×

Լուսանկարը՝ https://biletix.ru/

Ռեստորատորները կոչ են անում նորից դիտարկել իրենց առաջարկները

Ռեստորանների հայկական միությունն (ՌՀՄ) այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կորոնավիրուսի համաճարակի ՀՀ-ում տարածման եւ ապա արտակարգ դրության առաջին իսկ օրերից հաշվի են առել հանրային շահերի առաջնահերթությունը եւ շարունակել օրինապաշտորեն կատարել իրենց սոցիալական եւ հարկային պարտավորություններն ու նաեւ իրականացրել բարեգործական նախագծեր՝ աջակցելով համաճարակից առավել տուժած մեր հայրենակիցներին։

Ստեղծված ճգնաժամից ոլորտը եւ հարակից սպասարկման ծառայությունները նվազագույն կորուստներով դուրս բերելու հնարավոր լուծումներ առաջարկելու համար Հայաստանի շուրջ 300 ռեստորաններ եւ սրճարաններ համախմբող ՌՀՄ-ն նախաձեռնել էր հանդիպումներ պետական պատկան մարմինների եւ կառավարության ներկայացուցիչների հետ, առաջարկելով հետեւյալը.

1․ Հանրային սննդի ձեռնարկությունների համար սառեցնել առաջին եռամսյակի վերջին ամսվա եւ երկրորդ եռամսյակի շրջհարկի եւ եկամտահարկի վճարումը։

2. ԿԲ-ի կողմից ցուցաբերել առավելագույն միջամտություն՝ չեղարկել ոլորտի ձեռնարկությունների վարկային միջոցների գոյացրած տոկոսները մարտ ամսի եւ երկրորդ եռամսյակի ընթացքում։

3. Քննարկել ոլորտի ձեռնարկություններին անհրաժեշտության դեպքում արտոնյալ պայմաններով, անտոկոս վարկերի տեսքով կանխիկ դրամահոսքի ապահովման հնարավորությունը։

4. Ոլորտի ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի մատնված աշխատակազմին տրամադրել դրամային փոխհատուցում պարապուրդի ժամանակ վճարվելիք աշխատավարձի կեսի չափով՝ գործատուին թողնելով մյուս կեսը վճարելու պարտավորությունը:

Ցավոք, Կառավարության կողմից մարտի 26-ին ընդունված եւ հրապարակված՝ «Տնտեսվարողներին աջակցության միջոցառումներ» փաթեթները չեն պարունակում ներկայումս ճգնաժամի մեջ գտնվող հանրային սննդի եւ սպասարկման այլ ծառայությունների ոլորտին սատարող որոշումներ հետեւյալ պատճառներով՝

1. Կորոնավիրուսի պատճառով փակված եւ չգործող, շահույթ չստացող ձեռնարկությունները չեն կարող ներգրավել վարկային միջոցներ, այսպիսով էլ ավելի մեծացնելով վարկային բեռը եւ ֆինանսական պարտավորությունները, որոնք ստեղծված իրավիճակում չեն կարող կատարել:

2. Կառավարությունն առաջարկում է տոկոսով վարկ տրամադրել իր հանդեպ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ հոգ չտանելով այն մասին, թե ինչպես է պարտքերի մեջ հայտնված եւ շահույթ չունեցող բիզնեսը հետագայում եւս կատարելու իր պարտավորությունները:

3. 5-րդ փաթեթով նախատեսված մեկանգամյա դրամաշնորհը, որը փաստացի կազմում է յուրաքանչյուր աշխատակցի համար մեկ ամսվա աշխատավարձի մինչեւ 20% -ը, չի կարող լուծել նույնիսկ կարճաժամկետ սոցիալական խնդիրներ, որի բեռը, փաստորեն, կրկին մնում է չաշխատող բիզնեսի վրա։

Ելնելով վերը նշյալից՝ կոչ ենք անում Կառավարությանը եւս մեկ անգամ դիտարկել մեր առաջարկները, որոնք միտված են ապահովել ոլորտի նվազագույն կենսունակությունը, ճգնաժամից դուրս գալու հնարավորությունն ու հետճգնաժամային զարգացումը»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին