×

Ժիրայր Ավանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ժիրայր Ավանյանի՝ «Դոլմամայի» «անտիպոդ» «ՍՖ Բիստրոն»

«ՍՖ Բիստրոն» պատրաստ է այցելուներին մատուցել համեղ լանչ եւ ապահովել գեղեցիկ երեկոներ՝ մեկ գավաթ գինու շուրջ: Նորաբաց խորտկարանը գտնվում է Պուշկին 10 հասցեում՝ «Դոլմամա» ռեստորանի հենց կողքը: 

«ՍՖ Բիստրոյի» հիմնադիր Ժիրայր Ավանյանը GastroVino-ին պատմել է խորտկարանի հայեցակարգի եւ մենյուի առանձնահատկությունների մասին: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Դոլմամայի» «անտիպոդը»

«Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի խոսքով՝ նորաբաց խորտկարանը՝ «ՍՖ Բիստրոն» ինչ-որ առումով «Դոլմամայի» անտիպոդն է:

««Դոլմաման» դարձել է մի վայր, որն ունի իր փառքն ու դրանով ձեռք բերված «անհասանելիությունը»: Կարծելով, որ դա անարդար է՝ որոշեցինք ստեղծել մի վայր, որն օգտագործելով փոքր մասնիկներ հենց «Դոլմամայից»՝ կներկայանա որպես բոլորին հասանելի»,- պատմում է նա: 


Ժիրայր Ավանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Խորտկարանի անվան առաջին գլխատառերը նշանակում են Սանտա Ֆամիլիա՝ Սուրբ ընտանիք: Ժիրայր Ավանյանը պատմում է, որ դա իր հորեղբոր սիրելի կենացն էր, եւ այդ անունն իր համար ունի ընտանեկան նշանակություն: 

««Դոլմամա»-ի այցելուների մեծ մասն օտարերկրացիներ են: Մեզ չհաջողվեց շատ տեղացի հաճախորդների ներգրավել՝ նրանց թիվը երբեք 30 %-ը չի գերազանցել: Հույս ունենք «ՍՖ Բիստրոյում» ընդունել ավելի շատ տեղացի հաճախորդների»,- նշում է հիմնադիրը: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սենդվիչի ամերիկյան մշակույթը

«Գալով Միացյալ Նահանգներից՝ փորձում եմ Հայաստանում ներդնել սենդվիչների պատրաստման ամերիկյան մշակույթը: Այնտեղ սենդվիչները հսկայական են եւ դրանց բաղադրությունը միշտ հացից ավելի ծավալուն է: Սենդվիչում երջանկություն կա, այն ինքնուրույն է՝ ուտում ես առանց դանակ եւ պատառաքաղ օգտագործելու»,- ասում է Ժիրայր Ավանյանը:

Նրա խոսքով՝ խորտկարանի սենդվիչներում մարդիկ ստիպված չեն լինի փնտրել դրա բաղադրությունը եւ այն կբավարարի ինչպես քանակով, այնպես էլ համային նրբերանգներով:

Հացն այստեղ եւս յուրահատուկ է: Այն գնում են անհատ ձեռներեցից, որը հացը պատրաստում է ձեռքով եւ առանց խմորիչի: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Միայն տեղական գինիներ

«ՍՖ Բիստրոյի» առաջին սրահում այցելուն կարող է ընտրել ցանկացած գինի՝ մեկ գավաթի համար վճարելով 1500 դրամ: Երկրորդ սրահում էլ ներկայացված է գինիների տեսականի եւ Darget գարեջուր՝ նախատեսված վաճառքի համար: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Այստեղ միայն հայկական գինիներ են: Ինձ շատ է դուր գալիս այն, ինչ այժմ կատարվում է գինու ոլորտում: Երբ մի քանի ամիս չեմ հետեւում ոլորտի զարգացումներին, հետո հաճելիորեն զարմանում եմ՝ տեսնելով, որ այդ ընթացքում մի քանի նոր ընկերություններ են ի հայտ եկել՝ բարձրորակ գինու առաջարկով»,-պատմում է Ժիրայր Ավանյանը: 


Ժիրայր Ավանյանը

Նրա խոսքով՝ այցելուներին արտասահմանյան գինիներ առաջարկելու կարիք չկա, քանի որ հայկականն ունի անհրաժեշտ տեսականին: 

«Ոսկեհատը ինքն իրենով հրաշալի բնավորություն ունեցող խաղող է, Արենին նույնպես, եւ անգամ Շիրազ տեսակը, որ թեեւ հայկական չէ, Հայաստանի հողը շատ է սիրում»,- նշում է Ժիրայրը: 


Ժիրայր Ավանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Համեղ լանչ ու ջերմ երեկո

«ՍՖ Բիստրոյի» առաջին սրահ մտնելուն պես ներսի պատին կարելի է նկատել հատուկ պատուհան, որտեղ ցուցադրված է սեփական արտադրության բաստուրմայի եւ սուջուխի տեսականին: Սրահները ձեւավորված են ֆրանսահայ նկարիչ Հենրիկ Բասմաջյանի եւ Սարգիս Համալբաշյանի աշխատանքներով: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ժիրայր Ավանյանը կարծում է, որ «ՍՖ Բիստրոն» այցելուների համար կդառնա ինչպես համեղ լանչի, այնպես էլ ջերմ երեկոների անցկացման վայր: Հետագայում կսկսեն մատուցել նաեւ նախաճաշ: 

Հիմնադիրը պատմում է, որ իրեն հաճախորդի տեղն է դնում եւ ստեղծում այնպիսի մենյու, որը նախ եւ առաջ դուր կգա իրեն: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Այս խորտկարանի պակասը ինքս զգացել եմ: Ուզում էի երիտասարդանալ ու ինձ համար ստեղծեցի այս վայրը: Այստեղ կարելի է հանգիստ զրուցել, սուրճ խմել՝ առանց մտահոգվելու, որ այն կարող է թափվել սփռոցին, քանի որ սեղանին սփռոց պարզապես չկա»,- եզրափակում է նա: 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին