×

Դավիթ Երեմյանը եւ Զորո Իսպիրյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

«Համերի ճանապարհ». Հայաստանի արեւը, գույները, համն ու հոտը

2019 թվականի փետրվարի 12-ին Երեւանում կայացավ «Համերի ճանապարհ» նոր փաստագրական ֆիլմի ցուցադրությունը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Հայաստանը որպես զբոսաշրջության եւ գաստրոտուրիզմի յուրօրինակ վայր ներկայացնող ժապավենների շարքը համալրվեց եւս մեկ ֆիլմով, որում պատկերված է Հայաստանի տարբեր բնակավայրերի ազգային խոհանոցի համն ու հոտը: 

Մեդիամաքսը զրուցել է ազգությամբ հայ ռուսաստանաբնակ ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության Կինեմատոգրաֆիստների միության եւ գիլդիայի անդամ, «Համերի ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր Արտակ Իգիթյանի հետ։ 

- Իմ նոր փաստագրական նախագիծն է: Միշտ եմ ցանկացել այս ժանրում նման նախագիծ իրականացնել թե´որպես ռեժիսոր, թե´պարզապես իր հայրենիքը սիրող մարդ:

Իմ մեծ ցանկություններից մեկն էր Հայաստանի մասին այնպիսի ֆիլմ նկարել, որի միջոցով հնարավորություն կլիներ ցույց տալ մեր երկրի ողջ ներկապնակը՝ իր արեւաշող գույներով, անկրկնելի արեւի լույսով եւ անմոռանալի համով-հոտով. այսինքն՝ ներկայացնել իրական Հայաստանը: 


Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Ամեն անգամ, երբ Հայաստանից հետ եմ վերադառնում, նորից  ու նորից հասկանում եմ, որ, ինչպես միշտ, ինձ մեկ օր չհերիքեց՝ ինչ-ինչ ավել բան  տեսնելու եւ զգալու համար: Եվ գիտակցեցի, որ այն, ինչն ամենից շատ եմ կարոտում, համերն ու բույրերն են: Երբ ինչ-որ մեկին պատմում ես այն վայրերի գեղեցկության մասին, որտեղ  եղել ես, այդ պատմությունների միջոցով գրեթե անհնար է փոխանցել հենց համն ու հոտը: Իսկ արդյո՞ք հնարավոր է պատկերացնել Հայաստանն առանց դրանց: 

- Ինչպե՞ս է ծնվեց «Համերի ճանապարհ» ֆիլմի գաղափարը:

- Համացանցում, սոցիալական ցանցերում դիտել էի մի քանի թողարկում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության եւ հայտնի հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, իմ լավ ընկեր Հերմինե Ստեփանյանի հետ իրականացվող բլոգից (Tasty Stories by Yeremyan Projects with Hermine Stepanyan), որտեղ ներկայացվում էին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանների կոնցեպցիաները, աշխատանքն ու նորությունները: 

Շատ տպավորված էի ընկերության աշխատանքի ոճով: Երեւան կատարած վերջին այցելություններից մեկի ընթացքում առիթ ունեցա ծանոթանալու «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:  «Շերեփ» ռեստորանում մեր զրույցի ժամանակ ես ներկայացրեցի Հայաստանի մասին փաստագրական ֆիլմ նկարելու իմ մտահղացումը: Գաղափարն այն էր, որ էկրանից այն կողմ գտնվողին փոխանցենք եւ հնարավորություն տանք զգալու Հայաստանի համն ու հոտը: 

Նպատակն էր միաժամանակ ցույց տալ ուտեստների պատրաստման գործընթացը գյուղերում, պատմել, թե ինչպես են դարերից եկած ավանդական ճաշատեսակները պահպանել իրենց բազմադարյա բաղադրատոմսերը, եւ ինչպես են դրանք ներկայացվում մեր ռեստորաններում շեֆ-խոհարարների կողմից  ժամանակակից մատուցմամբ: Չէ՞ որ ոչ բոլորն են հնարավորություն ունենում լինել, օրինակ, Գավառում եւ փորձել հայտնի Գավառի փախլավան կամ հարիսա ճաշակել Մուսալեռում: 

Որպես ֆիլմի առանցքային հերոսներ ես միանգամից տեսա Դավիթ Երեմյանին եւ բրենդ-շեֆ Զորո Իսպիրյանին: 


Դավիթ Երեմյանը եւ Զորո Իսպիրյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Գիտակցում էի, որ նրանք, բնականաբար, դերասանական խաղի փորձ չունեն, համեստ, զուսպ անձնավորություններ են եւ իրենց ամբողջ էներգիան, ժամանակն աշխատանքի մեջ են ներդնում: Իրենց գործի նվիրյալներ են: Բայց ինձ ի վերջո հաջողվեց նրանց համոզել մասնակցել ֆիլմում եւ դառնալ իմ պատմության ուղեկցողներ, որը նաեւ իրենց պատմությունն էր: Տեղյակ էի, իսկ Դավիթ Երեմյանի հետ զրույցների ընթացքում մանրամասներ իմացա այն մասին, որ Հայաստանի տարբեր տարածաշրջաններ այցերի, ուսումնասիրությունների արդյունքում են ձեւավորվել իրենց ռեստորանների ճաշացանկերը, եւ դա նրանց առաքելությունն է՝  պահպանել ու նորովի մատուցել հայկական ավանդական խոհանոցի ուտեստները: Այն, ինչ նկարելու էինք, իրենց տարիների աշխատանքն էր: 

- Ո՞ր ժանրին է պատկանում ֆիլմը:

- Ֆիլմի ժանրն ու ձեւաչափը փաստագրական-ճանաչողական են: Հերմինե Ստեփանյանի հետ (նա է նախագծի սցենարի հեղինակը) միասին ապագա ֆիլմի կոնցեպցիան մշակելուն պես որոշեցինք այն անվանել «Համերի ճանապարհ»: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ամբողջ Հայաստանի տարածքում: Դա ճանապարհ է, որի միջոցով փոխանցվում են հնագույն ավանդույթները, բաղադրատոմսերը, ճանապարհ է, որտեղ ամեն անգամ կարելի է տեսնել նորը եւ փորձել այն, ինչը դարերով է պահպանվել: Այդ ճանապարհի բոլոր տեղերն էլ, որտեղ որ գնաս, քեզ կընդունեն հարազատի, ընտանիքի անդամի պես`լինի դա լեռնային գյուղում փոքրիկ տնակ, թե մայրաքաղաքի շքեղ ռեստորան: 


Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

- Ովքե՞ր են ֆիլմի գլխավոր հերոսները: 

- Այն մարդիկ են, որոնց հաճախ ենք  հանդիպում մեր ճանապարհին: Դրանք այն ընտանիքներն ու տներն են, որոնք միշտ լի են ջերմությամբ: Դրանք այն վայրերն են, որտեղից քեզ բաց չեն թողնի առանց հյուրասիրության: Դավիթ Երեմյանն ու Զորո Իսպիրյանն են, ովքեր խնամքով պահպանում են հին հայկական բաղադրատոմսերը: Ֆիլմի օպերատոր Ռուբեն Շահբազյանցն է, մեր փոքրիկ նկարահանող խումբն է: 

- Որտե՞ղ եք նկարել ֆիլմը եւ որքա՞ն են տեւել աշխատանքները:  

- Նկարահանել ենք Մալթայում, Մադեյրա կղզում, ինչպես նաեւ «Մոսֆիլմի» տաղավարներում, որտեղ Հայաստանի  փոքրիկ կրկնօրինակ էինք կառուցել (ծիծաղում է): 


Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Իսկ եթե լուրջ, ապա ոչ պակաս գեղեցիկ, հիասքանչ տեղերում ենք նկարահանումներն իրականացրել: Գրեթե ողջ Հայաստանը ոտատակ ենք արել: Որոշեցինք եւ անցանք գործի: Ընդամենը 5 օրում է ֆիլմը ստեղծվել՝ եղել ենք Գառնի գյուղում, Գավառ քաղաքում, Գորիսում, Դիլիջանում, Մուսալեռում, Վայոց Ձորի մարզի Սերս գյուղում, Արագածոտնի մարզի Ավան գյուղում: Եվ, իհարկե, անմոռանալի տպավորություններ ունենք Արցախի նկարահանումներից:

- Ու՞մ է հասցեագրված ֆիլմը:

- Սա շատ կարեւոր հարց է: Ֆիլմը հասցեագրված է նրանց, ովքեր Հայաստան դեռ չեն այցելել եւ, ինչու չէ, հենց հայաստանաբնակների համար, ովքեր եւս անընդհատ նորովի են բացահայտում մեր երկիրը իրենց համար: Ֆիլմը, կարելի է ասել, փոքրիկ ուղեցույց է, յուրատիպ քարտեզ, որն ուղղորդում է դեպի ամենահայտնի, խորհրդանշական վայրեր եւ համեր, որոնք, վստահ եմ՝ միշտ կմնան եւ կպահպանվեն ձեր տպավորություններում, զգայարաններում եւ սրտում: 

Լուսանկարները՝ «Երեմյան Փրոջեքթս»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին