×

Թեւան Պողոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Պատմություն, ինքնություն եւ գինի. MOONQ-ի նոր գինիների համտեսը

2026թ. փետրվարի 13-ին DV Wine Library-ում Թեւան Պողոսյանը ներկայացրել է MOONQ-ի նոր գինիներն ու դրանց գաղափարները, խոսել է սորտերի ընտրության ու իր աշխատանքային ճանապարհի մասին։

Խորհրդանշական օր

MOONQ-ի ամեն շշի հետ յուրահատուկ ապրում եմ ունենում, հիշում եմ, թե ինչպես 2004 թվականին սկսեցի այս երկար ճանապարհը։ Ամեն անգամ շշին նայելիս պատկերացնում եմ Նռնենի խաղողի փոքրիկ դաշտը, որը սահմանափակ քանակով բերք է տալիս, բայց տարիներ շարունակ ինձ հավատքի մեջ է պահել, որ կարելի է փոքրից մեծ ստեղծել։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


MOONQ գինիների համտեսի համար ընտրել եմ փետրվարի 13-ը, որովհետեւ այն յուրահատուկ, սիմվոլիկ օր է ինձ համար: 38 տարի առաջ այս օրը սկսեց Արցախյան «Միացում» շարժումը։ «Միացում» եւ «Մունք» (Արցախի բարբառով մենք- խմբ.) բառերն ինձ համար շատ խորհրդանշական են։ 

Ոսկեհատ սպիտակ 2024

MOONQ-ը շուկայում ներկայացված էր կարմիր գինիներով, բայց բիզնեսի զարգացման տեսակետից ստիպված եղանք նաեւ սպիտակի մասին մտածել: Այդպես պատրաստեցի Ոսկեհատ սպիտակը, որի յուրահատկությունը երկու տարբեր տերուարների միաձուլումն է։ 2022-ին խաղողը Վայոց ձորից էր, 2023-ին՝ Արագածոտնից, իսկ 2024-ին բլենդավորեցի: 

Ոսկեհատ սպիտակը պատրաստվել է սահմանափակ քանակով՝ 1200 շիշ: Այս գինու դեպքում եւս ընդգծել ենք «մունքի» միասնության գաղափարը։

Նռնենի վարդագույն (Dark Rosé) 2024

Մուգ վարդագույն այս գինին պատրաստված է Նռնենի խաղողի սորտից։ Շատ գինեգործ ընկերներ ասում էին՝ այս գույնի ռոզե չի լինում։ Գույնը բացելու համար նույնիսկ փորձեր ենք արել, բայց վերջում որոշեցի թողնել ինչպես որ կա։ Հետո պարզվեց՝ աշխարհում կա «մուգ ռոզե» գինիների գաղափարը, այդպես էլ անվանեցինք։

Թեւան Պողոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եթե 2023-ին մուգ վարդագույնը բլենդել էի Խնդողնու հետ, այս տարի որոշեցի չբլենդավորել։ Բացի գույնից՝ առանձնահատուկ է նաեւ Նռնենիի համաբուրային բնույթը: Այն շատ տարբերվող է։

Նռնենի կարմիր 2024

Գուցե հենց այս գինու համար է, որ ինձ տարբերվող կամ յուրահատուկ են համարում, որովհետեւ այս գինին պատրաստվում է փոքրիկ այգուց, որը պատահաբար եմ գտել։ 


Մենք աշխարհին ասում ենք, որ գինեգործությունը մեզանից է սկսվել, ունենք շուրջ 40 էնդեմիկ սորտ ու ամեն գինեգործ պետք է փորձի աշխատել նաեւ գոնե 1-2 տարբերվող սորտի հետ։ Նռնենին այնքան անծանոթ է մարդկանց, որ, երբեմն, խաղողի այս տեսակը շփոթում են նռան հյութի հետ։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տարբեր այգիներ եմ այցելել, բայց Նռնենի սորտի այլ վայրում դեռ չեմ հանդիպել։ Եթե գտնեմ, հնարավորություն կունենամ տարբեր այգիների բերքը բլենդավորել, տերուարներ միավորել։ Հիմա փորձում եմ այգին մեծացնել, որովհետեւ խաղողի բերքի քանակը տարբեր հանգամանքներից է կախված՝ կարող է քիչ լինել, եղանակը վատը լինել, եւ չպետք է այնպես ստացվի, որ անգամ հազար շիշ չկարողանամ պատրաստել։ 

Գայանե Պողոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նռնենիի գաղափարը շարունակելու եմ զարգացնել՝ տեսնելու համար, թե ուր կհասնի։ Այս գինին համարում եմ իմ «սալյուտը» կամ իմ ջազը, որովհետեւ այն խաղացող գինի է։ Համը մրգայինից անցնում է երեւույթային նոտաների։ Մեկը միրգ կամ հատապտուղ է զգում, մյուսը՝ թութուն, հաջորդը՝ կաղնու բույր։ Երբեք նույն համային զգացողությունը չի կրկնվում։ Նույն շշից լցված երկու բաժակն էլ կարող են տարբեր նոտաներ ունենալ, բայց վստահ եմ՝ այն, ինչ ես զգացել եմ, ինչ-որ պահի նաեւ խմողին կհասնի։

Նռնենի Reserve 2023 եւ Արենի-Խնդողնի-Նռնենի Reserve 2023

Հնացված գինիները մինչ այս պահը միայն ես եմ համտեսել։ Առաջինից պատրաստվել է ընդամենը 600 շիշ, երկրորդը՝ 300։ Ռեզերվ գինիների դեպքում ամենակարեւորը համբերությունն ու հավատն են։ Գինիները 15 ամիս հնացվել են մեր արցախյան տակառում։

Թեւան Պողոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արենի-Խնդողնի-Նռնենի Reserve 2023-ն ինձ համար «Մունքի» փիլիսոփայությունն է՝ միասնության գաղափարը, քանի որ Արենին Հայաստանում ամենատարածված սորտն է, Խնդողնին՝ Արցախի յուրահատկությունը, իսկ Նռնենու փոքրիկ դաշտն ինձ շատ հարազատ է, փխրուն ու դրա մեջ նաեւ մեր փոքրության գաղափարը կա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այն ինձ համար դարձել է երկխոսություն տարածաշրջանների, պատմության եւ ինքնության միջեւ, որը միաձուլվում է մեկ գինու մեջ։ Այս գինու մեջ սեր կա, միասնություն եւ ուժ։ 

Թեւան Պողոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


2021 եւ 2022 թվականին պատրաստված գինու մեջ արցախյան Խնդողնին էր՝ մեր գյուղից բերած։ 2023-ին արդեն առաջին փորձն էր Հայաստանում աճեցված Խնդողնիի հետ։ Բլենդի տոկոսային հարաբերակցությունը փոխել եմ, բայց, կարծում եմ՝ համի տրամաբանությունը մնացել է նույնը։ 

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին