×

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Դավիթ Երեմյան. Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հզոր ներուժ կա

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ընկերության Գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը եւ Մատակարարման շղթայի տնօրեն Արամ Կիրակոսյանը հուլիսի 1-3-ը ֆերմերային տնտեսությունների միջեւ փորձի փոխանակման եւ գյուղատնտեսական նոր նախագծերի խթանման ու զարգացման նպատակով մասնակցել են հատուկ կազմակերպված շրջայցի Մոսկվայի շրջանի եւ Վորոնեժի տավարաբուծական եւ կաթնամթերքի արտադրության առաջատար ֆերմաներում:

«Երեմյան Փրոջեքթսը» դեռեւս 2019 թվականին «Սերմից՝ սեղան» հայեցակարգի շրջանակում գործարկել է տոհմային տավարաբուծական եւ խոզաբուծական ֆերմերային խոշոր տնտեսությունները։ 2020-ին ընկերությունը լայն սպառման շուկային Yeremyan Products ապրանքանիշի ներքո ներկայացրեց բարձրորակ, բնական, եվրոպական չափանիշներին համապատասխան ֆիրմային կաթնամթերքն ու մսամթերքը։

Ըստ Դավիթ Երեմյանի՝ դեռ այն ժամանակ գյուղատնտեսության ոլորտ մուտք գործելուց եւ ներսից ճանաչելուց հետո համոզվել էին, որ խնդիրներ կան, բայց եւ այն հզոր ներուժով ու երկրի համար հեռանկարային ոլորտ է.

«2019-ին մեր գյուղատնտեսական նախագծերը մշակելիս մենք համագործակցեցինք արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ, որպեսզի տեղայնացնենք միջազգային լավագույն փորձը եւ օրինակելի ֆերմերային տնտեսություն դառնանք մնացած գյուղատնտեսների համար։ Այսօր էլ չենք դադարում հետեւել նորարություններին եւ ոլորտի փոփոխություններին. ձգտում ենք դրանք անպայման Հայաստանում էլ ներկայացնել ու կիրառել մեր գործունեությունում, քանի որ մշտապես բարձր որակ ապահովելու համար պետք է ունենալ այդ որակի չափանիշներին համապատասխան արտադրություն եւ տնտեսվարում։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Այս տեսանկյունից միշտ կարեւորում ենք միջազգային ընկերությունների հետ փորձի փոխանակման ծրագրերը, եւ ՌԴ-ի եռօրյա շրջայցը, իսկապես, մեծ փորձառություն էր մեզ համար։ Ես բազմիցս լսել էի այնտեղ ընդունված մոտեցումների եւ աշխատանքի առանձնահատկությունների մասին, բայց այն ինչ տեսա ավելին էր՝ թե՛ մասշտաբների ու թե՛ զարգացման մակարդակի առումով։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Հիմա ցավով եմ փաստում, բայց մենք Հայաստանում տարիներ շարունակ պարզապես չենք օգտագործել գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու մեր հնարավորությունը, եւ այն էլ, ինչ ունենք այսօր՝ հին մոտեցումներով ու մեթոդներով գործող ֆերմերային տնտեսվարումն է։ Բայց ես, որպես այդ ոլորտում արդեն ներգրավվածություն ունեցող բիզնեսի ղեկավար, վստահեցնում եմ, որ այո՛, Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հզոր ներուժ կա, եւ մենք ամեն բան անում ենք նորարար մոտեցումները որդեգրելու, Հայաստանում դրանք ներկայացնելու եւ գյուղատնտեսությունը զարգացնելու համար»,- նշել է Դավիթ Երեմյանը։

Եռօրյա այցի ընթացքում մասնակցներն եղել են մերձմոսկովյան «Успенское» ֆերմայում, ծանոթացել խոշոր եղջերավորների պահման տեխնոլոգիաներին ու առանձնահատկություններին, «Емельяновка» եւ «Сосновка» ընկերություններում էլ՝  կաթնամթերքի արտադրության գործընթացի նրբություններին։ Ծրագրի շրջանակում մասնակիցները շրջայց են կատարել նաեւ Վորոնեժի «Заречное» խոշորագույն ագրոհամալիրում։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


ՀՀ-ի եւ ՌԴ-ի նշված ֆերմաների միջեւ համագործակցության ծրագրերը շարունակական բնույթ ունեն։ Այս փուլում կողմերը նախապատրաստվում են համագործակցության հուշագրեր կնքելուն, իսկ «Երեմյան Փրոջեքթս»-ը՝ ՌԴ-ի ֆերմերների պատասխան այցին։ Հարցին, թե Ռուսաստանի մասնագետներին մեր ֆերմաների գործառնության առումով ինչը կարող է գրավել, Դավիթ Երեմյանն ասել է.

«Մեր առավելությունն էլ այն է, որ իրականացնում ենք ամբողջապես փակ ցիկլով արտադրություն եւ սերմը ցանելուց մինչեւ պատրաստի փաթեթավորված արտադրանքի շուկա հանելու գործընթացը վերահսկում ենք ինքներս։ Այս գործելաոճը, ինչ-որ չափով, նորություն էր եւ քննարկումների փուլում շատ հետաքրքրեց ռուսաստանյան ֆերմերներին։ Շատ արդյունավետ հանդիպումներ ու հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել, արդեն նաեւ պայմանավորվածություն ունենք համագործակցությունների շուրջ ու շուտով Ռուսաստանի ֆերմերներին կհյուրընկալենք մեր ֆերմաներում, կծանոթացնենք աշխատանքի մեր սկզբունքներին ու մոտեցումներին»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին