Առողջ սնվելը կարեւոր է ինչպես մարմնի, այնպես էլ մտքի համար: Երբ առողջ ենք ուտում, մեզ լավ ենք զգում, երբ լավ ենք զգում, ավելի երջանիկ ենք, երբ երջանիկ ենք, ավելի արդյունավետ ենք… Եվ այս շրջանը շարունակական է: Բարեբախտաբար, մեզ մոտ էլ գնալով ավելի ու ավելի է կարեւորվում առողջ սնվելը. բացվում են սննդի նոր կետեր եւ վաճառքում են հայտնվում այնպիսի մթերքներ, որոնց օգնությամբ կարող ենք պահպանել ճիշտ սննդակարգը:
Համացանցում հազարավոր հոդվածներ կան առողջ ուտելիքների դասակարգումներով: Մեր ուսումնասիրության արդյունքում փորձել ենք առանձնացնել այն մթերքները, որոնք առկա են գրեթե բոլոր ցանկերում եւ որոնք հնարավոր է գտնել Հայաստանում:
1. Սպանախ
Սննդանյութերով հարուստ այս կանաչին շատ հասանելի է մեր երկրում: Այս առողջարար մթերքը՝ չնայած քիչ կալորիականությանը, շատ էներգիա է հաղորդում: Պարունակում է նաեւ A Վիտամին, K Վիտամին, ինչպես նաեւ ֆոլաթթու: Ցանկալի է օգտագործել հում վիճակում աղցանների մեջ, որպեսզի առավելագույնը պահպանվեն սպանախի օգտակար հատկությունները:
2. Սեւ լոբի
Սեւ լոբին լի է հակաօքսիդանտներով, այն դանդաղ է մարսվում, ինչի շնորհիվ երկար ժամանակ հագեցած կլինեք: Լոբին պարունակում է կալցիում, պրոտեին եւ մանրաթելեր: Օգտակար են լոբու բոլոր տեսակները, նաեւ կանաչ լոբին: Լոբազգիների շարքում իր օգտակարությամբ կարելի է առանձնացնել նաեւ ոսպը: Բուսակերների համար լոբին եւ ոսպը մսին փոխարինող համար առաջին սննդատեսակներն են:
3. Ընկույզ
Ընկույզի մեջ ավելի շատ հակաօքսիդանտներ կան, քան որեւ այլ տեսակի ընդեղենում: Ընկույզը հարուստ է նաեւ E Վիտամինով, Օմեգա 3 յուղերով եւ առողջ ճարպերով:
4. Ավոկադո
Շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու ավոկադո օգտագործելով՝ ձեր օրգանիզմում կլրացնեք առողջ ճարպերի, B6 Վիտամինի եւ ֆոլաթթվի պահանջը:
5. Բրոկոլի
Բրոկոլին K եւ C Վիտամինների, կալցիումի, մանրաթելերի, ֆոլաթթվի հրաշալի մատակարար է:
6. Ծնեբեկ
Մի թերագնահատեք նաեւ հետաքրքիր անվանումով Ասպարագուսը կամ պարզապես մեզ հայտնի ծնեբեկ բույսը: Այն շատ հարուստ է երկաթով, մագնեզիումով եւ բազմաթիվ վիտամիններով: Ծնեբեկ գնելու համար ամենալավ շրջանը ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներներն են:
7. Սեւ շոկոլադ
Հրաշալի լուր շոկոհոլիկների համար: Վերջին հետազոտությունների համաձայն, սեւ շոկոլադն ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում, քան բազմաթիվ մրգերից քամված հյութերը: Բացի նրանից, որ այն պահպանում է օրգանիզմը տարբեր վարակներից եւ կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները, այն նաեւ դրական է ազդում տրամադրության վրա:
8. Ազնվամորի
Ինչպես եւ շատ այլ հատապտուղներ, ազնվամորին եւս լի է հակաօքսիդանտներով, օգնում է օրգանիզմը հեռու պահել հիվանդություններից: Այն պարունակում է C Վիտամին, կալցիում եւ երկաթ:
9. Սխտոր
Սխտորը շատ հայտնի է իր կանխարգելիչ հատկություններով, այն սպանում է բակտերիաներին եւ ունի հակաբորբոքային հատկություններ: Եթե սխտոր սիրում եք, ուրեմն շատ երջանիկ մարդ եք:
10. Քինոա
Վերջին շրջանում քինոան շատ տրենդային է առողջ մթերքների շարքում: Այն հարուստ է բարձր պրոտեիններով (շատ նորաձեւ է այն մարդկանց շրջանում, ովքեր միս չեն օգտագործում), հակաօքսիդանտներով եւ հանքանյութերով: Քինոան շատերը հացահատիկ են համարում, բայց իրականում այն ուտելի սերմ է:
Պատրաստել է Մարիամ Մանոյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: