Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հորդորել է Հայաստանում արտադրվող խմիչքը անվանել ոչ թե «կոնյակ», այլ «բրենդի»:
Կառավարության նիստում նա ասել է, որ հայկական արտադրանքը չի կարելի «կոնյակ» անվանել։
«Դա ինտելեկտուալ սեփականություն է, դա ուրիշի ոչ նյութական արժեքն է, սոլիդ չի ուրիշի ոչ նյութական արժեքը վերցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ անգամ ոչ պաշտոնական, ընտանեկան միջավայրում խմիչքը պետք է «բրենդի» անվանել:
«Շատ դեպքերում արտահանման հետ կապված մեր խնդիրները կապվում են նրա հետ, որ շատ երկրներ այս դաշտը եւ շատ հասկացություններ ինստիտուցիոնալ են դարձրել»,- նշել է նա։
«Շամպայնը փրփրուն գինին է, որ արտադրվում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, եւ նույնն էլ կոնյակը՝ ռեգիոնի անուն է, որ վերաբերում է այն բրենդին, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում ստացված խաղողից», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ըստ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության, 2024 թվականի հունիսին կառավարությունը «հաստատել է Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը՝ տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու եւ ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: