×

«Դիակոնիա»-ի ուսումնարանն ու անմահական բույրով ավանդական հացը

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ուսումնարանում, ընկեր Արմենի եւ ընկեր Արթուրի հոգատար ու սրտացավ ղեկավարությամբ, մի խումբ ուսանողներ յուրացնում են հայկական ու ոչ հայկական հացերի թխման ողջ «ծիսակարգը»։


«Դարեր ի վեր հայերը մեծ նշանակություն են տվել հաց թխելու գործընթացին եւ, առհասարակ, հացը համարել սրբության խորհրդանիշ»,- աշակերտներին բացատրում են վարպետները՝ զուգահեռ վառարանից հանելով տաք հացը։


Մեր այցը ուսումնարան կայացավ նոյեմբերի 16-ին՝ այս օրը 2006 թվականից ի վեր նշվում է որպես հացթուխների եւ հացթուխ հրուշակագործների միջազգային օր։ Ուսումնարանի դասերը կազմակերպվում են հրուշակագործության դասընթացի շրջանակներում։ «Դիակոնիա» հիմնադրամի շահառու կանայք եւ տղամարդիկ այստեղ ձեռք են բերում պահանջված մասնագիտություն, որը հետագայում իրենց կարող է ապահովել հետաքրքիր աշխատանքով:


Ընկեր Արթուրը եւ ընկեր Արմենն ասում են, որ դեռ նախորդ օրը՝ երեկոյան, եկել են փուռ եւ պատրաստել խմորը, որովհետեւ ավանդական հացերից մի քանիսի խմորը հասունանալու համար պահանջում է 8 եւ ավելի ժամ: Աշխատելուն զուգահեռ՝ նրանք ներկայացնում են հայկական ավանդական մի քանի հաց։

Գյուղական ավանդական հաց

Ամբողջական ցորենի ալյուրով պատրաստված գյուղական ավանդական հացը հայերը պատրաստում էին դեռ 300 հազար տարի առաջ՝ օգտագործելով պանրի շիճուկ։ Այն հացին տալիս է առանձնահատուկ համ եւ բույր։


«Դիակոնիա» -ում եւս այն պատրաստվում է թթխմորով եւ հասունանում 8 ժամ։ Ճիշտ է՝ հացը պատրաստվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, բայց պահպանում է ամբողջական հացահատիկի բոլոր առողջարար հատկություններն ու անզուգական համը։

«Արգիշտի» հացը

«Արգիշտի» հացի բաղադրատոմսը ընկեր Արթուրն իմացել է Սյունիքի մարզի Ծավ գյուղի բնակիչ 80-անց մի կնոջից: Ինչպես նա է ասել` «Արգիշտի» հացը թխվել է հիմնականում տոնական օրերին:


Այն պարունակում է մեղր, դոշաբ եւ փոխինձ, որոնց համադրությունը հացին հաղորդում է հետաքրքիր մուգ երանգ եւ յուրօրինակ նրբահամություն:

«Չորակ» հացը

«Չորակ» հացի բաղադրատոմսը խիստ արժեքավոր է թիմի համար, քանի որ բավական դժվարությամբ է գտնվել։ Ինչպես ընկեր Արմենն է ասում, հացը պատրաստվել է հայերի կողմից՝ Ռուսաստանի մահմեդական գյուղերից մեկում: Հայկական մշակույթը եւ հավատը պահպանելու համար տեղաբնակ հայերը հացապատրաստման վերջին փուլում հացի վրա նկարազարդել են խաչ` ի նշան «զորեղ հավատն առ Աստված»:


Այստեղ թխվող հացերն, ինչպես ասում են դրանք համտեսողները, անմահական համ եւ բույր ունեն։ Վարպետները վստահեցնում են, որ, ի տարբերություն ժամանակակից հացերի, այս տեսակի հացերը պահպանում են իրենց համը եւ թարմությունը բավական երկար:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին