×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Bar Control. Շշերը «խոսում» են թվերի լեզվով, իսկ գումարները չեն «գոլորշիանում»

Երբ գիշերվա 3-ին բարմենը փակում է բարը, նա մի պահ հավատում է, թե աշխատանքային օրն ավարտվեց, բայց չի գիտակցում, որ իրական տանջանքը նոր է սկսվում։

Շշերը նայում են նրան դատապարտող հայացքով, ձեռքը՝ թուղթ ու գրիչ, թույլ լուսավորված բարում սկսում է մի հաշվարկային արարողակարգ՝ բարդ մաթեմատիկայի և շշի մնացորդների փոխհարաբերությամբ։ Շշից շիշ, գդալից գդալ, աչքաչափից սխալ, հաշիվը չի ստացվում։ Եվ սա ոչ թե մաթեմատիկական խնդիր է, այլ բարային մղձավանջ՝ որն, ըստ որոշ ուսումնասիրությունների, բիզնեսներին բերում է շահույթի մինչև 20% կորուստ։

Այդ 20%-ի «գոլորշիացման» լուծումը գտել է ինժեներ, ռեստորատոր, BarControl-ի գյուտարար եւ հիմնադիր Դավիթ Գաբրիելյանը։

Երբ ինժեները սկսեց հաշվել կամ ինչպես ծնվեց BarControl-ը

«Թվերը չեն համապատասխանում»։ Այս արտահայտությունը միշտ տարօրինակ էր թվում Դավիթին։ Կրթությամբ ինժեներ, մասնագիտությամբ՝ մեքենագետի կարծիքով «թվերը պարտավոր են համապատասխանել»։ Եթե հաշիվը չի ստացվում, ուրեմն մեթոդն է սխալ։

Դավիթ Գաբրիելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դավիթ Գաբրիելյան․ «Աշխարհում ամեն ինչ ունի սահմանված սխալանքի տոկոս։ Բայց նույնիսկ այդ սխալը պետք է լինի սահմանված, կանխատեսելի։ Իսկ այստեղ՝ գիշերային հաշվարկներ, մեկ ամսվա ստուգումներ, ու նորից՝ նույն խնդիրը»։

Դավիթը երկար տարիներ աշխատել է ռեստորանային ոլորտում և պատմում է, որ անընդհատ բախվել են նույն պատկերին: Ուշ գիշերը բարը փակվում է, մինչ այդ 6-8 ժամ աշխատած ու հոգնած բարմենը, պետք է անցնի ամենաբարդին՝ հաշվի շշերը։ Հաշվապահությունն էլ չի հասցնում տվյալները ներկայացնել, չի կարողանում հասկանալ՝ որքան շահույթ կա, որքան կորուստ։

Դավիթ Գաբրիելյան․ «Հիշեցի, որ կա ֆիզիկայից հայտնի խտությունը, կա հեղուկ եւ  կարելի է տեսակարար կշիռ հաշվել։ Սկզբում թուղթ, գրիչ, ֆորմուլաներ, հետո Excel-ով ինչ-որ բան սարքեցինք։ Փորձարկեցինք։ Տեսանք՝ աշխատում է»։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս պարզ փորձարկումներից 2013 թվին ծնվեց BarControl-ի առաջին տարբերակը՝ դեռ կիսակիրառելի, բայց սկզբունքորեն աշխատող։ Շուտով պարզ դարձավ՝ կարելի է կշեռքը համակարգչին USB-ով միացնել։ Դավիթը ԱՄՆ-ից գտավ այնպիսի կշեռքներ, որ փոստային ծառայություններն էին օգտագործում՝ փորձելով ստանալ շշի իրական քաշի տվյալները։

Դավիթ Գաբրիելյան․ «Սկզբում ամեն ինչ ձեռքով էր արվում։ Հետո հասկացա, որ չենք կարող գործընթացն անընդհատ երկու հոգու վրա թողնել։ Սկսեցինք ավտոմատացնել ու պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի։ Ծրագրավորողներից մեկը ԱՄՆ գնաց, կշեռքները չէին համադրվում, Excel-ը չէր հերիքում։ Բայց արդեն հասել էի մի կետի, որտեղ վստահ էի, որ ամեն ինչ ի վերջո կաշխատի»։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այսպես ծնվեց գաղափարի հաջորդ տարբերակը՝ արդեն ոչ միայն ծրագրային, այլ ամբողջական լուծում՝ BarControl-ի տեսքով։ Տարիներ շարունակ տարբեր մասնագետների հետ՝ ինժեներներից մինչև ռեստորատորներ, թիմը կառուցում էր մի բան, որը փոխելու էր բարային գույքագրման ամբողջ «փիլիսոփայությունը»։

Այժմ հավելվածը շատ պարզ է ու հեշտ կիրառելի․ պետք է պարզապես բացել հավելվածը, ստեղծել նոր գույքագրում և միանալ Bluetooth կշեռքին, հաջորդիվ սքանավորել շշի շտրիխ կոդը և դնել շիշը կշեռքի վրա։ Հավելվածում կշեռքից ստացված քաշը փոխակերպվում է միլիլիտրերի՝ հաշվի առնելով խմիչքի խտությունը, և հաշվետվություններն ստեղծվում են ավտոմատ կերպով:

Առանց գլխացավի գույքագրում․ պատմում է բարմենը

Ռաֆիկ Սարգսյանը Phoenix բարի ավագ բարմենն է, ում աշխատանքային առօրյան հավելվածից հետո գլխիվայր շրջվեց։

Ռաֆիկ Սարգսյան․ «Հավելվածից առաջ բարի հաշվարկը կատարվում էր ամսական մեկ անգամ։ Բաժանվում էինք «պոզիցիաների». մեկը՝ թեյ ու սուրճ, մյուսը՝ ալկոհոլ, երրորդը՝ ջուր։ Գործընթացը տևում էր միջինը 4-5 ժամ։ Որոշ բաներ գրում էիր, որոշները մոռանում, իսկ եթե որեւէ սխալմունք էր լինում, ուրեմն բարը «մինուսով էր փակվում»։

Ռաֆիկ Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այժմ Ռաֆիկը հաշվարկը կատարում է միայնակ և առավելագույնը երկու ժամում։

Ռաֆիկ Սարգսյան․ «Իհարկե կան մարդիկ, որ չեն սիրում փոխվել։ Ասում են՝ հին մեթոդը ավելի լավն է։ Բայց ինքս ակտիվ օգտատեր եմ ու հենց դա ինձ վստահություն է տվել՝ խորհուրդ տամ ուրիշներին»։

BarControl-ն այն մասին է, թե ինչպես կարելի է ծանր ու անհաճո պրոցեսը դարձնել արագ, պարզ ու օգտակար։ Արդեն ծրագիր չէ, փոփոխություն է մտածողության մեջ։ Եվ երբ բարմենն ասում է՝ «չորս ժամի փոխարեն երկու»՝  պարզապես հաշվարկ չէ, այլ առաջընթաց։

Ինժեներական էնտուզիազմից ստարտափ

Ըստ BarControl-ի տվյալների, բարերի ու ռեստորանների ավանդական մեթոդով հաշվարկի միջին շեղումը մոտ 15% է, իսկ իրենց լուծման կիրառման դեպքում՝ ընդամենը 1.5%։ Ուստի եթե ռեստորանի բաց շշերի համախառն արժեքը կազմում է, օրինակ, 10 000 դոլար, ապա ամսական տնտեսումը մոտ 1 000 դոլար է։

BarControl հավելվածը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այսօր հավելվածը կիրառվում է մի քանի երկրներում, ունի հազարավոր ապրանքների տվյալների բազա, ինտեգրվում է միջազգային ռեստորանային ավտոմատացման համակարգերի (POS) հետ։ Հայաստանում այն արտոնագրված է որպես գյուտ և արդեն վերածվում է ստանդարտի։

Դավիթ Գաբրիելյան․ «Սկզբում ինքս ինձ համար էի գործիք սարքում։ Հետո հասկացա՝ սա միայն ինձ չէ պետք»։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դավիթն ասում է՝ ինքը ստարտափ չէր սկսում, ինքը պարզապես ինժեներական էնտուզիազմով գործիք էր սարքում։ Հետո հասկացավ՝ գործիքը դառնում է ապրանք։

Դավիթ Գաբրիելյան․ «Շատերը ճանապարհին ասում էին՝ չի ստացվելու։ Մինչև հիմա են ասում։ Բայց ես հետ չեմ գնում ասելու՝ տեսաք, ստացվեց։ Ես ուղղակի իմ գործն եմ անում»։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նրա խորհուրդը նորաստեղծ ստարտափներին պարզ է ու հստակ․
չհուսահատվել, իրական ռեսուրսները հաշվել, իրական շուկան հասկանալ,
ու ամենակարևորը՝ ինքդ քեզ չխաբել։

Դավիթ Գաբրիելյան․ «Ստարտափը մեռնում է այն ժամանակ, երբ դու հաշտվում ես քո անհաջողության հետ։ Ոչ թե երբ ինչ-որ բան չի աշխատում, այլ երբ դու այլևս չես հավատում, որ կաշխատի»։

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին