×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մարդ, որակ եւ նորարարություն․ «Երեմյան» խմբի 20 տարվա սկզբունքները

15 միլիոն հյուր, 19 ռեստորան, 150-ից ավելի հեղինակային ուտեստ․ Երեմյան ընկերությունների խմբի՝ 20 տարում գրանցած հաջողությունների մի մասն է։ Ընկերության պատմությունը, սակայն, միայն ռեստորանների մասին չէ։ Այն զարգանում է երեք ուղղությամբ՝ հյուրընկալություն, գյուղատնտեսություն եւ մասնագիտական կրթություն՝ նպատակ ունենալով ներկայացնել հայկական խոհանոցը եւ զարգացնել գաստրոտուրիզմը Հայաստանում։

Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում ներկայացվել է ստեղծման պատմությունը, նպատակներն ու գործունեության ուղղությունները։

Գործունեության երեք առանցք

Լուսինե Երեմյան, Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն

Երեմյան ընկերությունների խումբն աշխատում է երեք ուղղությամբ՝ հյուրընկալության ոլորտ, մասնավորապես ռեստորանային բիզնես, գյուղատնտեսություն եւ մասնագիտական կրթություն։ Առաջնային նպատակը առաջին իսկ օրվանից եղել է վերհանել ազգային խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել տուրիզմի զարգացմանը, դիրքավորել Հայաստանը եւ հայկական խոհանոցը աշխարհի գաստրոտուրիզմի քարտեզում եւ դրանով նպաստել տնտեսության զարգացմանը։

Լուսինե Երեմյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այսօր 20-ամյա պատմությամբ կարող ենք նշել, որ այդ նպատակներում կան գրանցված արդյունքներ, ինչի մասին վկայում է երկրում զարգացած հյուրընկալության ոլորտը։ Ռեստորանային ծրագրերի շրջանակում ընկերությունը ներկայանում է հայկական ազգային, եվրոպական, իտալական, ճապոնական, բարձր հեղինակային խոհանոցով, սթեյք հաուսով, արագ սննդի ցանցով, ինչպես նաեւ առաքման, քեյթրինգային եւ ճաշարանային նախագծերով։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության ոլորտում ընկերությունը գործունեություն է ծավալում 2019 թվականից՝ «սերմից սեղան» հայեցակարգով՝ սեփական դաշտերում կերի աճեցումից մինչեւ խելացի ֆերմայում կենդանիների խնամք, փակ շղթայով կիթ, կաթի տեղափոխում էկոլոգիապես մաքուր տարաներում, շշալցում եւ վաճառք։ Ամբողջ շղթան իրականացվում եւ վերահսկվում է ընկերության կողմից՝ ապահովելով բարձր ստանդարտներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նպատակը պարզապես կաթնամթերքի տեսականի արտադրելը չի եղել, այլ ստեղծել առողջ եւ անվտանգ սնունդ, ձեւավորել առողջ սննդային սովորույթներ եւ կաթ խմելու մշակույթ, զարգացնել գյուղատնտեսությունն ու կաթնամթերքի արտադրությունը, աջակցել համայնքային զարգացմանը եւ նպաստել պարենի անվտանգությանը։

Մասնագիտական կրթություն

2019 թվականից գործունեություն է ծավալվում նաեւ մասնագիտական կրթության ոլորտում՝ հիմնելով «Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիան»։ Մշակվել են կրթական ուղղություններ՝ խոհարարություն, հրուշակագործություն, հյուրանոցային գործ, մենեջմենտ եւ սպասարկում, ստեղծվել են բազմաթիվ դասընթացներ եւ համագործակցություններ։

Կրթությունը համադրվում է ընկերության 20-ամյա փորձի եւ միջազգային ստանդարտների հետ։ Ակադեմիայի նպատակն է բարձրացնել մասնագիտական կրթության դերն ու նշանակությունը եւ աջակցել խոհարարական դիվանագիտության կամուրջների ստեղծմանը Հայաստանի եւ այլ երկրների միջեւ։ Ակադեմիան ունի 2500-ից ավելի շրջանավարտ եւ ապահովել է շուրջ 90%-ի զբաղվածություն։

Մարդ, որակ եւ նորարարություն

Ընկերությունն ունի 2600-ից ավելի աշխատակից եւ հյուրընկալության ոլորտի ամենախոշոր գործատուն ու հարկատուն է։ Ունի 27 բիզնես ուղղություն, 19 ռեստորան՝ 13 հայեցակարգով եւ երկու գյուղատնտեսական համալիր՝ Վայոց ձորում եւ Լոռու մարզում։

Լուսինե Երեմյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նորարարությունը ներդրվել է բոլոր ուղղություններում, գյուղատնտեսությունում՝ «սերմից սեղան» հայեցակարգ, խելացի կառավարման համակարգեր եւ ավտոմատացում, հյուրընկալությունում՝ բաց խոհանոց, թվային անցում, սպասարկման նոր ձեւեր եւ գաստրոտուրիզմի նոր նախաձեռնություններ։

Թվեր եւ փաստեր

Մինչ օրս ունեցել ենք 15 միլիոն հյուր, 7 միլիոն զբոսաշրջիկ, հեղինակել ավելի քան 150 ուտեստ, թեպետ այժմ մեր ռեստորաններում ներկայացված է 1000-ից ավելի ուտեստ, արտադրել ենք 28 միլիոն լիտր կաթ, մշակել 1200 հեկտար հող, ստացել 50 000 տոննա կեր, Տաշիրում արտադրել 500 տոննա միս եւ կառուցել մոտ 90 000 քմ գյուղատնտեսական շինություններ։ Գրանցվել են Գինեսի երկու ռեկորդ՝ աշխարհի ամենամեծ գաթան եւ մեկ ժամում ամենաշատ թվով բաժակներով կաթի օգտագործում, ինչպես նաեւ ստացվել են FSSC 22000, մանկական կաթի եւ A կարգի սերտիֆիկացումներ։

Սկիզբը եւ սկզբունքները

Դավիթ Երեմյան, հիմնադիր, գլխավոր տնօրեն

Երբ սկսեցի գործունեությունս հանրային սննդի ոլորտում, ռեստորանային ոլորտն ինձ համար պարզապես բիզնես անելու նպատակ չուներ, քանի որ նկատել էի, որ ոլորտում բաց կար։ Դա նաև անհանգստացնում էր, որովհետև 20 տարի առաջ հայկական խոհանոցն ասոցացվում էր միայն խորովածի ու քաբաբի հետ, իսկ ռեստորանները հիմնականում տղամարդկանց այցելելու վայրեր էին և բավականին թանկ։

Դավիթ Երեմյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


2006 թվականին սկսեցի ավելի խորացված աշխատել եւ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր դետալին։ Այս տարիների ընթացքում ունեցել ենք սկզբունքներ եւ երբեք դրանցից չենք շեղվել։ Անդադար աշխատել ենք, նոր մոտեցումներ բերել շուկա եւ միաժամանակ հասկացել, որ դեռ սովորելու տեղ ունենք։

Մարտահրավերներ եւ կաթնամթերքի շուկա

2017 թվականին քննարկում էինք առաջիկա 5 տարվա ծրագրերը եւ արձանագրեցինք երկու խնդիր՝ մասնագետների եւ որակյալ մթերքի պակաս։ Դրա համար հիմնեցինք Երեմյան Ակադեմիան, երկու ֆերմա եւ կաթի գործարան, որը պետք է մատակարարեր միայն մեր ռեստորաններին։ 2019-ին ծրագիրը կյանքի կոչեցինք։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


2020-ին, կորոնավիրուսի պատճառով ռեստորանները փակվեցին, եւ առաջացավ կաթի իրացման խնդիր։ 10-15 օրում որոշեցինք փաթեթավորումը եւ մուտք գործեցինք շուկա։ Այդ ժամանակ կաթը գրեթե կրկնակի թանկ էր մյուս արտադրողների համեմատ իր որակով պայմանավորված, սակայն հիմա գնային բալանսը փոխվել է։

Նախագծեր, որոնց չէին հավատում

Մեր ռեստորաններից «Լիվինգստոնը», երբ բացվում էր, շատերն ասում էին՝ Հայաստանում այդպիսի նախագիծ չի ստացվի, քանի որ դեռ 1986-ից այդ տարածքում նախատեսված էր ռեստորան հիմնել, բայց ոչ ոք չէր ցանկացել իրականացնել այն։ «Լիվինգստոնը» թռիչքի մասին է, բայց նաեւ՝ մեր մասին, որովհետեւ միշտ հակառակ ենք գնացել այն խոսույթներին, թե որեւէ նախագիծ չի հաջողի։ Մեր բոլոր նախագծերը ժամանակի ընթացքում ցույց են տալիս իրենց անհրաժեշտությունը։ Նույն «Ռենոմե» ռեստորանը, որը հյուրընկալության ոլորտում մեր բարձրակետն է։ Չենք կարող հայտարարել, որ Երեւանը կայացած ռեստորանային քաղաք է եւ չունենալ հեղինակային խոհանոց։ «Ռենոմեում» հենց այդպիսի խոհանոց է՝ հայկական միտումներով։

Արժեքներ եւ մոտեցում 

Մեր բոլոր նախաձեռնություններին էլ չհավատացող մարդիկ են եղել, քանի որ մեր սկսած պրոցեսները ստանդարտից դուրս են եղել։ 2006-ին, երբ ասում էի, որ ռեստորանային ոլորտը կարող է տնտեսության համար կարեւոր դեր խաղալ եւ դառնալ խոշոր հարկատու, թերահավատությամբ էին մոտենում։ Ի սկզբանե մեզ համար կարեւոր է եղել երկրում արժեքներ ստեղծելը․ 2-3 ռեստորանով կարելի է պարզապես գումար վաստակել, բայց մեզ համար առաջնայինը ոլորտում երկարաժամկետ արժեքներ ստեղծելն էր։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր թիմում ասում են՝ «եթե մեր ռեստորան են գալիս ու գոհ հեռանում, ապա նաեւ Հայաստանից են գոհ հեռանում»։ Մեր ռեստորանները տարեկան ունենում են 1,3 միլիոն հյուր, եւ այս կարգախոսը թիմի յուրաքանչյուր անդամի ապրելակերպի մաս է։ Երեւանն այսօր կարող է կանգնել աշխարհի լավագույն ռեստորանային քաղաքների կողքին։ Ռեստորանային հարուստ կոնցեպտներով չենք զիջում, իսկ որոշ տեղերում մեր աշխատասիրությունն ու ստեղծարար մոտեցումները թույլ են տալիս նույնիսկ մի փոքր առաջ լինել։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին