Օրերս Vino&Vino-ի հրավերով Հայաստան է այցելել Ավստրալիայի առաջատար գինու ընկերություն եւ համաշխարհային մրցանակակիր բրենդ Penfolds-ի ներկայացուցիչ Ժան Դուբորը:
GastroVino-ն զրուցել է նրա հետ Penfolds-ի պատմության, գինեգործական փիլիսոփայության ու Հայաստանում Vino&Vino-ի հետ համագործակցության մասին:
Դեղամիջոցից՝ համաշխարհային բարձրակարգ բրենդ
Չնայած որ Penfolds-ն իր նորարար մոտեցման շնորհիվ համարվում է նոր աշխարհի գինեգործարան, դրա հիմնադրման պատմությունը սկսվում է դեռեւս 1844 թվականից: Լինելով Ավստրալիայում ստեղծված առաջին գինեգործարաններից մեկը՝ Penfolds-ը կարեւոր դեր է ստանձնել երկրի գինեգործության պատմության ձեւավորման գործում։
Լուսանկարը՝ Vino & Vino
Penfolds-ը հիմնադրել են բրիտանացի ամուսիններ Քրիստոֆեր եւ Մերի Փենֆոլդները, երբ շատ բրիտանացիների նման բնակություն հաստատելով Ավստրալիայում, սկսել են այգեգործությամբ զբաղվել: Սկզբնական շրջանում իրենց խաղողի այգու բերքից պատրաստվող գինին բժշկական նպատակով են օգտագործել.
Քրիստոֆեր Փենֆոլդը, բժիշկ լինելով, հավատում էր գինու բուժիչ հատկություններին: Հետզհետե գինեգործությունը դարձել է ամուսինների հիմնական աշխատանքը, իսկ 1870 թվականին Քրիստոֆերի մահից հետո Մերին շարունակել է ամուսնու սկսած աշխատանքը՝ Ավստրալիայում մեծ ճանաչելիություն բերելով բրենդին:
«Penfolds-ի երկարամյա պատմությունը կարելի է բաժանել երեք առանցքային շրջափուլի»,- ասում է Penfolds-ի՝ Հարավային եւ Արեւելյան Եվրոպա տարածաշրջանի բիզնես կառավարիչ Ժան Դուբորը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Առաջին կարեւոր շրջանն ընդգրկում է գինու ստեղծումից մինչեւ 1950 թվականը, երբ Penfolds-ին հաջողվել է դառնալ Ավստրալիայի առաջատար գինեգործարանը: 20-րդ դարի սկզբին երկրի գինու արտադրության կեսից ավելին Penfolds-ին էր պատկանում: Հաջորդող շրջանն արդեն բրենդի միջազգային ճանաչելիությանն էր միտված, որը նշանավորվել է 1951 թվականին Grange-ի՝ մեր ֆլագման գինու ստեղծմամբ: Երրորդ առանցքային շրջափուլը մեկնարկել է 2010 թվականից, երբ ընկերությունը սկսել է խաղողի այգիներ հիմնել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ Չինաստանում: Ներկայումս մեր հիմնական հավակնությունն է դառնալ համաշխարհային բարձրակարգ գինու բրենդ»,- մանրամասնում է նա:
Ավանդականով չսահմանափակվող նորարարություն
Բրենդի ներկայացուցչի խոսքով՝ Penfolds-ը շուկայում առանձնանում է գինեգործության ավանդական մեթոդների եւ նորարարության համադրմամբ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Բրենդի ամբողջ պատմության ընթացքում մենք ընդամենը 4 գլխավոր գինեգործ ենք ունեցել, որոնք տասնամյակներով աշխատելով ընկերությունում՝ հաջորդաբար իրար են փոխանցել գինու արտադրության բոլոր նրբությունները: Դրա շնորհիվ է, որ կարողանում ենք պահպանել ավանդույթը եւ Penfolds-ի ԴՆԹ-ն՝ միաժամանակ չունենալով ստեղծագործական սահմանափակումներ»,- ասում է Ժանը:
Ընկերությունը համաշխարհային շուկայում առանձնանում է գինու ստեղծման հանդեպ յուրահատուկ մոտեցմամբ: Penfolds-ի համար խաղողի տեսակները համադրելիս չկան սահմանափակումներ, երկար փորձարկումների ու ճիշտ տեխնոլոգիայի շնորհիվ աշխարհի տարբեր ծայրերի այգիներում աճող տարբեր խաղողի տեսակներ կատարելապես համադրվում են Penfolds-ի գինիներում:
Լուսանկարը՝ Vino & Vino
«Penfolds-ը միակն է աշխարհում, որ այդկերպ է աշխատում: Հատկապես ֆրանսուհի լինելով իմ կողմից համարձակություն է ասելը, սակայն ես վստահ եմ, որ տարբեր տարածաշրջանների խաղողների բլենդով գինի ստանալը շատ խելացի մոտեցում է: Թեեւ appellation-ով առաջնորդվելը (խմբ.՝ երբ գինին արտադրվում է միայն այդ շրջանում, այդ շրջանին հատուկ պահանջներին համապատասխան) իր առավելություններն ունի, սակայն այն կարող է, երբեմն, սահմանափակել նորարարությունն ու ստեղծարարությունը»,- նշում է Ժանը:
Նրա խոսքով՝ գինու արտադրման այդ յուրահատուկ մոտեցումը լայնածավալ աշխատանք է պահանջում: Ընկերության ամերիկյան, ֆրանսիական, չինական ու ավստրալիական այգիներից, ինչպես նաեւ տարբեր միջազգային գործընկերների միջոցով ստացվող լավագույն խաղողը խստագույնս դասակարգվում է:
Լուսանկարը՝ Vino & Vino
«Յուրաքանչյուր գինի ունի իր ոճն ու բնավորությունը, դրանից կախված էլ մենք ընտրում ենք այն լավագույն խաղողը, որն անհրաժեշտ է հենց տվյալ գինուն: Օրինակ՝ լավագույն Շիրազ սորտն ընտրվում է Grange-ի համար»,- մանրամասնում է բրենդի ներկայացուցիչը՝ հավելելով, որ բերքի դասակարգումից բացի, ընկերության մասնագետները դասակարգում են նաեւ խաղողահյութը խմորումից հետո:
Նորարարության ֆլագման Grange-ը
Grange-ը ընկերության գինեգործական փիլիսոփայության ամենավառ արտահայտությունն է, որը ստացել է մի շարք համաշխարհային մրցանակներ եւ ներառվել Հարավային Ավստրալիայի «Ժառանգության խորհրդանիշերի ցանկ»-ում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Grange-ի ստեղծումը շատ հետաքրքիր պատմություն ունի: Penfolds-ի գինեգործ Մաքս Շուբերտը մեկնել էր Եվրոպա՝ կատարելագործելու իր գիտելիքը գինու մասին: Ավստրալիա վերադառնալուց հետո նա ձգտել է ստեղծել այնպիսի գինի, որը կարող է հնանալ այնքան, որքան Բորդոն, եւ ի վերջո հաջողել է՝ 1951-ին ստեղծելով Grange-ի առաջին տարբերակը»,- ասում է Ժանը եւ հավելում.
«Հիմա երբ մենք մեկնում ենք Ֆրանսիա, կարող ենք հպարտությամբ ասել, որ այնտեղ մեզ սովորեցրել են՝ ինչպես պատրաստել գինի, իսկ ներկայումս մենք գալիս ենք ցույց տալու, թե ինչ կարող ենք անել իրենց տանը»:
Penfolds-ը գինեգործության հայրենիքում
Արդեն 3-4 տարի է, ինչ Penfolds ընկերությունը Հայաստանում աշխատում է Vino & Vino-ի հետ: Այժմ ընկերությունն աշխատանքի առավել ակտիվ շրջան է սկսում՝ ձգտելով բարձրացնել բրենդի ճանաչելիությունը հայ գինեսերների շրջանում:
Լուսանկարը՝ Vino & Vino
«Հայաստանը գինի արտադրող հնագույն երկրներից է, ուստի այստեղ մեր ներկայացվածությունը շատ խորհրդանշական է մեզ համար»,- ասում է բրենդի ներկայացուցիչը:
Այն գինեսերներին, որոնք նոր պետք է ծանոթանան բրենդին, Ժանը խորհուրդ է տալիս սկսել Bin 28-ից, որն ամբողջապես Ավստրալիայում աճող Շիրազ սորտի խաղողից է:
Լուսանկարը՝ Vino & Vino
«Անձամբ իմ ամենասիրելին Bin 389-ն է: Այն երիտասարդ գինի է, որը հնացման պոտենցիալ ունի: Ինձ համար շատ կարեւոր է ընտրության հնարավորություն ունենալ, թե երբ խմել գինին: Հետաքրքիր գինու փորձառություն կարող է լինել այն, որ օրինակ գնես մի քանի շիշ Bin 389 կամ Bin 28, մեկը խմես անմիջապես, իսկ մյուսները՝ հաջորդող տարիներին՝ այդպես հետեւելով, թե ինչպես է զարգանում գինին»,- ասում է Ժանը:
Vino & Vino-ի մարքեթինգի ղեկավար Սոնա Միքայելյանի խոսքով՝ Penfolds-ի նման առաջատար բրենդեր ներկայացնելն իրենց համար մեծ պատիվ է:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Vino & Vino-ում ներկայացված յուրաքանչյուր բրենդի համար մենք պատասխանատվություն ենք ստանձնում մեր սպառողների առաջ: Penfolds-ի նման ընկերությունների հետ աշխատելը եւս մեկ անգամ հավաստում է մեր նվիրվածությունը մեր առաքելությանը, այն է՝ հայ սպառողին ներկայացնել համաշխարհային գինեգործության լավագույն նմուշները»,- ասում է նա:
Սոնա Միքայելյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսում են ունենալ Penfolds-ի ճանաչելիության բարձրացմանը նպաստող բարձրակարգ եւ էքսկլյուզիվ միջոցառումներ:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Vino & Vino-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: