×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Փոխզիջման հռչակագիրն ու կառավարությանն ուղղված նոր առաջարկները

Մայիսի սկզբին հրապարակվեց hանրային սննդի ոլորտի ընկերությունների հռչակագիրը, որը վարձատուներին առաջարկում էր գնալ փոխզիջման ու մեկ տարով վերանայել վարձակալության պայմանագիրը՝ հաշվի առնելով համավարակի պատճառած վնասները:

Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը GastroVino-ին պատմել է հռչակագրի ազդեցության, ինչպես նաեւ ոլորտի խթանման համար կառավարությանն ուղղված նոր առաջարկների մասին:

Լայն արձագանք եւ արդյունքներ

Հռչակագիրը բավականին լայն արձագանք գտավ հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունների շրջանում: Այս ընթացքում մեզ զանգահարել են ինչպես փոքր ձեռնարկություններ, օրինակ՝ հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող, այնպես էլ ավելի մեծ ընկերություններ, եւ հայտնել իրենց աջակցությունը՝ առցանց միանալով նախաձեռնությանը:

Եղել են մի քանի տասնյակ դեպքեր, երբ հռչակագիրն իր ազդեցությունն է ունեցել վարձատուների հետ իրենց բանակցություններում, եւ կարող ենք ասել, որ ընդհանուր առմամբ շատ դժվարին բանակցություններ ավարտվել են փոխզիջումային արդյունքով:

Մեր հիմնական մոտեցումը, որ պետք է գնալ զեղչերի, հիմնականում իրականացել է: Փոխզիջման տոկոսային թիվն էլ համաձայնեցվել է ըստ կոնկրետ դեպքի եւ նախկինում գործող պայմանավորվածության: Այս գործընթացը շարունակական է:

Բացի այդ, նախաձեռնությունը ոլորտի համախմբման լավ օրինակ դարձավ, քանի որ դրան միացան նաեւ մեր միության անդամ չհանդիսացող շատ ընկերություններ: Այն նաեւ կարեւոր էր գործարար պարկեշտության նոր նշաձող սահմանելու առումով:

Այս պահին կան նաեւ մի քանի ձեռնարկություններ, որոնք չեն կարողանում վարձատուի հետ համաձայնության գալ, սակայն նման դեպքերում որոշակի խնդիրներ եղել են նաեւ նախքան համավարակային սահմանափակումները: Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք փորձել խորհուրդներով եւ բարեկամական, գործընկերային միջամտությամբ այդ խնդիրները եւս լուծել:

Վերսկսված աշխատանք

Ռեստորանների մեծ մասն, իհարկե, գործում է, սակայն ելնելով առաջադրված կանոններից նվազեցրել է սեղանների քանակը, ինչը թույլ չի տալիս աշխատել ամբողջ ծավալով: Բացի այդ, շատ մարդիկ դեռեւս խուսափում են հանրային սննդի վայրեր այցելելուց:

Ներքին տուրիզմը՝ որպես փրկօղակ

Վերջերս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում բարձրացրինք մի շարք հարցեր՝ ոլորտին աջակցություն ցույց տալու համար:

Հասկանալի է, որ առաջիկայում արտերկրից տուրիստների հոսքը շատ ցածր է լինելու: Այդ իսկ պատճառով առաջարկել ենք ներքին զբոսաշրջության խթանման ծրագիր, որով պետությունը հյուրանոցներից եւ ռեստորաններից կգնի վաուչերներ՝ տրամադրելով դրանք որոշակի սոցիալական խմբերի:

Այս կերպ կկարողանանք երկու խնդիր լուծել: Նախ եւ առաջ մարզերում կկարողանանք աջակցել հյուրատներին, հյուրանոցներին, ռեստորաններին: Բացի այդ, շատ մարզերում բնակչության 40-50 %-ը Երեւանում չի եղել, իսկ նման ծրագրով տվյալ մարզերի երիտասարդությանը, տարբեր սոցիալական խմբերի կարելի է հնարավորություն տալ 1-2 օր լինել Երեւանում, ծանոթանալ գաստրո մշակույթին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Զարգացած զբոսաշրջային երկրներում շատ մեծ դեր ունի ներքին տուրիզմը, որ մեծ եկամուտ է ապահովում: Մեզ մոտ այդ մշակույթը դեռեւս տարածված չէ, իսկ այս իրավիճակը լավ առիթ է այն զարգացնելու համար:

Ներգնա տուրիզմի վերականգնում

Այժմ ստեղծվում է օնլայն համակարգ, որը փորձելու է նմանատիպ վաուչերներով, զեղչի համակարգերով գրավիչ առաջարկներ ներկայացնել նաեւ արտերկրի հյուրերին: Իրավիճակի կայունացմանը զուգահեռ՝ բազմաթիվ երկրներ փորձելու են պահել եւ ընդլայնել իրենց շուկան: Հայաստանը եւս, որպես զբոսաշրջությունը տնտեսության կարեւոր ճյուղ հռչակած երկիր, պետք է փորձի պետական որոշակի դիրքորոշում ունենալ այս հարցում եւ պետական սուբսիդավորմամբ ավիատոմսերի զեղչեր եւս նախատեսի՝ օրինակ 2 տարի ժամանակ տալով փաթեթի օգտագործման համար:

Այս կերպ հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված ծանր դրությունը, պահպանել Հայաստանը որպես տուրիստական երկիր, ինչպես նաեւ այս տարին նվազագույն կորուստներով ավարտելու դեպքում հետագայում թռիչքային աճ ապահովել:

Փոխադարձ արձագանք

Էկոնոմիկայի նախարարին առաջարկներ ներկայացնելու որեւէ դժվարություն չի եղել, ո´չ այժմ, ո´չ էլ նախկինում, եւ մեր միությունը եւս օպերատիվ արձագանքել է նախարարության կողմից ներկայացված նախաձեռնություններին: Խնդիրն այն է, որ մեր կողմից ներկայացվող առաջարկությունների քննարկումներից եւ լուծման տարբերակներից հասկանում ենք, որ դրանց կարեւորությունը լիարժեք չի գնահատվում, հաճախ կոշտ դիրքորոշում է լինում ֆինանսական աջակցության տեսանկյունից:

Վերջին հանդիպման ընթացքում կրկին բարձրացրինք հարկային արձակուրդների տրամադրման, շրջանառության հարկի նվազեցման, տարվա մեկնարկին սեզոնի համար նախապես վճարված շահութահարկի վերադարձի եւ այլ հարցեր:

Թեւ նախկինում մեր ներկայացրած առաջարկներից մի մասը որոշակիորեն ընդունվել են, սակայն եղել են բազմաթիվ խոչընդոտներ: Օրինակ՝ այս ընթացքում անգամ մեկ աշխատակից փոխած ընկերությունները զրկվում են աջակցության ծրագրին դիմելու հնարավորությունից, 2019 թվականին գործունեություն սկսած ընկերությունները եւս չեն կարողանում դիմել, քանի որ կա 2019 թվականի ամբողջ տարվա շրջանառություն ներկայացնելու պահանջ, եւ այլ նման խնդիրներ:

Վահե Գեւորգյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին