×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Պարետատան կանոնները՝ ռեստորանների եւ սրճարանների համար

Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոններ են սահմանվել։ Համաձայն որոշման՝ առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ 

Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ

Պարետի որոշմամբ սահմանված կանոնների համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում պետք է նշանակվի կանխարգելիչ միջոցառումների պատասխանատու, ով պետք է կատարի առնվազն ախտահանումների, աշխատողների եւ այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները։ 

Պատասխանատուն հսկելու է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների եւ հիգիենիկ նորմերի պահպանումը, ապահովելու է ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների եւ հիգիենիկ նորմերի պահպանման համար անհրաժեշտ պարագաները, նյութերն ու հարմարությունները:

Աշխատանքները կազմակերպելիս՝ ընկերությունը պետք է հնարավորինս ձեռնպահ մնա բարձր ռիսկային խմբի աշխատողներին (բարձր տարիքի, թույլ իմունային համակարգ, շնչառական եւ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք) աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները, որոնք վերաբերում են պարապուրդի ժամանակ վճարմանը։  

Ընկերությունը պետք է ապահովի աշխատողներին եւ հաճախորդներին անվտանգ վարվելականոնների եւ սանիտարահամաճարակային անվտանգության պահանջների վերաբերյալ պատշաճ իրազեկումը։

Անձնակազմի համար կանոններ

Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը պետք է չափվի օրական նվազագույնը երկու անգամ, որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ։ Այդ մասին տվյալները պետք է լրացնել գրանցամատյանում:

Աշխատողները մշտապես պետք է կրեն անհատական պաշտպանության միջոցներ՝ ձեռնոցներ եւ մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակ, որոնք պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ: Ձեռնոցների եւ մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաեւ խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: Աշխատակիցներին արգելվում է աշխատանքային վայրը լքելը ընդմիջման նպատակով: 

Հաճախորդների սպասարկման կանոններ

Հաճախորդներին պետք է ջերմաչափել սպասարկումից առաջ՝ մուտքի մոտ։ Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հաճախորդների սպասարկման սեղանները պետք է տեղակայել այնպես, որ տարբեր սեղանների հաճախորդների միջեւ ապահովվի առնվազն 1.5 մետր հեռավորություն։

Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը: Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը: Արգելվում է նաեւ նարգիլեի օգտագործումը: 

Տարածքին վերաբերող կանոններ

Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք եւ սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով: 

Հանրային սննդի օբյեկտի ընդհանուր մուտքի, զուգարանի եւ խոհանոցի մուտքերի մոտ պետք է տեղադրվեն ախտահանիչներով տարաներ, անձեռոցիկներ եւ փակ աղբարկղեր: 

Աշխատողները պետք է  ապահովված լինեն մեկանգամյա օգտագործման դիմակների եւ ձեռնոցների պահուստային պաշարով, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաեւ անձեռոցիկներով: 

Աշխատողների սնվելու համար պետք է հատկացվի առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք եւ սառը ջրի, ինչպես նաեւ մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ: 

Աշխատանքային տարածքի ախտահանումը

Աշխատանքի մեկնարկին եւ ավարտին պետք է կատարվի տարածքի ախտահանում՝ օգտագործելով 60-80%-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ: 

Մանրակրկիտ պետք է ախտահանվեն հատկապես շփման բոլոր մակերեսները եւ հաճախակի օգտագործվող պարագաները։ 

Անհրաժեշտ է յուրաքանչյուր սեղանի մոտ պարտադիր ապահովել 60-80%-ոց սպիրտային հիմքով ձեռքերի ախտահանիչներ, կոսմետիկ միջոցներ կամ ախտահանիչ անձեռոցիկներ։

Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ բոլոր փակ տարածքները պետք է օդափոխվեն, դռների բռնակները, բազրիքները, սեղանները, աթոռի թիկնակները (բազկաթոռների արմնկակալների), լվացարանները, ինքնասպասարկման ցուցափեղկերը, զուգարանները պետք է ախտահանվեն։ 

Ախտահանման համար կիրառվում են գրանցված եւ հանրային սննդի կազմակերպություններում կիրառվելու համար թույլատրվող ախտահանիչ միջոցներ, որոնց կիրառման հրահանգներում նշված են վիրուսային վարակների ժամանակ շրջակա միջավայրի առարկաների ախտահանման ռեժիմները: 

Սրբիչները եւ հիգիենայի այլ պարագաներն ամեն օր՝ աշխատանքից հետո, պետք է կա՛մ լվացվեն մասնագիտացված կազմակերպություններում, կա՛մ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ հանրային սննդի կազմակերպման վայրում: 

Սպասքի եւ խոհանոցային պարագաների ախտահանումը

Պարետի որոշմամբ՝ նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր ախտահանման պայմանով: 

Միաժամանակ օգտագործվող ճաշի սպասքի եւ պարագաների քանակը պետք է բավարարի ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նպատակահարմար է, որ հանրային սննդի օբյեկտները հագեցված լինեն ախտահանման ազդեցությամբ սպասք լվացող մեքենաներով։ Սպասքի մեքենայացված լվացումը մասնագիտացված լվացող մեքենաների մեջ կատարվում է 65°C–ից ոչ ցածր ջերմաստիճանում՝ 90 րոպե տեւողությամբ: 

Սպասքի՝ ձեռքով լվացման համար պետք է ապահովվեն եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի եւ սեղանի պարագաների համար: Լվացման ժամանակ անհրաժեշտ է ապահովել հոսող ջրի 40 °C–ից ոչ ցածր ջերմաստիճան, իսկ պարզաջրման ժամանակ՝ 65°C–ից ոչ ցածր ջերմաստիճան։ Սպասքի ձեռքով լվացման համար սահմանված կանոնների մանրամասն կարելի է ծանոթանալ պարետի որոշման մեջ։  

Մեկանգամյա սպասքի կիրառման դեպքում՝ օգտագործված սպասքը պետք է հավաքել սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ եւ տեղափոխել աղբավայր: 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին