Cheforia Pâté-ի՝ հայկական արտադրության պաշտետները թեեւ վերջերս են մտել շուկա, բայց տարիների փորձություն, իսկ դրանց բաղադրիչները՝ մանրակրկիտ ընտրություն են անցել։
Cheforia Pâté-ն Cheforia բրենդի մի մասն է, շուկայում դեռեւս ներկայանում է երկու տեսակի` հավի լյարդից եւ սնկից պատրաստված պաշտետներով։
Բրենդի հիմնադիր Նիկա Եպիսկոպոսյանը GastroVino-ին պատմել է, թե երբ եւ ինչպես է որոշել իր սեղանին մշտական տեղ ունեցող ուտեստը հասանելի դարձնել լայն մասսաներին։
Շեֆը եւ էյֆորիան
Սննդի ոլորտում լինելու մտքեր միշտ ունեցել եմ։ Տարիներ առաջ սկսեցի զբաղվել food լուսանկարչությամբ եւ այդ պահին միավորվեցին իմ երկու սերերը՝ լուսանկարչությունն ու խոհանոցը։ Լուսանկարները համացանցում տարածում էի #cheforia հեշթեգով, այսինքն՝ «շեֆ» եւ «էյֆորիա»։ Այդ բառերն արտացոլում էին իմ վերաբերմունքը, զգացողությունը։ Երբ սկսեց ծնվել բրենդը՝ աջ ու ձախ չնայեցի, մտածեցի՝ «այդ բառը ինձ կպել է, դրա հետ ինձ լավ եմ զգում», այսպես որոշվեց անվանումը։
Լուսանկարը՝ Cheforia Pate
Ինքս բրենդինգի մասնագետ եմ, Cheforia-ն առաջին բրենդը չէ, որ ստեղծում եմ, բայց աշխատելու ընթացքում հասկացա, որ ավելի հեշտ է մտածել հաճախորդի համար, քան ստեղծել սեփականը։
«Առաջին պաշտետը պատրաստեցի իմպրովիզով»
Մեր ընտանիքում սիրված է տավարի լյարդի պաշտետը, թեպետ ես այնքան էլ չեմ սիրում դրա համն ու հոտը, բայց երբ ուտում եմ շատ կարագով, այն ինձ դուր է գալիս։ Տարիներ առաջ ինքս սկսեցի տանը պաշտետներ պատրաստել։ Կարծում էի՝ հավի լյարդից պաշտետն ավելի նուրբ համ կունենա։ Առաջին անգամ պատրաստեցի իմպրովիզով, հետո սկսեցի ուսումնասիրել բաղադրատոմսերը, գտա կարեւոր նրբություններ, որ ինքնուրույն արդեն գործածել էի, բայց նաեւ պարզվեց, որ իմ կողմից էլ նորույթներ էի ավելացրել։
Ինձ նաեւ դուր էր գալիս «ֆուագրա»-ի (բտած սագի կամ բադի՝ հատուկ ձեւով պատրաստված լյարդ) համը, որը եւս ուզում էի պատրաստել, բայց երբեւիցե չէի ուսումնասիրել բաղադրատոմսերը, փոխարենը հաճախ ուտում էի, հոտ էի քաշում, ուզում էի քիմքով հասկանալ, թե ինչն է, որ յուրահատուկ համ, քաղցրություն է տալիս։
Լուսանկարը՝ Cheforia Pate
Մեր տանը միշտ «համի տոն» է եղել։ Մայրս պատրաստելիս միշտ իմպրովիզներ է արել, ուտեստներ հորինել։ Երբ մանկուց տարբեր համեր ես փորձում, քիմքդ կամ լեզուդ գրագետ է լինում, պատրաստելիս կարողանում ես հեշտությամբ լուծումներ գտնել, գումարել ու հանել տարբեր բաղադրիչներ։ Այսպես սկսեցի տարբեր բաղադրիչներ փորձել՝ գտնելու համար իմ փնտրած համը եւ, ի վերջո, գտա։ Սկսեցի պատրաստել հավի լյարդով պաշտետ, որը դարձավ իմ սեղանի մշտական ուտեստը եւ հյուրերս ամեն անգամ ուտելուց զգացմունքային արձագանքներ էին տալիս ու որպես նվեր պահանջում այն։ Ընկերներս նաեւ հորդորում էին ինձ զբաղվել պաշտետների արտադրությամբ, բիզնես դարձնել, բայց ես դրան ուշադրություն չէի դարձնում։ Ուրախանում էի, որ կարող եմ մտերիմներիս հետ կիսվել այդ համով, էմոցիաներ տրամադրել ու բավարարվում էի դրանով։
Դեպի մեծ ցանկություն տանող փոքր քայլը
2021թ. հունվարին մտածեցի, որ պաշտետների արտադրությամբ զբաղվելը փոքր քայլ է դեպի այն մեծ ցանկությունը, որ ուզում եմ իրականացնել։ Հասանք պիտակի մշակման փուլին եւ, քանի որ զուգահեռ աշխատում եմ տարբեր նախագծերի վրա, պրոցեսը մի փոքր դանդաղեց։ Հետո ամուսինս ինձ գրանցեց այս տարվա մայիսի 21-23 տեղի ունեցած Food & drink expo-ին, ասաց՝ «պետք է անպայման գնաս»։ Նա հաշվի չառավ իմ «չեմուչումերը», ասաց՝ «քեզնից պաշտետները, մնացածը ես կանեմ»։ Ամեն ինչ շատ արագ կազմակերպեց՝ տաղավարի ձեւավորումը, անհրաժեշտ նյութերը։ Միջազգային ցուցահանդեսին ներկայացրեցինք մեր առաջին երկու պաշտետները հավի լյարդից՝ իր ենթատեսակներով, եւ սնկից։
Նիկա Եպիսկոպոսյանը | Լուսանկարը՝ Cheforia Pate
Հայաստանում պաշտետներն այնքան էլ շատ չեն, այն էլ՝ հավի լյարդից, շատերը մի փոքր վախվորած էին արձագանքում, բայց քչերն էին, որ կտրականապես հրաժարվում էին փորձել։ Ոմանք վախվխելով փորձում էի ու միանգամից գնում։ Առավել հաճախ ցանկանում էին համտեսել տղամարդիկ։
Մի քանի գիշեր չէի քնել եւ Expo-ի համար պատրաստել էի երեք օրվա պաշտետ, բայց ունեցանք շատ ավելի մեծ վաճառք, քան սպասում էինք։ Բոլորի կարծիքն ինձ համար կարեւոր է, բայց տպավորիչ էր հատկապես մեկը։ Մեզ մոտեցավ մի տարեց զույգ, կինը հայերեն հարցրեց՝ «սա ի՞նչ է», մի փոքր հոգնած էի ու անկախ ինձնից արագ պատասխանեցի՝ հայկական «ֆուագրա»։ Նրա ֆրանսիացի ամուսինը հասկացավ այդ բառն ու զարմացավ, ֆրանսերեն մի քանի բառ փոխանակեցինք, փորձեց պաշտետն ու ասաց՝ "C'est Magnifique" (Հոյակապ է): Ես շատ ոգեւորվեցի, փաստորեն, «ֆուագրա»-ի «մայրաքաղաքում» ծնված մեկը հավանություն տվեց իմ պատրաստած պաշտետին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հետո մեզ մոտեցան նաեւ ռեստորատորներ, որոնք եւս հավանեցին եւ հենց այդ օրը բուտիկային խանութներում, ռեստորաններում ներկայացվելու առաջարկներ ստացանք։ Ինձ շատ ոգեւորեց այն, որ ոչ միայն հարազատներիս է դուր գալիս իմ պատրաստած պաշտետը, այլեւ «լայն լսարանին», որոնց թվում կային պրոֆեսիոնալներ, գուրմաններ։
«Վատ հացը կոտրում է պաշտետի համը»
Հավի լյարդից պատրաստված մաքուր կամ դասական պաշտետը քաղցր նրբերանգ ունի, որն ապահովում է փոքր քանակությամբ օգտագործվող ալկոհոլային խմիչքը։ Շատ ժամանակ եմ հատկացրել գտնելու համար, թե որ խմիչքն ու համեմունքն են իրար հետ համադրելի։ Բացի դասականից, ներկայացնում ենք նաեւ յուղի կամ տարբեր հատապտուղների կոնֆիտյուրի շերտերով պաշտետներ՝ կախված համային այն երանգից, որը գերակշռում է պաշտետում։
Նիկա Եպիսկոպոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պաշտետները հարմար են նախաճաշի, բրուսկետաների եւ տարբեր այլ ձեւերով մատուցելու համար։ Կարեւոր է, թե ինչ հացով են ուտում դրանք, որովհետեւ վատ հացը կոտրում է պաշտետի համը։ Կարծիք կա, որ ֆրանսիական պաշտետներն ուտում են ֆրանսիական հացով, իտալականները՝ իտալականով եւ ես հիմա փնտրտուքի մեջ եմ, ընկերուհիս թխում է տարբեր հացեր եւ միասին փնտրում ենք հետաքրքիր համադրություններ, թե որ պաշտետը ինչ հացի հետ է ավելի համեղ։
Պահպանման կարճ ժամկետը խնդիր է եւ առավելություն
Պաշտետը ցինկի եւ երկաթի մեծ պարունակություն ունի եւ հավի լյարդն էլ շատ օգտակար է, հարուստ տարատեսակ վիտամիններով։ Cheforia Pâté-ի պաշտետներն ամբողջությամբ բնական հումքից են, չեն պարունակում կոնսերվանտներ, դրա համար էլ ունեն պահպանման կարճ ժամկետ՝ 3-5 օր։ Առայժմ աշխատում եմ պատվերներով եւ ասում եմ, որ անհրաժեշտ է ուտել 3 օրվա ընթացքում։
Խանութների համար պրոդուկտի պահպանման կարճ ժամկետը խնդիր է, բայց, իրականում, նաեւ մեծ առավելություն է, քանի որ սպառողը կարող է վստահ լինել, որ ամեն անգամ գնում է թարմ պաշտետ։ Այժմ ուսումնասիրում եմ տեխնոլոգիաներ, որպեսզի առանց հավելումների, տարբեր մշակումների միջոցով հնարավոր լինի երկարացնել պահպանման ժամկետը՝ անփոփոխ թողելով համը։
«Գնում ենք դեպի մեծ արտադրություն»
Երբ որոշեցի զբաղվել պաշտետների արտադրությամբ, մի զգացողություն ունեցա, որ գրքերում կամ ֆիլմերում է հանդիպում՝ գալիս է մի պահ, երբ պետք է որոշում կայացնել, որը կփոխի քո կյանքը։ Հիմա մեծ արտադրության գնալու փուլում ենք եւ նոր ուժեր են անհրաժեշտ, որպեսզի կարողանանք ապահովել պահանջարկը։
Նիկա Եպիսկոպոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Cheforia բրենդը շուտով կներկայացնի նաեւ այլ թռչունների լյարդի պաշտետներ, այժմ փնտրում ենք մատակարարի, ով կառաջարկի մաքուր հումք, որովհետեւ կարեւոր է, թե ինչով է սնվում թռչունը։ Ապագայում նաեւ ոչ կենդանական հիմքով եւ բավական հետաքրքիր շարք կունենանք։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: