×

Լուսանկարը՝ Երեմյան Փրոջեքթս

«Չորս ձեռք» եւ հայ-իտալական համային սիմֆոնիա՝ «Լիվինգսթոնում»

«Լիվինգսթոն» ռեստորանի խոհանոցում հայկական եւ իտալական նուրբ բույրեր են «պարում»: Չորս ձեռք. երկուսը հայկական, երկուսն՝ իտալական, հայկական մթերքին իտալական ոգի են տալիս, եւ քիչ անց կոնցեպտուալ ռեստորանի հյուրերին կհասնի իրական համի «սիմֆոնիան»։  

«Սիմֆոնիայի» արարողները Միշլենյան աստղերի արժանացած աշխարհահռչակ խոհարար Իտալո Բասին եւ հեղինակավոր շեֆ-խոհարար Ռաֆայել Կազումյանն են։ «Երեմյան Փրոջեքթս»-ի հրավերով՝ իտալացի խոհարարը հայ գործընկերոջ հետ, տեղական մթերքի նորովի մատուցմամբ եւ ուտեստների պատրաստման յուրօրինակ տեխնիկաներով, սեթ-մենյու է պատրաստում, որը բարձր խոհանոցի եւ բարձրակարգ սպասարկման արվեստի իրական գնահատողների համար է։  


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Խոհարարական աշխարհում լավագույնը համարվող՝ Փարիզի «Cordon Bleu»-ի շրջանավարտ, Ռուսաստանի «Մաստեր շեֆ» շոուի հաղթող Ռաֆայել Կազումյանը, ով աշխատել է Միշլենյան 2 աստղ ունեցող մի շարք ռեստորաններում, «Չորս ձեռք» ձեւաչափով խոհարարական միջոցառումների էլի է մասնակցել, ասում է՝ դա իր համար հետաքրքիր է, քանի որ սիրում է թիմային աշխատանքը։

«Շատ հաճելի, թեժ միջավայրում ենք աշխատում։ Ֆյուժն խոհանոցը բարդ բան է ինձ համար, որովհետեւ ավանդական խոհանոցների հետեւորդ եմ, իսկ ֆյուժնի դեպքում տարբեր խոհարարական մշակույթներ ես համատեղում։ Այսօր փորձել ենք աշխատել ավանդական իտալական ոճով՝ օգտագործելով հայկական, սեզոնային մթերք։ Երբ մարդ գնում է այլ երկրում գտնվող իտալական խոհանոց, խոհարարը պետք է մատուցի երկու երկրների խոհանոցների համադրությունը։ Իտալական խոհանոցը մթերքի մասին է, ճաշակողը պետք է զգա լավ որակի մթերքի համը։ Հիմա մենք հայկական որակյալ մթերքով իտալական խոհանոցն ենք ներկայացնում»,- սեթ-մենյուն պատրաստելու ընթացքում GastroVino-ին պատմում է Ռաֆայել Կազումյանը։


Լուսանկարը՝ Երեմյան Փրոջեքթս

Հիմնական մենյուի բացումից առաջ հյուրերը փորձում են շեֆ խոհարարների «Welcome from kitchen» ուտեստները՝ տոմատ-մոցարելլա, ձիթապտուղ, լորի ձու՝ սեւ խավիարով: Այնուհետեւ նրանց սեղաններին են հասնում նրբահամ ուտեստները՝ բարձրաճաշակ մատուցմամբ։


Լուսանկարը՝ Երեմյան Փրոջեքթս

Հյուրերի համար խոհարարների պատրաստած առաջարկը հարուստ է, ընտրության լայն հնարավորությամբ. 

1. դդմիկի կարպաչո՝ ապխտած սուլուգունիով եւ բոտարգայով, 

2. տաք իշխանը նորիի տերեւներում՝ բրոկոլիի խյուսով, կանաչ կարրի, կարմիր խավիարով,

3.ռավիոլի պոլենտայի կրեմով, նապաստակի մսից ռագու, գազար, 

4. դդումով ռիզոտո, պարմեզանի ֆոնդյու, սունկ մորխ, 

5. լոր՝ լցոնած խոտաբույսերով, գետնախնձոր, տրյուֆել։

Ընթրիքի վերջում հյուրերին քաղցր համային «նիրվանա» էր սպասվում՝ խուրմայից մուս, հալվա, շոկոլադե սֆերա ընդեղենով եւ մանդարինով: 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի ու «Երեմյան Փրոջեքթս»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին