Անարատ մեղրը, սեփական այգու կամ վայրի բնության մեջ աճած պտուղ-բանջարեղենը, եթե անգամ զերծ են թունաքիմիկատներից, չեն կարող համարվել օրգանական: Դրանք նախ պետք է անցնեն սերտիֆիկացում, համապատասխան լինեն ստանդարտների պահանջներին, որպեսզի մակնշվեն որպես «օրգանական», «բիո», «էկո» ապրանք: Միայն այս ընթացակարգն անցնելուց հետո ապրանքը կարող է ներկայացվել տեղական կամ արտասահմանյան շուկաներում:
Հայաստանում գործում է օրգանական գյուղատնտեսության մասին օրենք, որը հստակ սահմանում է, թե գյուղատնտեսական որ արտադրանքն է համարվում օրգանական:
Գյուղատնտեսության նախարարությունում ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի կողմից խորհրդատու Աշոտ Գրիգորյանը, GastroVino-ի հետ զրույցում խոսելով «օրգանական», «բիո» կամ «էկո» ապրանքների եւ դրանց մակնշման մասին, ասել է, որ օրգանական գյուղատնտեսական արտադրանքը պետք է համապատասխանի որոշակի միջազգային եւ տեղական ստանդարտներին։
Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը նախ մատնանշել է Հայաստանում այդ տեսակի սննդի դեպքում կիրառվող սխալ տերմինի խնդիրը. նա կողմ է ոչ թե «օրգանական», այլ «էկո» կամ «բիո» սահմանումներին:
«Ամբողջ աշխարհում գործածվում է «էկո» եզրույթը, իսկ Հայաստանում՝ «օրգանական» բառը: Սնունդը առհասարակ օրգանական է, հազվադեպ դեպքերում է, երբ գործ ենք ունենում սինթետիկ նյութերի հետ: Այս եզրույթի տակ հասկանում ենք գյուղատնտեսության հատուկ կանոններ, որոնք ենթադրում են, որ չպետք է օգտագործվեն քիմիական նյութեր, որոնք բացասական ազդեցություն են ունենում ոչ միայն մարդու առողջության, այլեւ շրջակա միջավայրի վրա»,- ասում է նա:
Տերմինները, շփոթմունքն ու ավելի ուշադիր սպառողը
Դավիթ Պիպոյանը հիշում է, որ տարիներ առաջ «Մոսկվա» կինոթատրոնում փակցրել էին օրգանական սննդի մասին պատմող մեծ, գեղեցիկ գովազդային վահանակ: Երբ մասնագետները խնդրել էին ներկայացնել սերտիֆիկատ, պարզվել էր, որ արտադրողը նման փաստաթուղթ չունի եւ «օրգանականի» անվան տակ ներկայացնում է այլ արտադրանք: Վահանակը հեռացվել էր համապատասխան մարմինների օգնությամբ: Դավիթ Պիպոյանն ասոմ է, որ նման դեպքերը հիմա էլ շատ են:
«Օրգանիկ մթերքների պահանջարկը տարեցտարի ավելանում է, բոլոր երկրներում իրականացվում են նաեւ սպառողների իրազեկման աշխատանքներ: Մեր երկրում, ցավոք, հանրային իրազեկում չի իրականացվում, պետականորեն խթանման աշխատանքներ չեն տարվում: Ով ինչ ապրանքի վրա ասես «էկո» է գրում: Պտուղ-բանջարեղենն իրացվում է առանց համապատասխան մակնշումների, եւ հնարավոր չէ տարբերել, թե որն է օրգանական, որն է ավանդական, որը՝ ԳՄՕ: Բազմաթիվ են դեպքերը, երբ ապրանքի վրա գրում են «բիո» կամ «օրգանական», հետո պարզվում է, որ ոչ մեկն է, ոչ էլ մյուսը»,- նշում է Դավիթ Պիպոյանը:
Վանաձորի շուկայում | Լուսանկարը՝ Jonathan George
Գյուղատնտեսության նախարարության փորձագետ Աշոտ Գրիգորյանն ասում է, որ աշխատանքներ են տարվում տեղական շուկայում օրգանականը ոչ օրգանականից տարբերակելու համար: Հայաստանում գործում են օրգանական սննդի խանութներ, որոշ սուպերմարկետներում կան հստակ առանձնացված տարածքներ, որտեղ վաճառվում է օրգանական սնունդ:
«Եվրամիության ֆինանսավորմամբ գործող ՕԳԱՆ ծրագրի շրջանակում ստեղծվել են տաղավարներ, որպեսզի մարդիկ կարողանան տարբերակել օրգանականը ոչ օրգանականից: Բացի այդ, գոյություն ունեն նաեւ պիտակավորման ստանդարտներ, որոնք պետք է պարտադրվեն: Այս սահմանափակումներն օգնում են, որպեսզի սպառողները չշփոթվեն»,- նկատում է Աշոտ Գրիգորյանը:
Պարզվում է՝ «շփոթվում» է ոչ միայն սպառողը, այլեւ արտադրողը: Մարդիկ կարծում են, որ եթե իրենք են աճեցրել պտուղ-բանջարեղենը, ապա այն կարող է «օրգանական» կամ «բիո» համարվել:
«Երբ օրգանական արտադրանք ներկայացնողին հարցնում ես՝ սրսկե՞լ եք, դրական պատասխան է տալիս: Ջերմոցում կարելի է աճեցնել օրգանական մթերքներ, եւ հակառակը, սեփական այգում կարող եք աճեցնել արտադրանք, որը որեւէ կապ չի կարող ունենալ այս տեսակի մթերքների հետ»,- պարզաբանում է Դավիթ Պիպոյանը:
Աշոտ Գրիգորյանի կարծիքով՝ սպառողն ավելի ուշադիր է դարձել, օրգանական մթերք արտադրողներն էլ իրենց հերթին են հետեւում մրցակիցներին, նույնիսկ եթե վերստուգիչ մարմինները չհասցնեն պատշաճ ստուգումներ անցկացնել, միեւնույն է, սերտիֆիկատ չունեցող արտադրանքի մասին տեղեկությունը կհասնի իրենց:
«Այժմ աշխատում ենք օրգանական արտադրողների ռեգիստրի ստեղծման ուղղությամբ: Մինչեւ օրենքը կընդունվի, խնդիր կա տերմինների օգտագործման հետ: Կազմակերպություններ կան, որոնց անվան մեջ օգտագործվում է «էկո» բառը, սակայն նրանք օրգանական սնունդ արտադրողներ չեն: Նոր օրենքի կարգավորումներով ստուգման, վերստուգման պրոցեսներն ավելի կխստանան, որպեսզի սպառողների շահերը մաքսիմալ պաշտպանված լինեն»,- ասում է Աշոտ Գրիգորյանը:
Տեղական շուկան
Հայաստանում օրգանական սննդի պահանջարկը մեծ չէ: Աշոտ Գրիգորյանն ասել է, որ մեր երկրում այս պահին 80-ից ավելի կազմակերպություն կամ սերտիֆիկացված է, կամ անցումային շրջանում է:
«Նախ պետք է տեղական շուկայի պահանջարկը բարձրանա, որպեսզի ֆերմերների մոտ շահագրգռվածությունն ավելանա, որովհետեւ ոչ բոլորն են կարող արտահանել արտադրանքը: Մյուս կողմից, երբ արգելվում է թունաքիմիկատների, պարարտանյութերի օգտագործումը, որոնք կնպաստեին ավելի շատ բերք ստանալուն, միավոր հողակտորից ավելի քիչ արտադրանք է ստացվում, դրան գումարած՝ վնասատուների դեմ թույլատրվում է պայքարել հատուկ դեղամիջոցներով, որոնք եւս թանկ են: Ստացվում է, որ օրգանական արտադրանքի դեպքում ներդրումն ավելի շատ է լինում: Դրան գումարվում են այլ ծախսեր, օրինակ՝ սերտիֆիկացման արժեքը, արդյունքում արտադրանքն ավելի թանկ է վաճառվում»,- ասել է Աշոտ Գրիգորյանը:
Լուսանկարը՝ Jake Moroun
Դավիթ Պիպոյանը եւս կարծում է, որ բիոմթերքի բարձր գինը Հայաստանի նման երկրներում կարեւոր խնդիր է: Ոլորտում սպառողների իրազեկման ցածր մակարդակի պատճառներից մեկն էլ սոցիալ-տնտեսական պայմաններն են:
Հայաստանը՝ մեկ քայլ առաջ
ԵԱՏՄ շրջանակում Հայաստանն ու Ղազախստանը առայժմ միակ երկրներն են, որոնք ունեն օրգանական գյուղատնտեսության մասին օրենք: Մյուս երկրներում դեռ կարգավորումներ չկան:
Աշոտ Գրիգորյանն ասում է, որ Հայաստանում սերտիֆիկացնող մեկ կազմակերպություն է գործում՝ «Էկոգլոբը»: Այն տրամադրում է ե՛ւ միջազգային ստանդարտներին համապատասխանության սերտիֆիկատներ Եվրամիություն, ԱՄՆ արտահանելու համար, ե՛ւ Հայաստանի ու Վրաստանի համար գործող սերտիֆիկատ, որն ավելի մատչելի է:
Ոչ ամբողջական տվյալներով՝ 2018 թվականին 64 տոննա եւ 84 հազար լիտր օրգանական արտադրանք է արտահանվել Հայաստանից՝ ավելի քան 185 մլն դրամ արժողությամբ:
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: