×

SALT the MEAT-ի ընտանեկան բաղադրատոմսերը եւ «առողջ ֆասթֆուդը»

Կասկադի տարածքում մոտ մեկ տարի առաջ բացված SALT the MEAT-ում մատուցում են մսային նրբուտեստներ՝ «առողջ ֆասթֆուդ», որոնք հիմնականում ոչ թե տապակվում, այլ պատրաստվում են վառարանում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


SALT the MEAT-ի հիմնադիրը Նաիրի Ջիվանյանն է, ով այցելուներին առաջարկում է «համտեսել յուրահատուկ ուտեստներ, հագենալ եւ այնուհետեւ լավ էներգիայով շարունակել օրը»։

Նաիրի Ջիվանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


GastroVino-ի հետ զրույցում Նաիրի Ջիվանյանը պատմել է ընտանեկան բաղադրատոմսերի, համերի կարեւորության եւ տեղական բիզնեսին սատարելու ցանկության մասին։

Հասցեն՝ Թամանյան 3

Հայրս՝ Նուբար Ջիվանյանը լիբանանցի հայ է, մայրս՝ Օվսաննան, իրաքահայ։ Ծանոթացել են Երեւանում՝ «Պոլիտեխնիկ»-ում ուսանելու տարիներին։ Ես ծնվել եմ Դամասկոսում, այնուհետեւ ընտանիքս տեղափոխվել է Կիպրոս եւ այնտեղ բնակվել շուրջ 16 տարի։ Այդ ընթացքում կրթություն եմ ստացել Բուլղարիայում, Անգլիայում։ Որ երկրում էլ եղել ենք, անհանգստություն ենք ունեցել, որ մեր հողում չենք եւ այս զգացումը ստիպել է էլ ավելի սիրել մեր հայրենիքը։ Շուրջ 21 տարի առաջ հայրս որոշեց վերադառնալ Հայաստան, կարճ ժամանակ անց մենք եւս միացանք նրան։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


20 տարի է, ինչ մեր ընտանեկան բիզնեսները գործում են Թամանյան 3-ում։ Առաջինը «Ֆինիշիա» ռեստորանն էր, այն ներկայացնում էր ֆրանսիական խոհանոց։ Հայրս ներմուծում էր հետաքրքիր գինիներ եւ թարմ ձուկ։ Այս պատերը հայտնի մարդիկ են տեսել, տարբեր պետությունների առաջին դեմքեր, «Ֆինիշիա»-ն նաեւ Շառլ Ազնավուրի սիրելի վայրերից մեկն էր Երեւանում։ Մենք խնամքով պահում ենք լուսանկարներն ու հատուկ ափսեները, որոնց վրա հայտնի մարդկանց ստորագրություններն են։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մի քանի տարի գործելուց հետո հայրս որոշեց փոփոխություններ անել եւ «Ֆինիշիա»-ին փոխարինելու եկավ «Լիբանան» ռեստորանը, ուր պատրաստվում էին իսկական լիբանանյան ուտեստներ։

Մուտքը ընտանեկան բիզնես

Կորոնավիրուսի համավարակը սկսվել էր, ամենուր անորոշություն էր եւ հայրս կարծում էր, որ ընտանեկան գործը շարունակելու համար նոր շունչ է պետք։ Եղբայրս, որ ժամանակին հորս հետ միասին էր աշխատում, այլ ոլորտ էր տեղափոխվել, քույրս Հայաստանում չէր, ես ընդամենը ամիսներ առաջ էի ամուսնացել եւ հայրս ինձ եւ ամուսնուս առաջարկեք շարունակել ընտանեկան գործը։ Ինձ համար անակնկալ էր այդ առաջարկը, մինչ այդ շատ հաջող զբաղվում էի մարքեթինգային աշխատանքով։ Այնուհանդերձ, որոշեցինք ընդունել հորս առաջարկն ու շարունակել նրա գործը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորան ունենալը հեշտ գործ չէ, անգամ սփռոցը, որ փռվում է սեղանին, պետք է փայլի մաքրությունից եւ «ախորժակ բացի»։ Հորս ռեստորաններում հենց այդպես էր եւ մշտապես զինվորական խստություն կար։ Փոփոխությունների հարցում նրան համոզելը հեշտ չէր, քանի որ իր հեղինակության հարցն էլ կար, ռեստորանը, կարծես, իր «երեխան» լիներ։ Հորս ռեստորաններ այցելողները գիտեն, որ ինչ ուտեստ էլ իրենց առաջարկվի, կարող են փորձել փակ աչքերով։

«Աղ դրած միս»

Անվան շուրջ երկար մտածեցինք, շատ գաղափարներ կային։ Անվանեցինք SALT the MEAT այն պարզ պատճառով, որ առաջին գործողություններից մեկը, որն արվում է մսի հետ, «աղ դնելն» է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հետո սկսեցինք տարածքը վերափոխել, այդ ընթացքում պատերազմը եղավ, ես Երեւանում հետեւում էի վերանորոգման աշխատանքներին, ամուսինս օգնություն էր հասցնում ռազմաճակատ եւ այնպես ստացվեց, որ որոշ ժամանակ չկարողացավ տուն գալ։ Չէի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց հասկանում էի, որ բացումը երկար ձգձգվել չի կարող, քանի որ անձնակազմին անհրաժեշտ էր վճարել աշխատանքի դիմաց։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ամուսնուս վերադարձից հետո որոշեցինք բացել SALT the MEAT-ը՝ կոտրված սրտերով, հուզված։ Առաջին օրը հաջող էր, փոքր գումար աշխատեցինք, լավ արձագանքներ ստացանք։ Հաջորդող օրերին այցելուների թիվը պակասեց։ Ամենաակտիվ սեզոնը 2021թ. մարտից հետո էր, երբ սկսեց գործել բացօթյա հատվածը։ Սկզբում աշխատակիցները քիչ էին, հաճախ ես եւ ամուսինս եւս մատուցում էինք, երբեմն հայրս էլ էր միանում, բայց նրան չէինք թողում աշխատել։

«Կենտրոնացանք ոչ թե դեկորների, այլ՝ համերի վրա»

Պատերազմը մեզ կոտրեց, չկարողացանք ստեղծել մեր պլանավորած մենյուն, բայց մենյուում կան հորս, մորս, մեր աշխատակիցների եւ իմ բաղադրատոմսերով պատրաստվող ուտեստներ։ Հենց սկզբից մենք որոշել էինք կենտրոնանալ ոչ թե դեկորների, այլ՝ համերի վրա։

Ես հասկանում էի, թե որքան դժվար է ռեստորան ունենալը եւ որոշեցի մի փոքր ավելի թեթեւ ձևաչափ ընտրել։ Մեր թիրախն այժմ երիտասարդներն են, նրանք համարձակ են նոր ուտեստներ փորձելու հարցում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Առաջին գաղափարը իտալական ավանդական «Պորկետան» էր։ Այն համեմվում է, կապվում խոհարարական թելերով եւ շուրջ ութ ժամ եփվում վառարանում։ «Պորկետան» պատրաստման մի քանի տարբերակ ունի, մենք շատ երկար ուսումնասիրեցինք դրանք եւ ընտրեցինք մեղմ տեսակը։ Դժվարության կարողացանք մսագործ գտնել, որից հնարավոր կլիներ գնել ճիշտ միս։ Կարեւոր է, թե կենդանու մարմնի որ հատվածից է միսը, ինչպիսի յուղայնությամբ, քանի որ եփելիս յուղային շերտը չի հանվում, նաեւ պետք էր, որ միսը հարմար գին ունենա, որովհետեւ ես ուզում եմ, որ մեր սենդվիչները որեւէ մեկի համար թանկ չլինեն։ «Պորկետան» մատուցում ենք «չիաբատա» հացով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երկրորդը տավարի մսով «Ռոստբիֆն» է։ Տավարի փափկամիսը եփվում է համեմունքներով եւ մատուցվում «բագետ» հացով։ Իրական բագետը չոր է եւ անհարմարություններ է առաջացնում, երբ հաճախորդները խնդրեցին այլ հացով պատրաստել այդ սենդվիչները, ես որոշեցի իմպրովիզ անել եւ մի փոքր ավելի փափուկ բագետ պատրաստել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


SALT the MEAT-ում կա շուրջ 13 տեսակի սենդվիչ։ «Պիկանտ»-ը՝ շաֆրանով եւ կարի սոուսով, «Հավի թոք»-ը՝ դոշաբով պատրաստում ենք հորս բաղադրատոմսերով։ Մեր սենդվիչները մի առանձնահատկություն ունեն՝ ուտելիս համերը չեն խառնվում, այլ բոլոր բաղադրիչները զգացվում են։ Երբ ինձ հարցնում են՝ ո՞րն է ավելի քիչ վաճառվում, պատասխանում եմ, որ նման սենդվիչ չկա, որովհետեւ ամեն մեկն իր հաճախորդն ունի։ Այցելուների մեծ մասը մեզ մոտ լինում է շաբաթը մի քանի անգամ եւ որպեսզի չհոգնեն նույն սենդվիչներից, առաջարկում ենք ուտեստներ, որ կարող են պատվիրել իրենց ուզած ձեւով ու սոուսներով, եթե անգամ դրանք չկան մենյուում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Օրինակ՝ մեր մշտական այցելուները մի անգամ խնդրեցին ֆալաֆելով սենդվիչի բոլոր բաղադրիչները մատուցել ապուրի ամանով։ Մենք, իհարկե, չմերժեցինք եւ նրանք էլ շատ գոհ մնացին։ Պասի շրջանն էր եւ որոշեցինք մենյոււմ ներառել այն որպես աղցան։ Սկզբում ունեինք երեք աղցան եւ մտադիր չէինք ավելացնել դրանց թիվը, բայց հաճախորդների պահանջի շնորհիվ դարձավ հինգ։

«Երկրորդ նախագիծ»

Արտասահմանում SALT the MEAT-ի նման կոնցեպտներ ունեցող վայրերում մատուցում են գինի եւ գարեջուր, մենք էլ այսպես սկսեցինք, բայց երբ հասկացանք, որ Հայաստանում նաեւ կոկտեյլներ եւ սուրճ են սիրում, որոշեցինք բար ունենալ։ Այն պատրաստման ընթացքի մեջ է եւ անվանում եմ «երկրորդ նախագիծ»։ Բարմենը Լիբանանից է, վստահ եմ՝ հետաքրքիր առաջարկներ կունենա մեր այցելուների համար։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մենք նաեւ լիմոնադներ, սառը թեյեր ենք պատրաստում։ Մեր ամենաթարմ, տնական թեյի հեղինակը մայրս է։ Ես նրան անվանում եմ «քիմիկ», որովհետեւ այնպիսի փորձարկումներ է անում, որ մտքովդ էլ չի անցնի։ Նրա փորձարկումների արդյունքն առաջինը հայրս է փորձում, եթե համեղ է ստացվում, ինձ էլ են ասում դրա մասին։ Կիտրոնով, դարչինով սեւ թեյի բաղադրատոմսը մայրս մի պայմանով բացահայտեց, որ կներառեմ մենյուում եւ բոլորին կասեմ, որ հեղինակը նա է (ծիծաղում է,-հեղ.)։

Լավագույն համերը՝ տեղական մթերքով

SALT the MEAT-ում օրվա ընթացքում տարբեր գործերով եմ զբաղվում։ Ամիսներ առաջ շաբաթը մեկ խոհանոցում էի հայտնվում, իհարկե, շեֆ խոհարարների թույլտվությամբ, նորարարություններով զբաղվելու համար, նաեւ անուշեղեններ էի պատրաստում։ Հաճախորդները նեղվել են, որ երկար ժամանակ է, ինչ կիտրոնով կարկանդակ չեմ պատրաստել, բայց հիմա մուսաներս ստիպում են աշխատել սենդվիչների ուղղությամբ եւ արդեն երեք նոր սենդվիչ եմ ներկայացրել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Անձամբ եմ զբաղվում մթերքի գնումներով, քանի որ ամեն ինչ պետք է թարմ լինի, չես կարող առավոտյան աղցան պատրաստել եւ սպասել, թե օրվա ընթացքում որքան կվաճառվի, կամ ոչ թարմ հաց մատուցել։

Փորձում եմ ընտրել լավագույն համերը, ընտրության հնարավորության դեպքում կուզեի միայն հայկականն օգտագործել, բայց, ցավոք, տեղական որոշ մթերքներ հնարավոր չէ օգտագործել եւ ստիպված եմ լինում արտասահմանյան այլընտրանք գտնել։

Բարդ ժամանակներ են, բոլորս նույն իրավիճակում են, կարծում եմ՝ երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է աջակցել տեղական արտադրողներին եւ ես որոշել եմ այսուհետեւ ուրբաթ օրերին SALT the MEAT-ում հանդիպումներ կազմակերպել եւ ներկայացնել տեղական արտադրողներին:

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին