Հոկտեմբերի 20-ը խոհարարների միջազգային օրն է: Այս առիթով այցելել ենք «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ հայկական խոհարարական արվեստն ու ավանդույթները լավագույնս ներկայացնող, ինչպես նաեւ այլ երկրների խոհանոցներ ունեցող տարբեր ռեստորաններ։ Մեր զրուցակիցներն են այս տարի իր 15-ամյակը նշող «Երեմյան Փրոջեքթս»-ի 15 շեֆերը, ովքեր շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ հղեցին իրենց գործընկերներին, պատմեցին, թե ինչ է խոհարարությունն իրենց համար, որն է ամենամեծ ձեռքբերումը, ինչպես նաեւ սկսնակ խոհարարների համար կիսվեցին ոլորտում հաջողելու կարեւոր խորհուրդներով:
«Երեմյան Փրոջեքթս»-ի լեգենդար բրենդ շեֆ, խոհարարների մեծ բանակի հրամանատար Զորո Իսպիրյանը պատմում է.
«Արդեն 22 տարի խոհարարության ոլորտում եւ 13 տարի «Երեմյան Փրոջեքթս»-ում եմ։ 15-ամյա «Երեմյան Փրոջեքթս»-ում ամենամեծ ձեռքբերումս մեր մեծ թիմն է, որի հետ հասել ենք անհնարին թվացող բարձունքների։ Խոհարարությունն ինձ համար նպատակ սահմանելու եւ արդյունքի հասնելու դաշտ է, արդեն չեմ էլ կարող առանց դրա պատկերացնել իմ կյանքը։ Խոհարարությունը մեր պայքարի հատուկ ձեւն է՝ ազգայինը սիրելու ու գնահատելու, մեր մասին աշխարհում խոսելու, հայկականը ճանաչելի դարձնելու։
Զորո Իսպիրյանը | Լուսանկարը՝ Երեմյան Փրոջեքթս
Օրվա կապակցությամբ գործընկերներիս մաղթում եմ նպատակասլացություն, իսկ սկսնակ խոհարարներին եւ ոլորտում իրենց առաջին քայլերն անողներին՝ երբեք չհուսալքվել եւ սիրել այս աշխատանքը. հեշտ չէ, բայց, երբ սիրում ես՝ անհնարին ոչինչ չկա»։
Անձակազմի գծով բրենդ շեֆի տեղակալ Գեւորգ Իսպիրյանը, ով արդեն 10 տարի «Երեմյան Փրոջեքթս»-ի մեծ ընտանիքի անդամ է, եւ հենց այստեղ է սկսել խոհարարության ոլորտում իր գործունեությունը, ասում է.
«Մեկ խոսքով ասած՝ խոհարարությունն ինձ համար կյանք է։ «Երեմյան Փրոջեքթս»-ում աշխատելու ամեն տարին էլ կարող եմ համարել ձեռքբերում՝ մասնագիտական հմտություններ, ընկերներ, թիմ…»։
Կարեն Խաչատրյանը «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի խոհարարական ծրագրերի ղեկավարն ու «Ռենոմե» ռեստորանի շեֆ-խոհարարն է։ Նա վստահեցնում է, որ լավ խոհարար դառնալու համար կարեւոր է, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս ես ստանում կրթությունը.
Կարեն Խաչատրյանը | Լուսանկարը՝ Երեմյան Փրոջեքթս
««Երեմյան Փրոջեքթս»-ում ամենամեծ ձեռքբերումս մեծ թիմի հետ աշխատելու փորձն ու մարդիկ են՝ ընկերներն ու գործընկերները։ Որպես 16 տարի խոհարարության ոլորտում գործող մարդ՝ մի բան կարող եմ ասել՝ խոհարարությունն ինձ համար ապրելակերպ է, կյանքի մի մասը։ Շուրջ 3 տարի է «Երեմյան Փրոջեքթս»-ում եմ, եւ այդ ընթացքում ունեցած ամենակարեւոր ձեռքբերումը իմ ներուժն ու կարողությունները հայրենիքում ռեալիզացնելու եւ ոլորտը զարգացնելու համար տրված հնարավորություններն են։ Այս խորհրդանշական օրվա առիթով գործընկերներիս մաղթում եմ, որ միշտ շարժվեն առաջ, իսկ սկսնակներին խորհուրդ եմ տալիս անընդհատ սովորել, կատարելագործվել եւ ընտրել ճիշտ դպրոց, որովհետեւ այս ոլորտում կայացման ճանապարհին շատ կարեւոր է, թե ինչ դարբնոցով ես անցնում»։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության շեֆ-հրուշակագործ, իսկական հրաշագործ Անահիտ Միքայելյանը պատմում է.
Անահիտ Միքայելյանը | Լուսանկարը՝ Երեմյան Փրոջեքթս
«Արդեն 10 տարի հրուշակագործության ոլորտում եւ 4 տարի «Երեմյան Փրոջեքթս»-ում եմ։ Բոլոր ռեստորանների համար հատուկ աղանդեր ստեղծելը սկսել ենք «Շերեփ» ռեստորանից, մեծ նպատակներ ու խենթ թվացող գաղափարներ ենք ունեցել, որոնք իրականություն են դարձել․ այսօր ցանցի յուրաքանչյուր ռեստորան ունի իր կոնցեպտին համապատասխան քաղցրավենիք, ունենք արդեն հրուշակարան-ռեստորան եւ տորթերի արտադրություն։ Կարծում եմ՝ ավելի մեծ ձեռքբերում չէր կարող լինել։ Հրուշակագործությունն իմ տարերքն է։ Ցանկանում եմ, որ իմ գործընկերներն ունենան անսպառ ստեղծագործական միտք, անսահման սեր ու նվիրում եւ մի փոքր էլ խենթություն իրենց աշխատանքում, սկսնակներին էլ խորհուրդ եմ տալիս ապրել այս աշխատանքով, երբեք չհուսահատվել, գնալ առաջ եւ հաղթահարել մարտահրավերներն ու խնդիրները»։
Բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն» ռեստորանի շեֆ-խոհարար Մարտին Բուդաղյանը պատմում է, որ խոհարարական ոլորտում իր գործունեությունը սկսել է «Երեմյան Փրոջեքթս»-ից եւ այստեղ անցկացրած արդեն 9 տարիների մեծագույն ձեռքբերումը մասնագիտական եւ կարիերային աճն է: «Խոհարարությունն իմ մասին պատմելու յուրահատուկ ձեւ է, կենսակերպ, որով ապրում եմ։ Թող բոլոր խոհարարներն ունենան բարձր թռչելու իրենց երազանքը, ձգտեն ու հասնեն դրան»։
Մարտին Բուդաղյանը | Լուսանկարը՝ Երեմյան Փրոջեքթս
«Շերեփ» ռեստորանի շեֆ-խոհարար Գարիկ Խաչատրյանի համար էլ խոհարարությունը՝
Գարիկ Խաչատրյանը | Լուսանկարը՝ Երեմյան Փրոջեքթս
«Ստեղծագործելու միջոց է, եւ ճանապարհ դեպի նպատակ։ Արդեն 17 տարի խոհարարության ոլորտում եւ 10 տարի «Երեմյան Փրոջեքթս»-ում եմ։ Այս թիմում իմ ամենամեծ ձեռքբերումը մասնագիտական առաջխաղացումն է»։
Իտալական խոհանոցով «Կազա Նոստրա» ռեստորանի եւ «Սիզընս» սրճարանի շեֆ-խոհարար Վաչե Ջանոյանն այսօր արդեն իրեն չի պատկերացնում առանց խոհարարության.
«Խոհարարությունն ինձ համար ապրելակերպ է, ապագաս պատկերացնում եմ միայն դրա հետ։ Հպարտ եմ, որ մեր յուրաքանչյուր նախագիծ հաջողության է հասել. սա է «Երեմյան Փրոջեքթս»-ում ունեցած 8 տարիների ամենամեծ ձեռքբերումս»։
Նորայր Մխեյանը՝ «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանի շեֆ-խոհարարն անկեղծանում է.
«15-ամյա «Երեմյան Փրոջեքթս»-ում ամենամեծ ձեռքբերումս մասնագիտական գիտելիքներն են. այն ինչին տիրապետում եմ, սովորել եմ այստեղ։ Խոհանոցն իմ երկրորդ կեսն է, առանց որի ինձ լիարժեք չեմ զգում»։
Ամենամեծ ձեռքբերումը թիմն է նաեւ Կարեն Հարությունյանի՝ «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Խորենացի» մասնաճյուղի շեֆ-խոհարարի համար.
Լուսանկարը՝ Երեմյան Փրոջեքթս
«14 տարի է «Երեմյան Փրոջեքթս»-ընտանիքի անդամ եմ, խոհարարությունն ինձ համար կենսակերպ է դարձել»։
«Արդեն 18 տարի խոհարարության ոլորտում եւ 8 տարի «Երեմյան Փրոջեքթս»-ում եմ։ Խոհարարությունն իմ տարերքն է, ամենամեծ ու կարեւոր ձեռքբերումն ինձ համար՝ մասնագիտական աճն ու լավագույն մասնագետների հետ շփումը, սովորելն ու սովորեցնել կարողանալը»,- ասում է «Լավաշ» ռեստորանի շեֆ-խոհարար Նվեր Թադեւոսյանը։
Դե իսկ «Սիզընս» ռեստորանի շեֆ-խոհարար Վահե Մարկոսյանը խոհարարությունը բնորոշելիս երկար չմտածեց, պատասխանը հստակ էր.
«Խոհարարությունը, անշուշտ, արվեստ է։ 5 տարի «Երեմյան Փրոջեքթս»-ում եմ, սկսել եմ շարքային խոհարարից, այսօր արդեն շեֆ-խոհարար եմ։ Հետեւաբար՝ ամենամեծ ձեռքբերումս մասնագիտական աճն ու կարիերային զարգացումն են»։
Գործունեությունը «Երեմյան Փրոջեքթս»-ից է սկսել նաեւ Հարություն Բաղմանյանը՝ «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Տերյան» մասնաճյուղի շեֆ-խոհարարը․
«Արդեն 15 տարի խոհարարության ոլորտում եմ։ Այս տարիների ամենամեծ ձեռքբերումս ընտանիքի նման մեծ թիմն է: Այսօրվա կապակցությամբ գործընկերներիս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, իսկ սկսնակ խոհարարներին՝ սիրել այս մասնագիտությունն ու ձգտել սովորել ավելին»։
Ոլորտում առաջին քայլերն անող խոհարարների համար ոգեշնչող պատմությունների եւ խորհուրդների հետքերով այցելեցինք նաեւ խոհարարների դարբնոց՝ «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիա։ Ակադեմիայի շեֆ-խոհարար Վարդան Խաչատրյանն ասում է.
Վարդան Խաչատրյանը | Լուսանկարը՝ Երեմյան Փրոջեքթս
«Արդեն 17 տարի խոհարարության ոլորտում եւ 3 տարի «Երեմյան Փրոջեքթս»-ում եմ։ Խոհարարությունն ինձ համար ոգեշնչում է, այս տարիների ամենամեծ ձեռքբերումս՝ ոլորտում կատարելագործվելն ու կայանալն է։
Անի Մուրադյանը՝ «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի շեֆ-հրուշակագործը, շուրջ մեկ տարի առաջ է միացել ընտանիքին.
Անի Մուրադյանը | Լուսանկարը՝ Երեմյան Փրոջեքթս
«…Բայց այդ կարճ ժամանակահատվածում էլ արդեն ունեմ ձեռքբերում՝ թիմը եւ թիմում աշխատելու, ինքնադրսեւորվելու կարողությունը։ Ինձ համար խոհարարությունն ապրելակերպ է։ Այս աշխատանքում ամենից կարեւորը չհանձնվելն է, ուստի գործընկերներիս ու նաեւ սկսնակ խոհարարներին խորհուրդ կտամ միշտ հիշել, թե ինչ նպատակի համար են գործում»։
Ակադեմիայի շեֆ-խոհարարներից Ավետիք Իսախանյանն էլ հավելեց.
«Ոլորտում արդեն 20 տարվա փորձ ունեմ, բայց «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմին շուրջ մեկ տարի առաջ եմ միացել։ Այս կարճ ժամանակահատվածում իմ ամենամեծ ձեռքբերումը նոր գործընկերներն ու թիմային աշխատանքն են։ Խոհարարությունն ինձ համար արվեստ է ու ապրելակերպ, եւ իմ բոլոր գործընկերներին մաղթում եմ համբերություն, առանց որի հաջողել եւ քո բարձունքին հասնել չես կարող»։
Ավետիք Իսախանյանը | Լուսանկարը՝ Երեմյան Փրոջեքթս
15-ամյա «Երեմյան Փրոջեքթս»-ի 15 շեֆ-խոհարարները ամուր ու մեծ թիմ են, ընտանիք եւ հարազատ դարձած մարդիկ, որոնց համար խոհարարությունը դարձել է առաքելություն եւ պայքարի տեսակ՝ հայկական խոհարարական ավանդույթները պահպանելու, խոհարարի դերի բարձրացմանը նպաստելու, ոլորտը զարգացնելու եւ Հայաստանն աշխարհին իր պրոֆեսիոնալ խոհարարներով ու խոհարարական հարուստ պատմությամբ ներկայացնելու գործում։
Խմբագրության անունից եւս շնորհավորում ենք բոլոր խոհարարներին, խոհարարական արվեստը պահպանողներին, փոխանցողներին ու այն զարգացնողներին։
***
2004 թվականին Խոհարարական միությունների համաշխարհային ասոցիացիայի կողմից հոկտեմբերի 20-ը հռչակվեց որպես Խոհարարների միջազգային օր (International Chefs Day): Այսօր ամբողջ աշխարհի խոհարարները նշում են իրենց մասնագիտական տոնը: Խոհարարների միջազգային օրը տոնում են ավելի քան 70 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: