Վերջերս Երեւանի ռեստորանային շուկայում հետաքրքիր գործարք է տեղի ունեցել՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանների ցանկը համալրվել է Երեւանի լավագույն սթեյք հաուսներից մեկով՝ Smoking Chef Grill & Wine ռեստորանով:
Գործարքի մանրամասների մասին GastroVino-ն զրուցել է «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:
- Ինչպե՞ս կայացրեցիք այս գործարքն իրականացնելու որոշումը:
- Smoking Chef-ի հիմնադիրները մեզ դիմեցին համագործակցության առաջարկով: Եվ քանի որ սթեյք-հաուսի կոնցեպցիան արդեն տեւական ժամանակ մեզ շատ էր հետաքրքրում, ունեինք մենք տեսլականն ու գաղափարները, իսկ Smoking Chef-ը մեր քաղաքի լավագույն ստեյք-հաուսներից է, ընդունեցինք առաջարկն ու որոշեցինք ներդրումներ իրականացնել այս նախագծում:
- Smoking Chef-ը փոփոխությունների ենթարկվելո՞ւ է:
- Smoking Chef-ը կայացած բրենդ է՝ հետաքրքիր կոնցեպտով եւ ուրույն միջավայրով:
Այս պահին որեւէ լուրջ բովանդակային փոփոխություններ անելու կարիքը չկա: «Երեմյան Փրոջեքթս»-ը կպահպանի Smoking Chef ռեստորանի կոնցեպտուալ ուղղվածությունն ու ձեւաչափը: Ռեստորանում կիրականացվեն միայն կառավարման ու սպասարկման բարելավմանն ուղղված փոփոխություններ: Կպահպանենք նաեւ Smoking Chef-ի եվրոպական խոհանոցը, ճաշացանկի գերակշռող ծխեցված մսից ուտեստները:
Ամենալուրջ փոփոխությունը, որն այս ընթացքում նախատեսում ենք, այն է՝ մինչ գործարքն այս ռեստորանն օգտագործում էր արտերկրից ներկրված միս. ստեյքերի պատրաստման համար անհրաժեշտ բարձրորակ մսամթերքը բերվում էր Ռուսաստանից: Այս տարի մեր ընկերությունը անասնապահության ոլորտում երկու խոշորագույն նախագիծ է իրականացնում. վերջերս Դիլիջանում խոզաբուծական ֆերմա ենք բացել, Հայաստան ենք բերել կանադական հայտնի Genesus Genetics ընկերության մաքրացեղ խոզատեսակներ՝ լանդրաս, յորկշիր, դյուրոկ: Ջերմուկում արդեն ունենք անասնաֆերմա, որտեղ պահում ենք մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիներ՝ ֆլեգվի տեսակի կովեր: Այսպիսով սթեյքերի պատրաստման համար այսուհետ կօգտագործենք առավելապես տեղական մսամթերք՝ որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխան:
- «Երեմյան Փրոջեքթս»-ի բոլոր նախագծերը՝ «Պանդոկ Երեւան» ցանցի ռեստորանները, «Լավաշը», «Շերեփը» հիմնականում ազգային խոհանոց են առաջարկում: Փաստորեն, որոշե՞լ եք դուրս գալ այդ շրջանակից:
- Ազգային խոհանոցը՝ ավանդական եւ նորովի մատուցմամբ, եղել եւ մնում է մեր հիմնական այցեքարտը: Իհարկե, զարգանալու եւ կատարելագործվելու տեղ միշտ էլ կա, սակայն մեր ընկերության անցած ճանապարհն ու երկար տարիների փորձն այս ոլորտում հարուստ է, եւ այս տիրույթում հասել ենք զարգացման այն աստիճանի, երբ պետք է մեր ջանքերը ներդնենք նաեւ նոր ուղղություններով:
Այսօր չեմ ցանկանա բացել փակագծերը, բայց նշեմ, որ այս տարվա ընթացքում «Երեմյան Փրոջեքթս»-ը կգործարկի նոր ռեստորաններ: Սա չի նշանակում, որ մենք հետ ենք կանգնելու ազգային խոհանոցը նորովի ներկայացնելու մեր առաքելությունից: Ավելին, նոր ուղղություններ որդեգրելով, մենք կատարում ենք մեր հաճախորդների ցանկությունը: Միշտ տարբեր առիթներով մեզ ասում են, որ կցանկանային խոհանոցի եւ սպասարկման «Երեմյան Փրոջեքթս»-ի ձեռագիրն ու որակը տեսնել նաեւ այլ ուղղվածություն ունեցող ռեստորաններում:
Դավիթ Երեմյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: