×

Գրիգորի Ավետիսյանը Լուսանկարը՝ Narek Harutyunian/Punchdrink

«Կարեւորը ոչ թե բուն գինին է, այլ հույզերը»՝ «Կատարոյի» երկրորդ կյանքը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Punchdrink.com կայքում հրապարակված One Winemaker’s Fight to Preserve Armenian Wine հոդվածի հայերեն թարգմանությունը (կրճատումներով):

Քրեյգ Սաուէրս

Պատերազմը ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա էր: Մինչ անօդաչու թռչող սարքերը դռռում էին օդում, իսկ հրթիռները սուլում էին 1200-ամյա պատմություն ունեցող Տող գյուղի խաղողի այգիների վրա, Անդրանիկ Մանվելյանը մեկ միտք ուներ միայն՝ համոզվել, որ խաղողը պատրաստ է բերքահավաքի համար:

2020 թվականի հոկտեմբերն էր, Լեռնային Ղարաբաղում ընթանում էր Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը։

«Մենք աշխատում էինք արկերի ու ռումբերի տակ։ Երբ հիմա հիշում եմ այդ մասին, աբսուրդ է թվում: Ինչպե՞ս կարող էի մնալ այնտեղ», -  ասում է Մանվելյանը՝ գլուխն օրորելով։ Հետո խոսքերի ծանրությունը թեթեւացնելու համար ծիծաղում է։

Նայում եմ նրա ղեկավարին՝ Գրիգորի Ավետիսյանին, ում դեմքին չարաճճի ժպիտ է հայտնվում։ Ավետիսյանը «Կատարո» գինու գործարանի հիմնադիրն է, իսկ Մանվելյանը՝ նրա աջ ձեռքը։

2020 թվականի պատերազմից հետո Ավետիսյանը կաշառել էր ռուս խաղաղապահներին՝ գրավված Հադրութի իր խաղողի տնկարան մուտք գործելու համար։ Այնտեղ նա հավաքել էր խնդողնի տեսակի 1000 վազ եւ տեղափոխել Երեւան։

«Ո՞վ ասաց, որ ես նրանց գումար եմ վճարել: Ռուսներն ուղղակի նայեցին իմ սիրուն աչքերին ու ներս թողեցին»,- ասում է Ավետիսյանը, եւ Մանվելյանն այնքան բարձր է ծիծաղում, որ վախենում եմ՝ հանկարծ չխեղդվի։

Անդրանիկ Մանվելյանն ու Գրիգորի Ավետիսյանը Լուսանկարը՝ Narek Harutyunian/Punchdrink


Գրիգորի Ավետիսյանը «Կատարո» գինու գործարանը հիմնադրել էր 2010 թվականին։ Այդպես մուգ կապույտ խնդողնի խաղողը, որը տալիս է թավշյա կարմիր գինի` մուգ հատապտուղների երանգներով, մտավ գինեգործական լեքսիկոն: Բայց խնդողնին միայն գինի չէ։ Այն Արցախի գինին է։ Եվ ոչ ոք այն չի պատրաստում ավելի լավ, քան «Կատարոն»։

«Եթե խոսքը գնում է հայկական գինու մասին, եւ դուք ասում եք «Արցախ», հասկանում ենք, որ նկատի ունեք «Կատարոն»։ Եթե ասում եք «Կատարո», հասկանում ենք, որ նկատի ունեք Արցախը»,- ասում է գինեգործական էքսկուրսիաների մասնագիտացված տուրօպերատոր Արփի Եգանյանը։

Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմից հետո այս ժառանգությունը կործանման եզրին էր։ 2023 թվականին ավելի քան 100 000 հայեր ստիպված էին լքել Արցախը։ 150 մղոն հեռու՝ Երեւանում, «Կատարոն» դարձել էր կորցրածի խորհրդանիշ։ Շշերը արագ սպառվում էին In Vino-ում՝ քաղաքի առաջին գինու բարում:

«Հաճախորդները գնում էին բոլոր գինիները Արցախից, քանի որ ցանկանում էին պահպանել հիշողությունը։ Շատերը նույնիսկ չէին խմում դրանք, այն պահում էին որպես մասունք»,- ասում է In Vino բարի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը։

Լուսանկարը՝ Narek Harutyunian/Punchdrink


«Կատարոն» Արցախի 15 գինեգործարաններից միակն է, որը վերսկսել է արտադրությունը՝ Երեւանի մոտակայքում գտնվող Ձորաղբյուրի նոր գործարանում։

Արցախում ծնված եւ այսօր Հայաստանում աճող խնդողնին ընդամենը 1 տարեկան է։ Գինեգործն ասում է, որ իրեն եւս երկու տարի է պետք, որպեսզի սկսի դրանից գինի պատրաստել։

Երբ «Կատարոն» նորից խնդողնուց գինի արտադրի, նա այլ համ կունենա: Բայց Ավետիսյանն ու Մանվելյանը, հավանաբար, կանեն այն, ինչ միշտ անում են՝ կծիծաղեն և գործի կանցնեն։

«Հարցը ոչ միայն գինին է, այլ այն հույզերը, որոնք կլինեն շշի մեջ»,- ասում է Մանվելյանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին