×

Նինա Քալաշյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Karmir coffeе-ի «ֆոտոժապավենը»՝ սուրճի բույրով եւ կակաոյի հատիկներով

Կարմիրը լույսի այն գույնն է, որի ներքո երեւակում են ֆոտոժապավենը, ասում է GastroVino-ին Karmir coffeе-ում հյուրընկալած Նինան՝ պատասխանելով հարցին, թե ինչու է սրճարանը կոչել «Կարմիր»: Հետո մանրամասնում է՝ սրճարանը ֆիլմերի սքանավորմամբ, լուսանկարչությամբ եւ ֆոտոժապավենների տպագրությամբ զբաղվող Karmir film լաբի նախագիծն է։

Գեւորգ Քոչար 23 հասցեում գտնվող սրճարանն առանձնահատուկ է նրանով, որ մեկ հարկի տակ է գտնվում Karmir film-ի հետ եւ ներս մտնողների ուշադրությունը գրավում է ոչ միայն սուրճի հաճելի բույրով, այլեւ լուսանկարչական աշխարհի ու ֆոտոժապավենների հետ միախառնված մթնոլորտով։

Karmir–ը՝ ֆոտո լաբ եւ սրճարան

«Այս հասցեում Karmir-ը սկսել է աշխատել 2024 թվականի մայիսից, մինչ այդ գործել է Տերյան փողոցի վրա»,- պատմում է Նինա Քալաշյանը, ով տարիուկես է ինչ միացել է Karmir-ի թիմին եւ ապրում է Հայաստանում։

Նինա Քալաշյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Տեղափոխվել եմ Ռուսաստանից։ Առաջին անգամ Հայաստան եկա 2017 թվականին, ինձ գրավեց Հայաստանի արեւը, եղանակի ջերմությունը: Մարդիկ էլ այդպիսին էին՝ ջերմ։ Հետո հերթական այցերիցս մեկի ժամանակ իմացա, որ Karmir film-ը աշխատակից է փնտրում: Որոշեցի մնալ Երեւանում եւ աշխատել։ Լաբում աշխատանքին զուգահեռ օնլայն դասավանդում էի եւ լուսանկարչությամբ զբաղվում»,- պատմում է նա։

Նինա Քալաշյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բարիստա Նինան մասնագիտությամբ անգլերեն եւ գերմաներեն լեզուների ուսուցչուհի է, բայց հասցրել է հմտանալ նաեւ լուսանկարչության եւ բարիստայի աշխատանքներում․«Լուսանկարում եմ դեռ 13-14 տարեկանից: Սկզբում սիրողական էի նկարում, հետո արդեն հմտացա ու սկսեցի նաեւ կոմերցիոն նախագծերով զբաղվել: Մոսկվայում նաեւ հասցրել էի բարիստայի կուրսեր անցնել եւ աշխատել։ Երբ արդեն Karmir-ի լաբում անցա աշխատանքի՝ ֆոտոժապավենների տպման եւ սքանավորման աշխատանքից բացի՝ որոշեցինք սուրճի փոքրիկ անկյուն բացել եւ տեղում սուրճ պատրաստել: Այն ժամանակ մեր լաբը Տերյանի վրա էր։ Lumen coffeen-ը մեզ տրամադրել էր սուրճի ապարատ եւ սրճաղաց, եւ քանի որ բարիստա աշխատելու փորձ արդեն ունեի, Karmir-ում սկսեցի նաեւ սուրճ պատրաստել։ Մեր հաճախորդներին դուր եկավ այս գաղափարը, եւ երբ տեղափոխվեցինք նոր հասցե՝ ավելի ընդարձակ տարածքով, որոշեցինք, որ Karmir-ն այստեղ կլինի նոր կոնցեպտով՝ առաջին հարկում կլինի մեր առանձին սրճարանը, իսկ ներքեւի հարկում՝ լաբը»։

Սուրճերի բազային եւ սեզոնային մենյուն

«Դեռեւս մեր հին հասցեում ունեինք սուրճերի հիմնական մենյու՝ Ամերիկանո, Էսպրեսո, կապուչինո եւ V60: Նոր հասցե տեղափոխվելուց հետո, որոշեցինք, որ տեսականին կընդլայնվի, իսկ սուրճերը կլինեն մերը: Սուրճերը պատվիրում ենք Ռուսաստանից: Դրանք աճեցվում են սուրճի երկրներում՝ Քենիա, Բրազիլիա, Եթովպիա, իսկ բովման պրոցեսն անցնում է Ռուսաստանում: Այնտեղ «րոսթ» (բովում) անցած սուրճն իսկապես լավն է»,- ասում է բարիստան:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Karmir coffeе-ում ամիսը մեկ-երկու անգամ նաեւ «քափինգներ» են անցկացվում. «Տարբեր երկրներից սուրճ ենք պատվիրում, մարդիկ գալիս են, փորձում են եւ կիսվում են իրենց տպավորություններով, ինչը հավանեցին, ինչը ոչ: Մեր ինստագրամյան էջում նախապես փոստ ենք անում դրա մասին, որ ցանկացողները նախապես իմանան եւ գան: Վերջին «քափինգները» Ֆրանսիայից եւ Սերբիայից բերված սուրճերով էր: Նշեմ նաեւ, որ Karmir-ը շուտով բացվելու է նաեւ Բելգրադում»:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սրճարանում դասական մենյուից բացի՝ սեզոնային մենյու են առաջարկում՝ նոր համեր փորձել նախընտրողների համար. «Հիմա մեզ մոտ աշնան մենյու կա, որտեղ յուրահատուկ միքս ունենք սուրճ, նռան հյութ եւ վարդի ջուր։ Քանի որ աշնանը Երեւանում բավականին տաք է, այս մենյում առաջարկում ենք նաեւ սառը սուրճեր: «Բատչ Բրյու» սառեցված սուրճ ունենք, որը խառնված սեւ հաղարջի պյուրեի հետ»:

Կակաո եւ մատչա

Նինան սիրում է նորություն ներկայացնել մարդկանց, պատմել դրա մասին: Այդ նորությունն այս պահին կակաոն է:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Կակաոյի հատիկների օգտագործման մշակույթը հիմա մեծ բում է ապրում։ Ինչպես գոյություն ունի հատուկ (speciality) սուրճ, այնպես էլ`կակաո: Մենք սովոր էինք կակաոյի փոշիին, բայց մեզ մոտ այն շոկոլադի մանր կտորների տեսք ունի: Առաջարկում ենք Բրազիալիայում, Դոմինիկայում, Տանզանիայում, Թայլանդում աճեցված կակաոներ, որոնք պատրաստում ենք թե՛ ջրով, թե՛ կաթով: Կակաոյի համերը կարող են լինել շատ տարբեր: Եթե հաճախորդը սիրում է ավելի թթվաշ, ընդգծված համերով կակաո, առաջարկում ենք Տանզանիայի կակաոները, որոնք ավելի ցիտրուսային, խնձորային համ ունեն: Բրազիլիան ավելի հանգիստ համ ունի եւ մեր իմացած դասական կակաոյին ավելի մոտ է»:

Նինա Քալաշյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Karmir coffeе-ի մենյուի մյուս հիմնական բաղադրիչը մատչան է, որի մասին պատմում է իր գույնը՝ կանաչը:

«ճապոնական մատչային ծանոթ մարդիկ կարող են փաստել, որ դրա բարձրորակ լինելու մասին խոսքում է ճիշտ կանաչ գույնը: Մեր մատչաները պատվիրում ենք Ճապոնիայից: Մատչան թեյի տերեւներ է՝ փոշու տեսքով: Այն եւս կարելի է փորձել  կաթով եւ ջրով: Մեր աշնան մենյուում սուրճի հետ միասին առաջարկում ենք մատչա ազնվամորու կաթով, բալային կակաո եւ տեղական մասուրի թեյ՝ համեմված կոճապղպեղով, նարինջով եւ խուրմայի օշարակով»,- պատմում է Նինան:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին