×

Հեծանվորդ Հայկը պատմել է մարզերի «ուտելու տեղերի» մասին

37-ամյա հեծանվորդ Հայկ Տիրատուրյանը վերջին տարիներին հաճախ է Հայաստանի տարբեր մարզերում ճամփորդում: Քանի որ վարելիս շատ էներգիա է կորցնում, օրը մի քանի անգամ լավ սնվելն առաջնահերթություն է համարում: Հայկն ամեն անգամ ճանապարհ ընկնելիս տարբեր ռեստորաններում կանգ է առնում, «լիցքավորվում», հաճախ էլ ֆեյսբուքյան իր անձնական էջում է կիսվում փորձած ուտեստների նկարներով ու խորհուրդներով:

2020-ի ամռանը Հայկը հեծանվով երեք մարզ է այցելել՝ Սյունիք, Շիրակ, Լոռի: Մեզ հետ զրույցում նա պատմել է, թե ինչ նորաբաց ռեստորաններ կան այս մարզերում ու ինչքանով են գրավիչ Երեւանից դուրս գտնվող «կանգնել-ուտելու» վայրերը:

Գյուղ կա, որ խանութ չկա

Հեծանիվ վարում եմ 12 տարի, վերջին շրջանում սկսել եմ Հայաստանով հեծանիվով տուրերի գնալ՝ երբեմն միայնակ, երբեմն ընկերներիս հետ: 2020-ի ամռանը պլանավորել էի տարբեր երկրներում անցկացնել հանգիստս, բայց համավարակի պատճառով չստացվեց, Հայաստանում հեծանիվով ճամփորդեցի:

Հայկ Տիրատուրյանը՝ ընկերների հետ Լուսանկարը՝ անձնական արխիվ


Հեծանվորդի համար ուտելիքը շատ կարեւոր է, քանի որ վարելիս մեծ էներգիա եւ շատ կալորիա ես ծախսում, որը պետք է լրացնել: Երկար տուրերի ժամանակ նույնիսկ կարիք է լինում օրական մի քանի անգամ ուտել: Ճանապարհներին հիմնականում սնվելու վայրեր հնարավոր է գտնել, բացի այդ ինձ համար մեծ տարբերություն չկա՝ «գլամուր», հայտնի ռեստորան է, թե «շոշի վրայի» ուտելու տեղ:
Ի դեպ, սովորաբար մարդիկ մտածում են՝ նման ռեստորաններում վտանգավոր է ուտել, սնունդն էլ համեղ չէ, մինչդեռ ի տարբերություն Երեւանի մի շարք հայտնի ռեստորանների՝ հենց այստեղ ավելի համեղ են պատրաստում:

Հայկ Տիրատուրյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ


Հայաստանի գյուղերում ռեստորաններ հիմնականում չկան, հաճախ նույնիսկ քաղաքներում է դժվար նորմալ ուտելու տեղ գտնել: Կոտայքի մարզում Աբովյանից հետո գյուղեր կան, որ անգամ խանութներ չունեն. պետք է հետդ ուտելիք վերցնես: Նման գյուղերից է Զովաշենը, մարդիկ կողքի՝ Հատիս գյուղ են խանութ գնում. այս դեպքերում հաճախ գյուղացիներն են մեզ հյուրասիրում:

Երեւան-Սյունիք

Այս ամռան առաջին մեծ տուրը հունիսին եմ կազմակերպել դեպի Սյունիք: Ճանապարհի վրա կառանձնացնեմ Արտաշատի նորաբաց Cafe the avenue ռեստորանը. թույն ու հետաքրքիր դիզայնով վայր է՝ Տուլուզ-Լոտրեկի նկարների վերարտադրությամբ:

Հայկ Տիրատուրյանը Cafe the avenue-ում Լուսանկարը՝ անձնական արխիվ


Ուտելիքը նույնպես համեղ է ու մատչելի, ինձ խորհուրդ էին տվել այստեղի քաբաբն ուտել, բայց իմ այցի ժամանակ վերջացել էր, ու առաջարկեցին տավարի լանգետ՝ բանջարեղենով ու կարտոֆիլով:

Cafe the avenue-ի լանգետը Լուսանկարը՝ անձնական արխիվ


Զարմացել էի, որ նման ռեստորան է բացվել Արտաշատում. քաղաքն այդքան էլ տուրիստական չէ: Հաճախորդները շատ էին` հիմնականում տեղացիներ:

Արենիից Սիսիան գնացող ճանապարհին կանգնել եմ Եղեգնաձորի ֆուդ կորտում, որից հետո մինչեւ Սիսիան բավականին տխուր վիճակ է, ընդմիջելու տեղ չկա:

Karin's B&B հյուրատան ուտեստներից Լուսանկարը՝ անձնական արխիվ


Սիսիանում գիշերել եմ Karin's B&B հյուրատանը, որը երեւի իմ այցելած հյուրատներից ամենահարմարն էր: Սեփականատերը նաեւ ընտիր խոհարար էր, ե՛ւ գնալուց, ե՛ւ հետ գալուց այստեղ եմ ճաշել: Նման վայրերում նախօրոք՝ մեկ օր առաջ պետք է պատվիրել ուտեստը: Ամեն ինչը տնական էր, նույնիսկ հացն էին թխել: Համով էր հատկապես ընկույզով պատրաստած ձուկը եւ տապակած շուշանը:
 
Երեւան-Շիրակ

Մյուս ուղղությունը դեպի Շիրակ էր: Մինչեւ Գյումրի հասնելը ճանապարհին մի քանի վայրեր կան հաց ուտելու, բայց այդքան էլ հայտնի չեն, որովհետեւ Երեւանից Գյումրի մարդիկ հիմնականում գնացքով են գնում: Իսկ Գյումրին լրիվ Երեւան է դարձել. շատ նոր ու հետաքրքիր վայրեր են բացվել վերջին շրջանում:

Գյումրիում ամենահետաքրքիր վայրն ինձ համար Գըվուգ գաստրոտունն է. խանութ ու փոքր ռեստորան է, առաջարկում է հայկական ամենափախած էթնո ուտեստները՝ քյալագոշ, քյալա, չանախ, քրճիկ… Այնպիսի ուտեստներ են, որ հնարավոր է միայն տատիկդ սարքի քեզ համար, բայց Երեւանի ոչ մի ռեստորանում չես գտնի: Ռեստորանն էլ էթնո դիզայնով է, նույնիսկ սեփականատերն իր բեղերով, կարծես, 19-րդ դարից լինի: Կարծում եմ՝ այս վայրն ամենաշատը զբոսաշրջիկներին կհետաքրքրի, որոնք Հայաստան չեն գալիս բուրգեր ուտելու:

Գըվուգ գաստրոտանը


Մյուս հետաքրքիր վայրը Գյումրու կենտրոնում բացված Gyumri Garden House-ն է, Երեւանում անգամ նման հետաքրքիր ռեստորան չկա: Ուտելիքը լավն է, բայց հայկական չէ, շատ խառը խոհանոց է:

Gyumri Garden House-ը


Երբ այցելում եմ Գյումրի, առաջինն Արեգակ ներառական փուռ եւ սրճարան եմ գնում, ինձ շատ դուր է գալիս դրա սոցիալական ուղղվածությունը: Սիրում եմ նաեւ Գյումրու Herbs & Honey ռեստորանը, թույն տեղ է՝ ավելի եվրոպական ուտեստներով: Նաեւ թեյի խանութ է, հետաքրքիր տեսականի ունեն` Հայաստանից հավաքած բույսերով:

Այստեղ նաեւ շատ հայտնի է Չերկեզի ձոր կամ ինչպես հաճախ ասում են՝ Ձկի ձոր ռեստորանը: Իմ կարծիքով՝ սա Հայաստանում ամենահամեղ ձկան ռեստորանն է, այստեղ սեփական ձկնաբուծարան է գործում:

Գըվուգ գաստրոտան Վանա քալագյոշը


Գյումրիում հիմա տուրիստական մեծ բում է: Բայց, ցավոք, Գյումրին մեկօրանոց տուրիստական վայր է շատերի համար, մինչդեռ Շիրակի մարզում շատ այլ տեղեր կան բացահայտելու: Գյումրիից վերեւ դեպի Աշոցք, Ամասիա, վատ վիճակ է, այստեղ շատ դժվար կլինի որեւէ ուտելու վայր գտնել, բայց սրանք մարզի ամենահետաքրքիր տեղերն են: Նույնիսկ Թռչկանի ջրվեժի ճանապարհին որեւէ տուրիստական հարմարություն չկա, որեւէ ռեստորան կամ «կանգնել-ուտելու» տեղ չկա, գյուղերում էլ անգամ խանութներ չկան: Ցավոք, սա այլ ազդեցություն է ունենում, մարդիկ իրենց հետ են խորովածի միս ու շշեր տանում, տարածքն աղտոտում են, աղբը թողնում…

Երեւան-Լոռի

Շիրակից հետո այցելել եմ Լոռի, որն իմ ամենասիրած մարզն է: Այստեղ հետաքրքիր ու տարբերվող ռեստորան է Ստեփանավանի Քարահունջը:

Դսեղում տուրիզմը նույնպես շատ զարգացած է: Օձունում B&B Odzun-ում եմ գիշերել, շատ մատչելի գներով ու համեղ ուտեստներով խոհանոց ունեն, երեւի իմ այցելած վայրերից ամենամատչելին է:

B&B Odzun-ի խոզի չալաղաջը


Դեբետ գյուղում Չամիչ հյուրատունն է հրաշք վայր. նոր է բացվել, բայց արդեն ամեն երկրորդին մերժում են, ազատ տեղ չունեն: Ուտելիքը նույնպես համեղ է, խաշլամա եմ փորձել: Աշխատողները գյուղից են, մթերքը նույնպես ամբողջովին տեղական է:

Չամիչ հյուրատան խաշլաման


Այս մոդելը տարածված է նաեւ այլ գյուղերում, օրինակ, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի Ծաղկունք հյուրատանը նույն գաղափարն է գործում: Ռեստորան-հյուրատուն է, շեֆ-խոհարարը երկար տարիներ Մոսկվայում է աշխատել, մի օր որոշել է իր գյուղը զարգացնել ու հիմնել է այս վայրը:

Ծաղկունք հյուրատան խորովածը


Հիմա այս ռեստորանն այնքան հայտնի է, որ մեկ օր առաջ պետք է տեղ պատվիրես: Այստեղ միշտ խորոված եմ ուտում. շատ յուրահատուկ ձեւով են համեմում:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Հայկ Տիրատուրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին