Առնակ Ավետիքյանն արդեն 14 տարի մրգային օղիներ է պատրաստում։ Նա մրգօղիների յուրահատուկ համաբուրային առանձնահատկությունները բացահայտել է Արցախում։ Հիմա Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում թունդ խմիչքներ է արտադրում, հյուրընկալում այցելուներին, ծանոթացնում իր արտադրած օղիներին եւ կոչ անում՝ «քիչ խմեք» եւ ճիշտ բաժակներով։
Dilvados by DOC-ի հիմնադիր Առնակ Ավետիքյանը GastroVino-ին պատմել է ալկոհոլային խմիչքների օգտագործման մշակույթը փոխելու ցանկության եւ ռեստորանային ֆորմատից խուսափելու մասին։
Արտադրություն անտառին մոտ՝ անտառի բարիքներով
Մրգային թունդ խմիչքների արտադրությամբ զբաղվում եմ 2011 թվականից։ Մասնագիտության բժիշկ եմ, աշխատել եմ հիվանդանոցներից մեկի թոքային վիրաբուժության բաժանմունքում։ 2011 թվականին աշխատանքային բերումով Երեւանից տեղափոխվեցի Արցախ։ Գիտեք՝ այնտեղ ինչքան տարածված են մրգային օղիները։ Մինչ այդ ընդհանրապես չէի օգտագործում մրգային օղիներ, հյուրասիրեցին եւ շատ դուր եկավ։ Սկսեցի ինքս ինձ համար փոքր քանակներով օղի թորել, նաեւ հյուրասիրել մարդկանց։
Առնակ Ավետիքյանը | Լուսանկարը՝ Dilvados
Հետո Արցախից աշխատանքի բերումով տեղափոխվեցի Դիլիջան եւ 8 տարի այնտեղ ապրեցի։ Օղիները շարունակեցի այստեղ արտադրել, 3 տարի առաջ էլ արտադրությունը տեղափոխեցի Աղավնավանք գյուղ։ Քանի որ օղիների արտադրության համար վայրի մրգեր շատ ենք օգտագործում՝ որոշեցի ավելի մոտ լինել անտառին, երկրորդն էլ՝ մտածում էի, որ գյուղի համար աշխատատեղ կստեղծվի։ Արդեն 3 տարի է՝ այստեղ ենք, աշխատում ենք, խմիչք արտադրում եւ հյուրընկալում մարդկանց։
Ժամանակին 7-8 տեսակի օղի էինք պատրաստում, հիմա քչացրել ենք, քանի որ մարդկանց դրանցից չորսն ավելի էր դուր գալիս՝ սերկեւիլը, վայրի սալորը, վայրի տանձը, մեղրատանձն ու խնձորն իրար հետ եւ մեղրաբույր խաղողը։ Մեր խմիչքները ցանցային խանութներում չկան, վաճառվում են Երեւանի մի քանի ռեստորանում եւ հյուրանոցում։ Այն գործարանային գնով հնարավոր է գնել նաեւ «Տապաստանից»։ Համտեսել ցանկացողները կարող են այցելել Աղավնաձոր եւ տեղում համտեսի փորձառություն ունենալ։ Երեք տարվա ընթացքում 5000-ից ավելի այցելու ենք ունեցել։
Լուսանկարը՝ Dilvados
Այցելելու համար նախապես պետք է պայմանավորվել, զգուշացնել գալու մասին։ Սրանից մարդիկ երբեմն դժգոհում են, ուզում են ռեստորանային կոնցեպտ տեսնել, բայց ես պայքարում եմ դրա դեմ։ Dilvados by DOC-ը ջերմ, ընկերական միջավայր է, առաջնահերթը մրգային օղիների արտադրությունն է, որոնց համտեսներին հնարավորություն կա նաեւ համեղ ուտելու։
Լուսանկարը՝ Dilvados
Գալ ցանկացողները նախապես պատվիրում են իրենց սեղանը, քննարկում ենք ճաշացանկն ու պատրաստվում հյուրասիրությանը։ Մեզ մոտ որեւէ բան սիստեմավորված չէ, մարդը եկավ, չգիտենք՝ ինչ է նրան սպասվում։ Միայն կարող եմ ասել, որ, իմ վիճակագրությամբ, մեր հյուրերն անկանխատեսելի լավ օր են ունենում։ Եղել է, որ մարդիկ եկել են, շատ լավ օր ենք անցկացրել, օղու համտես ենք արել, համեղ սնվել, հետո էլ իրենց տարել եմ մեր ջրվեժն ու այլ վայրեր տեսնելու։ Մարդիկ կան, որ Տավուշ այցելելիս մեզ հյուր են գալիս, սուրճ խմում ու շարունակում իրենց ճանապարհը։
Տապակած լորն ու սագի ապուրը
Մեր այցելուները շատ սիրում են տապակած լորը՝ տարբեր մրգերով, կարող է դեղձով լինի, խաղողով, սերկեւիլով, խոզի միսը՝ գրիլի վրա։ Հաճախ ինքս էլ եմ պատրաստում հյուրերի համար։ Սագի համեղ ապուր ունենք։ Աշնանից սկսած մինչեւ եղանակների տաքանալը հատուկ գալիս են մեզ մոտ այդ ապուրն ուտելու։ Ջեռոցի մեջ բադ ենք պատրաստում սերկեւիլով։ Այցելուները նաեւ մեր տնական շոկոլադն են շատ սիրում։ Յուրահատուկ բաղադրատոմսով է, որ ինձ ժառանգաբար փոխանցվել է։
Մի առանձնահատկություն էլ կա՝ գյուղմթերք շատ ենք օգտագործում եւ թարմ գնում ենք գյուղացիներից։
Լուսանկարը՝ Dilvados
Ամռան ամիսներին հյուրերի հոսքը ավելի թույլ է, ակտիվությունը սկսվում է սեպտեմբերի կեսերից եւ շարունակվում մինչեւ հունվարի վերջ։ Հետո որոշ ժամանակ պասիվ սեզոն է լինում եւ ապրիլից մինչ հունիսի կես նորից ակտիվանում է։
Որակյալ խմիչքից չեն հարբում
Մինչեւ օրս մեզ մոտ հարբած մարդ չեմ տեսել, մեր խմիչքի որակը չի թողնում, կարելի է գինովնալ, բայց ոչ հարբել։ Dilvados-ի խմիչքն ինչքան էլ խմես, միայն դրական էմոցիաներ է տալու։ Միջավայրն էլ այնպես է, որ մարդն իրեն շատ ուրախ ու լավ է զգում, անկախ նրանից, թե ինքը որտեղից է եկել եւ ով է։ Dilvados-ը միայն բրենդի, բիզնեսի հարց չէ, ուզում եմ մարդկանց մշակույթ փոխանցել, որ ալկոհոլն այլ կերպ օգտագործեն, հաճույք ստանան խմիչքից, սա շատ կարեւոր է։ Եթե խոսում ենք խմիչքների վնասակարության մասին, ապա տարբերություն չկա օղի, թե գինի։ Օղու մասին բացասական պատկերացումներ կան, բայց գինուց հարբելն ավելի ահավոր է։ Եթե որակյալ օղուց հարբեցիք, մաքսիմում մեկ ժամից ազդեցությունն անցնելու է։ Օղին մեկ առավելություն ունի՝ ինչ-որ պահի ասում է՝ «ստոպ», էլ չես շարունակում, ինքդ քեզ կարողանում ես վերահսկել, իսկ գինին «չվերահսկելու» վտանգ ունի։ Ասում են, չէ՞, «գինին շառ է» (ծիծաղում է-խմբ.)։ Գինին չեմ փնովում, ինքս էլ սիրում եմ եւ օգտագործում։
Լուսանկարը՝ Dilvados
Շատ կարեւոր է, որ մենք մեր մեջ փոխենք ալկոհոլ խմելու մշակույթը։ Օրինակ, ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, մրգային օղիները թունդ խմիչքներ են ու չի կարելի շոթերով խմել։ Պետք է վերցնել ավելի մեծ բաժակ, լցնել մի փոքր եւ ճաշի ընթացքում կում-կում խմել՝ ինչպես գինին ենք խմում։ Եթե թունդ է ձեր համար այդ մրգօղին, կարող եք նույնիսկ սառույցով խմել՝ վիսկիի նման։ Բաժակի մեջ սառույց լցնել, վրան՝ մրգային օղին ու հանգիստ, որպես երկար խմվող ըմպելիք (long drink), վայելել, կամ էլ կոկտեյլների տեսքով խմել։
Լուսանկարը՝ Dilvados
Մեզ մոտ մարդկանց ցույց ենք տալիս, թե ինչպես ալկոհոլը ճիշտ օգտագործել, ինչ ուտելիք ընտրել կամ, եթե ուզում եք փոխել խմիչքները, ո՞նց ճիշտ անցում անել։ Մի բան կա, որից բոլորը զարմանում են․ մինչեւ հիմա մենք գիտենք, որ ալկոհոլ օգտագործելիս պետք է ցածրից գնալ դեպի բարձր։ Իրականում, ավելի լավ է հակառակն անել, ազդեցությունն ավելի մեղմ է լինում, բժշկական տեսանկյունից էլ այսպես ճիշտ է։ Այս կանոնն օգնում է խուսափել արագ հարբելուց։ Օրինակ, ես ի՞նչ եմ անում, եթե գիտեմ, որ հարազատ միջավայրում շատ եմ խմելու, սկզբում խմում եմ երեք բաժակ մրգային օղի, հետո անցնում սպիտակ գինուն եւ չեմ հարբում։ Ամեն պարագայում, եթե որոշել եք գինովնալ, մի հատ էլ վերջում սառը շամպայն եք խմում եւ պատրաստ է (ծիծաղում է-խմբ.)։
Լուսանկարը՝ Dilvados
Ընդհանրապես, երբ խմիչքը չափավոր ես օգտագործում, առողջարար է։ Որպես բժիշկ եմ ասում։ Բացի այդ, պետք է հաճույք ստանալ, վայելել խմիչքը, ոչ թե վայրենու պես վրա տալ, ինչպես անում ենք եւ ալկոհոլի, եւ ուտելիքի դեպքում։ Մի բան էլ, Հայաստանում մրգային օղիների շատ լավ արտադրողներ կան։ Եթե խմում եք, սիրում եք թունդ խմիչք, օգտագործեք մեր հայկականը, որ վերանա այն կարծրատիպը, թե մրգօղիները սոսնձի համ ու հոտ ունեն եւ խմելուց հետո մարդիկ թունավորվում են։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: