Խորովածի փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 18-ին, մեկնարկը կտրվի 15:00-ին: Եթե նախկինում թիմերի հավաքագրման խնդիրներ էին առաջանում ու կազմակերպիչները ստիպված էին լինում համոզել իրենց ընկերներին, այս տարի արդեն գրանցվել է 14 ռեստորանի թիմ, 10-ից ավելի թիմ կկազմավորեն տեղի բնակիչները: Թիմերն ու խոհարարները կմրցեն իրար հետ ու հյուրերին կփորձեն զարմացնել հետաքրքիր գաղափարներով:
Փառատոնից առաջ կազմակերպիչները ներկայացրել են միջոցառման մանրամասները:
Ինչպես Ախթալան դարձավ «խորովածի մայրաքաղաք»
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասել է, որ 11 տարի առաջ մարդիկ թերահավատորեն էին մոտենում փառատոնի կայացմանը, քանի որ այն ժամանակ խոհարարական միջոցառումներ չէին իրականացվում: Տարիներ անց՝ 2017-ին, փառատոնի կազմակերպիչները Ախթալան հռչակեցին «Խորովածի մայրաքաղաք»։ «Խորովածի փառատոնը» նպաստել է, որ Ախթալան ճանաչելի դառնա ինչպես Հայաստանում, այնպես է երկրի սահմաններից դուրս, բարեկարգվի, ավելանան ռեստորաններն ու հյուրատները:
Սեդրակ Մամուլյանն ասել է, որ տասը տարիների ընթացքում եղել են չհաջողված, վատ կամ շատ լավ կազմակերպված միջոցառումներ: 11-րդ փառատոնի կայացման հարցում խնդիրներ են ծագել, սակայն դրանք հաղթահարվել են:
Կազմակերպիչների նպատակն է աշխարհին ցույց տալ, որ հայկական խոհանոցն ամենահամեղն է, բազմազանը, հայերն էլ ամենաբարի ու հյուրընկալ ժողովուրդն են:
Փոքրիկ «ռեստորաններ»՝ «մանղալների» շուրջ
Փառատոնների մասնակիցները կարեւորում են խորովածի համը, տեսքը եւ, իհարկե, մատուցման ձեւը: Այս տարի առաջին անգամ մասնակից թիմերն իրենց պատրաստած ուտեստները կարող են մատուցել կրակարանների (մանղալների) մոտ գտնվող տաղավարներում: Կազմակերպիչները պատրաստակամություն են հայտնել տրամադրել սեղաններ եւ աթոռներ:
Երբ մրցում են խոհարարները
Փառատոնի մրցութային մասի անվանակարգերն այս տարի նույնն են, ինչ նախորդ տարիներին՝ «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում»: Ժյուրիի կազմում արվեստագետներ են, երգիչներ, խոհարար, նաեւ պրոֆեսիոնալ խոհարար-դատավոր Արտյոմ Ենգոյանը:
Սեդրակ Մամուլյանը տեղեկացրել է, որ մրցութային մասին ներկայացվող խորովածները շատ բազմազան են, երբեմն էլ զարմանալի: Մսի, ձկան ու բանջարեղենի կողքին կարելի է տեսնել նաեւ խորոված հավկիթ, մրգեր ու այլ մթերքներ:
Երեք տարի առաջ մասնակիցներից մեկը պատրաստել է գառան ստամոքսի խորոված:
«Հայկական ազգային խոհանոցում կա գառան ստամոքսի մեջ լցոնված միս: Այն Անիի խոհանոցի տարր է, սակայն չի խորովվում: Այս դեպքում մասնակիցն այն խորովել էր: Ինձ զարմացրել է նաեւ ձմերուկի խորովածը, որի հեղինակը տարեց տղամարդ էր»,- ասել է Մամուլյանը:
Ովքե՞ր են սպասում փառատոնին
«Խորովածի փառատոնին» սպասում են ինչպես Ախթալայի բնակիչները, այնպես էլ օտարերկրացիները: Հատկապես հետաքրքրված են ռուս եւ վրացի զբոսաշրջիկները: Դեռ մեկ տարի առաջ նրանք պլանավորել են այցելել Հայաստան՝ մասնակցելու փառատոնին:
Փառատոնը համագործակցում է Տուրիզմի ֆեդերացիայի հետ: Ֆեդերացիայի նախագահ, նաեւ փառատոնի ժյուրիի անդամ Մեխակ Ապրեսյանն ասել է, որ փառատոնը նպաստում է տնտեսական ակտիվացմանն ու ներդրումների գրավմանը:
«Համայնքի բնակիչները սպասում ու պատրաստվում են փառատոնին, քանի որ հնարավորություն են ունենում իրացնել իրենց պատրաստած ապրանքները, ներկայացնել ծառայությունները: Փառատոնները ավանդույթների վերականգնման, դրանք միջազգային հանրությանը ներկայացնելու համար կարեւոր հարթակ են»,- ասել է նա:
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: