան, եթե յուրաքանչյուրը մեկ հոգու ընդունի, 1000 թոշակառուի հարց կլուծվի: Եթե մեզ մոտ ստացվում է մեկ ռեստորանում ընդունել այսքան մարդ, մյուսների մոտ հաստատ գոնե մեկը կստացվի»,- ասում է Արփինեն:
Արփինե Մաչանենց Բաբախանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանում մատուցվելու են հին հայկական, գյուղական, ավանդական ուտեստներ, որ մարդիկ ուտեն ու իրենց մանկությունը հիշեն:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանի ամբողջ եկամուտը ուղղվելու է տարեցների ժամանցն ապահովելուն. երեկոյան կհրավիրեն են ոչ միայն ռեստորանի աշխատակիցներին, այլեւ տարեց այլ անձանց ու կկազմակերպեն ֆիլմերի, ներկայացումների դիտում, կանցկացնեն զրույց-երեկոներ:
«Մաչանենց տուրիզմ եւ արտ» սոցիալական ձեռնարկության հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը բացման խոսքում շեշտում է՝ ժամանակին իրեն շատ տպավորել է Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը, այդ պատճառով էլ մշտապես փորձել է մեծահասակներին աշխատանքի հնարավորություն տալ:
Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը (ձախից) | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Պատվածքը կարդալուց հետո հասկացա, որ ամենավատ բանն է ավելորդության զգացումը: Իսկ դրա համար ճառեր պետք չեն, գործ է պետք անել»,- ասում է Գրիգորը:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: