Շուկայում նոր գինի կա՝ Harosa անունով: Շշի մեջ Արենի ու Խնդողնի է, պիտակին՝ Հադրութի Մեծ Թաղեր գյուղից բացվող տեսարանը: Գինեգործը Նիկոլայ Չաքմազյանն է՝ նախկին զինվորական, որը շուտով կավարտի Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի գինեգործության բաժինը:
Նիկոլայի մուտքը գինեգործություն սկսել է այգեգործությունից՝ Հադրութում խաղողի վազեր տնկելուց, հետո՝ շարունակվել Երեւանում:
Հադրութն ու խաղողի այգիները
«Խաղողագործության ու այգեգործության հետ առաջին առնչությունս եղել է 2010-2011 թվականներին, երբ հորս հետ խաղողի առաջին վազերն էի տնկում: Ֆրանսիական, իտալական խաղողի տեսակներ էին»,- GastroVino-ի հետ զրույցում հիշում է գինեգործը:
Նիկոլայ Չաքմազյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նիկոլայը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է, մինչեւ 2020 թվականի պատերազմն ապրել է այնտեղ. «Առաջին մասնագիտությամբ զինվորական եմ, 2012-ից 2016-ը սովորել եմ Երեւանում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Զինվորական լինելն իմ ընտրությունն էր, այն միակ գործն էր, որով որոշել էի զբաղվել: Ինստիտուտն ավարտելուց հետո երկու տարի Հադրութի զորամասի տանկային դասակի հրամանատար եմ եղել։ Ծառայությանը զուգահեռ սկսել եմ այգեգործությամբ ու խաղողագործությամբ զբաղվել: Այդ ժամանակ ընկերս խաղողի մեծ այգիներ էր տնկում, որոնք պետք է տարբերվեին իրենց որակով ու մասշտաբներով: Առաջարկեց իր այգիներում աշխատել, սիրով ընդունեցի»:
Նիկոլայն ասում է՝ սերը դեպի գինեգործություն եկել է այդ այգիներից, հասկացել է, որ լավ գինի ստանալու համար պետք է աշխատել այգիներում, ճանաչել խաղողի վազերը, մշակել ու խնամել դրանք:
Հադրութի այգիները | Լուսանկարը՝ անձնական արխիվ
«2016 թվականին, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը, գյուղում մեծ ծավալով խաղողի այգիներ էին տնկում: Հայաստանից լրագրողներ էին եկել եւ հարցնում էին՝ ինչպե՞ս եք կարողանում պատերազմի արկերի տակ, մեքենաների լույսերով գիշերը ծառատունկ կազմակերպել: Տարբեր սորտերի մոտ 500 հազար խաղողի վազ էինք տնկել՝ Պինո Նուար, Մերլո, Կաբերնե-ֆրան, Կաբերնե-սավինյոն, Շարդոնե, Մալբեկ, նաեւ արցախյան Խնդողնի, որը մեր ոճով պիտի աճեցնեինք, առանձին պատվաստումներ անեինք: Իմ հիմնական աշխատանքն այգիներում էր, բայց երբ ժամանակ էի գտնում, մասնակցում էի գինու պատրաստման աշխատանքներին: Գինեգործության մասին առաջին գիտելիքները ստացա այդ ընթացքում»,- պատմում է գինեգործը:
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Նիկոլայն ասում է՝ այդ այգիների բերքից չեն հասցրել բրենդավորված գինի ստանալ վաճառքի համար. «Գործարանը կար, կահավորված ամենալավ ու ամենաթանկարժեք սարքերով եւ պատրաստվում էր 2020 թվականին մեծ քանակի գինի արտադրել»:
Խնդողնին ու առաջին գինին
Նիկոլայը Արցախից Երեւան է տեղափոխվել 2020 թվականին:
«Հայաստան գալուց հստակ որոշում չունեի, որ պիտի շարունակեմ գինեգործությամբ զբաղվել, ինչքան էլ սիրում եմ այն, հասկանում էի, որ գինի ստանալը այդքան էլ հեշտ չէ: Բայց որոշել էի Արցախից Խնդողնի բերել եւ ինձ համար գինի պատրաստել՝ առանց մտածելու դրա հետագա վաճառքի եւ այլնի մասին: Զանգեցի Արցախում գտնվող ծանոթներիս, ընկերներիս, ասացի, որ ինձ մի տոննա Խնդողնի է պետք: Դժվար գտանք այդ քանակությունը, քանի որ խաղողի այգիների մեծ մասը Հադրութում էր, իսկ Հադրութը կորցնելուց հետո խաղողի պակասից մյուս խոշոր գործարանները գյուղացիներից վերցրել էին խաղողի ամբողջ քանակությունը: Ինքս գնացի Արցախ եւ սկսեցի գյուղերով ման գալ: Ամարասի մոտակայքում մի մարդու հանդիպեցի, հարցրի՝ որտեղի՞ց Խնդողնի գտնեմ, ասաց՝ իրենց մոտ այգիներ կան, որոնցով ինքն է զբաղվում, բայց դրանց ուղղությամբ թշնամին կրակում է: Ասաց, եթե չեք վախենում, գնանք նայեք: Ասացի՝ դուք ո՞նց եք գնում, ասաց՝ երկու հատ գրանատով, ասացի՝ դե երեք հատ վերցրեք, ես էլ կգամ: Ընկերներիս օգնությամբ այդ այգիներից խաղող քաղեցինք, բերեցի Հայաստան: Իմ առաջին գինին պատրաստեցի հենց այդ խաղողից»,- պատմում է նա:
Նիկոլայ Չաքմազյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Առաջին գինին Հայաստանում Նիկոլայը պատրաստել է արմատներով արցախցի գինեգործ ընկերոջ օգնությամբ. «Ընդամենը 500 շիշ գինի էի պատրաստել, նախատեսված չէր վաճառքի համար: Որոշել էի ընկերներիս, ծանոթներիս հյուրասիրել, նաեւ մասնագետներին տալ՝ իրենց կարծիքն իմանալու համար:
Չնայած որ Արցախից բերված խաղողից պատրաստած առաջին փորձնական գինին վաճառքի համար նախատեսված չի եղել, բայց իր մոտ եղած փոքր խմբաքանակը գնել ցանկացողին նա չի մերժել. «Վաճառքից ստացած գումարը միանգամից չծախսեցի: Մտածեցի՝ Աստված այսպես ինձ համար ճանապարհ է բացում, պետք է ճիշտ օգտագործեմ այդ գումարը եւ գինեգործական մի քանի առաջնային սարքավորում գնեցի»:
Նիկոլայ Չաքմազյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այդ ընթացքում նաեւ փորձառու մասնագետների հետ ծանոթացա, որոնք ոչ միայն ստացածս գինու վերաբերյալ իրենց դրական գնահատականը տվեցին, այլեւ խորհուրդ տվեցին ունեցածս փորձն կատարելագործելու համար գինեգործություն սովորել Ագրարային համալսարանում»:
Նիկոլայն արդեն գինեգործության բաժնի հինգերորդ կուրսում է, շուտով կավարտի համալսարանը:
Հնեցված գինին
Առաջին փորձնական գինուց հետո Նիկոլայը շուրջ երկու ամիս առաջ գինեսերներին է ներկայացել իր՝ արդեն բրենդավորված գինին՝ Harosa-ն: Այն եւս սահմանափակ քանակով է եւ ներկայացված է միայն գինու մասնագիտացված խանութ-սրահներում, բար-ռեստորաններում: Գինին պատրաստված է Արենի եւ Խնդողնի խաղողի սորտերից:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Արենին ձեռք բերեցի Աղավնաձորից, Խնդողնին՝ Արմավիրից: Արենին որպես խաղողի սորտ չէի ճանաչում, նրա հետ աշխատելու առաջին փորձս էր: Այն Աղավնաձորի ամենահին այգիներից է, դրանք թմբային այգիներ են: Խնդողնին իմ սիրելի սորտն է, ուզում էի, որ այն անպայման լինի իմ գինու մեջ: Տոկոսային առումով այն ավելի քիչ է գինու մեջ, քան՝ Արենին: Այդպիսի հարաբերակցություն եմ ընտրել, որ հնարավոր լինի հետագայում էլ պահպանել, քանի որ մեծ քանակությամբ Խնդողնի հնարավոր չէ գտնել: Խնդողնին գինուն տվել է իր գունային ու համային երանգները, հատկությունները»,- նշում է գինեգործը:
Harosa-ն ռեզերվային գինի է, հնացվել է փայտե տակառներում: Գինեգործի խոսքով՝ գնի վրա մի քանի գործոն է ազդել՝ հնացված լինելը, սահմանափակ խմբաքանակը՝ մոտ 1500 շիշ, շշի «սավերգլաս» տեսակը, խցանի տեսակը:
Նիկոլայ Չաքմազյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Տակառները, որոնց մեջ հնացվում է գինին, Հադրութի Քիրս սարի կաղնու փայտից են: Տակառագործն ընկերս է, նրան խնդրել էի տակառներ պատրաստել բլոկադայից առաջ: Հասցրեցի ունեցալ այդ տակառները, նաեւ արհեստանոցում ներկա եղա դրանց պատրաստման պրոցեսին»,- ասում է Նիկոլայը:
Պիտակի լուսանկարն եւ անվան պատմությունը
Harosa-ի պիտակին Նիկոլայի արած լուսանկարն է՝ Մեծ թաղեր գյուղից բացվող տեսարանով, որտեղից Տողասարն է երեւում:
«Հադրութից միայն մի հին հեռախոս է մնացել մոտս՝ նկարների հարուստ ժառանգությամբ: Հրետակոծության ժամանակ անտառ գնացինք՝ մտածելով, որ կվերադառնանք տուն: Ոչինչ չէինք վերցրել մեզ հետ՝ անգամ մանկական նկարների ալբոմը: Չվերադարձանք ու միայն այս ֆոտոները մնացին ինձ մոտ: Երբ գինու պիտակը պիտի ընտրենիք, որոշեցի՝ այդ լուսանկարներից մեկը պետք է լինի դրա վրա: Այգիներում աշխատանքի ընթացքում, երբ նստում էինք հանգստանալու, սիրում էի բարձր դիրքերից գյուղի տարբեր տեսարաններ լուսանկարել: Հուսով եմ՝ այս շիշը ձեռքը վերցնողին գինուց բացի՝ կհետաքրքրի նաեւ պիտակն ու այդպես կբացահայտի Հադրութի պատմությունը»,- ասում է Նիկոլայը:
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Harosa անվան ընտրությունն էլ իր պատմությունն ունի:
«Ինչ անուն հավանում էի, զանգում էի մտավոր սեփականության գրանցման համար, ասում էին, որ դա արդեն գրանցված է: Այդպես մի քանի ամիս տանջվեցի, մինչեւ մի օր մեր գյուղի պատմության հետ կապված գիրք գտա, որտեղ Հարոս գյուղի մասին էր հիշատակվում: Պարզեցի, որ մեր գյուղի բնակիչների մեծ մասի արմատներն այդտեղից են: Հարոս գյուղը Դիզափայտ լեռան ստորոտում է եղել: Որոշեցի ընտրել այս անունը, որը ե՛ւ պատմություն ունի, եւ ինձ հնչողությամբ միանգամից դուր եկավ: Ցավալի է, բայց վերջին շրջանում անգամ Արցախի կապ չունեցող բիզնեսները Արցախ անունը շատ են շահարկում, երբեմն ամաչում եմ այդ փաստից: Ես էլ ուզում էի, որ գինու անունն Արցախի հետ կապված լիներ, դրա համար էլ շատ զգուշորեն եմ մոտեցել անվան ընտրությանը»:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: