×

«Ծովինար» ռեստորանը 
 Լուսանկարը՝ risraelyan.com

Խորհրդային Հայաստանի «Իսրայելյանական» ռեստորանները

Ասում են՝ ուտեստը ռեստորանի սիրտն է, շենքը՝ մարմինը։ Հաճախ ռեստորանի շենքն է դառնում այցեքարտը, որ մարդուն բերում է ու ծանոթացնում դրա սրտի հետ։ 

«Ծովինար», «Կարս», «Արագիլ»... այս անունները լսելիս՝ Խորհրդային Հայաստանի գուրմանները, վստահաբար, կհիշեն յուրօրինակ ճարտարապետական լուծումներով շինություններն ու դրանց ներսում տարածվող համեղ ուտեստների բույրը։ 

1960-ականների Հայաստանում կառուցված այս ռեստորանները տարբեր քաղաքներում են ծնվել, հեղինակը նույն մարդն է՝ հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ 

«Ծովինարը»

«Ծովինար» ռեստորանը կառուցվել էր 1960 թվականին՝ ազգային եւ միջազգային ճարտարապետական ոճերի ներդաշնակ համադրմամբ։ 


«Ծովինար» ռեստորանը 
 Լուսանկարը՝ risraelyan.com

Հրազդան քաղաքում կառուցված ռեստորանի շենքն արտահայտիչ կերպար ուներ, եւ ճարտարապետը հաջողությամբ օգտագործել էր տեղանքի բարդ ռելիեֆը՝ շինությունը «միաձուլելով» բնության հետ։

«Ռեստորանի շինությունը տեղադրված է ջրամբարի «հրվանդանին»: Առաջին հարկի կոպտատաշ քարի համադրությունը, ասես, ժայռի շարունակությունն է, իսկ երկրորդ հարկի մեծ ապակեպատ բացվածքները հիանալի տեսարան են ապահովում ներսում գտնվողների համար: Շինության մեջ Իսրայելյանը չի օգտագործել որեւէ դեկորատիվ ատրիբուտ՝ դրանով ընդգծելով տեղանքի խստությունը եւ ցուցադրելով առանց դեկոր աշխատելու իր փայլուն ունակությունը: Ռեստորանի շենքը լակոնիկ, պարզ, ժամանակակից եւ միեւնույն ժամանակ շատ ինքնատիպ ու տպավորիչ է»,- ճարտարապետի աշխատանքն այսպես է նկարագրվում նրա կենսագրական կայքում։


«Ծովինար» ռեստորանը՝ մեր օրերում Լուսանկարը՝ risraelyan.com

Իսրայելյանի հեղինակած շինությունն այսօր էլ որպես ռեստորան է ծառայում, բայց թե արդյոք նույն համն ունեն ուտեստները ներկայի «Ծովինարում», կկարողանան ասել միայն դեռ 1960-ականներից ռեստորանի հավատարիմ հաճախորդները։

«Կարսը»

«Կարս» ռեստորանը 1965թ․ էր կառուցվել՝ Վանաձոր քաղաքի Բուսաբանական այգու մոտ: Դահլիճն ամբողջապես պատված էր հսկայական թեք ապակիներով: 


«Կարս» ռեստորանի շենքը մեր օրերում Լուսանկարը՝ risraelyan.com

Ռեստորանի այցելուները կարող էին միաժամանակ վայելել համեղ ուտեստներն ու բնության հրաշալի տեսարանը։ Այս մոդեռնիստական շինությունն աչքի էր ընկնում իր պարզությամբ։ 


«Կարս» ռեստորանի շենքը մեր օրերում Լուսանկարը՝ risraelyan.com

1988թ․ երկրաշարժի ժամանակ վնասվելուց հետո ռեստորանի շենքը կիսաքանդ է։

«Արագիլը»

1960թ․-ին Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքում կառուցված «Արագիլ» ռեստորանի շենքը սպիտակ քարից էր եւ բարձունքի վրա նստած արագիլի թռչունի գաղափարն էր արտահայտում։  


«Արագիլ» ռեստորանը Լուսանկարը՝ risraelyan.com

Ինչպես տեղեկանում ենք Ռաֆայել Իսրայելյանի կենսագրական կայքից՝ ռեստորանի շինարարության ավարտին մոտ որոշվել էր «Արագիլ» անունը փոխարինել «Մոսկվա» անունով, եւ դա ճարտարապետին շատ էր բարկացրել․

«Երբ Իսրայելյանը տեսնում է՝ ինչպես են փոխվում անվան տառերը, շատ է զայրանում եւ հանդիպում է խնդրում Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանից: Երկու օր անց ռեստորանի ճակատին էին «ԱՐԱԳԻԼ» տառերը: Այն ժամանակ սա բացարձակ անհնարին թվացող երեւույթ էր եւ, կարծես, հրաշք լիներ: Հարցն այն է, որ սպիտակ այս շինությունը` «թառած» բարձունքին, հենց «Արագիլ» պետք է կոչվեր, առավել եւս, որ շենքի արեւելյան պատի վրա մեկ ոտքին կանգնած արագիլ է պատկերված: Այն քանդակել է քարտաշ եւ ոսկերիչ վարպետ Հրաչ Ստեփանյանը»:


Հայտնի երեւանցիները՝ «Արագիլում» Լուսանկարը՝ risraelyan.com

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ցոլակ Ազիզյանը Ռաֆայել Իսրայելյանի մասին իր հուշերում գրել է․ «Շատ ուրախացավ, երբ «Արագիլ» ռեստորանը կառուցվեց։ Երբեմն, ժամանակ էինք անցկացնում այնտեղ՝ ընտանիքով, ընկերների ու բարեկամների հետ։ 


«Արագիլ» ռեստորանի շենքը՝ մեր օրերում Լուսանկարը՝ risraelyan.com

Շենքի մասին երբեք չէր խոսում, բայց հիանում էր այնտեղից երեւացող Երեւանով ու Արարատով։ Երբ նստած էինք լինում կամարների տակ, առաջարկում էր գնալ Արարատը նայելու աջ մասում կառուցված տաղավարից, որ հատկապես կառուցվել էր այդ լեռը վայելելու համար»։

Պատրաստել է Մարի Թարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին