×

Domaine Clarence Dillon-ի շատոների պատմությունը եւ գինիների համտեսը VINO&VINO-ում

Ֆրանսիական գինիները ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրված են ու գնահատված։ Արդեն մի քանի տարի է, ինչ VINO&VINO ընկերությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ Բորդո գինեգործական շրջանի ընկերություններից մեկի՝ Domaine Clarence Dillon-ի արտադրած գինիների հետ։ Օրերս VINO&VINO-ն համտես էր կազմակերպել, որի ընթացքում ներկայացվել է Բորդոյի 6 եւ Բուրգունդիայի 1 յուրահատուկ գինի։

Ֆրանսիական գինիները հայ գինեսերներին ներկայացրել է Սաթենիկ Սամվելյանը։ Նա գինեգործության ոլորտում է շուրջ 13 տարի, արդեն երեք տարի է, ինչ ապրում է Բորդոյում եւ մեկ տարի՝ ինչ աշխատում է Clarence Dillon Wines-ում՝ որպես էքսպորտի ներկայացուցիչ եւ բրենդ ամբասադոր գերմանախոս եւ Արեւելյան Եվրոպայի 9 երկրի համար։

GastroVino-ն մասնակցել է համտեսին, որի ընթացքում ներկայացվել է Clarendell-ի 4 եւ 3 այլ յուրահատուկ գինի։ Առանձնացրել են գինու համտեսի ամենաուշագրավ հատվածերը։

Գինեգործական հոլդինգը

Vino & Vino-ի հետ մենք աշխատում ենք տարիներ շարունակ, բայց սա առաջին անգամ է, որ համտես ենք անցկացնում, նպատակը մեր գինիների, շատոների (կալվածք) ու գինեգործական ընտանիքի մասին պատմելն է։ Ուրախ եմ, որ մեր գինիները ներկայացված են Հայաստանում։ Մեր շուկան դինամիկ է դարձել, հաճելի է տեսնել, որ մարդիկ գնահատում են տարբեր կատեգորիայի գինիներ։

Սաթենիկ Սամվելյանը


Domaine Clarence Dillon-ը, որը ես ներկայացնում եմ, մեծ հոլդինգ է, այն ներառում է մի քանի ուղղություն։ Այն ունի երեք հայտնի գինու շատո ՝ Château Haut-Brion-ը, Château La Mission Haut-Brion եւ Château Quintus։ Ընկերությունը ներառում է նաեւ գինու վաճառքով զբաղվող մեկ ընկերություն՝ Clarence Dillon Wines-ը։ Բորդոյի շատոները ոչ Ֆրանսիայում, ոչ էլ երկրի տարածքից դուրս գինի վաճառելու իրավունք չունեն։ Վաճառքով զբաղվելու համար միջանկյալ ընկերություն է անհրաժեշտ։ Clarence Dillon Wines-ը համարվում է հենց այդպիսի ընկերություն։

Ընկերությունը մոտ 100 երկրում վաճառում է իր եւ այլ արտադրության 150 գինի։ Ընկերությունն ունի նաեւ երկու Միշլեն աստղի ռեստորան Փարիզում, որը կոչվում է Le Clarence: Դրանք առավելապես կհետաքրքրեն էքստրավագանտ խոհանոցի սիրահարներին։ Կից ունենք նաեւ միջազգային շատ մեծ գինիների խանութ, որը կոչվում է La Cave du Château։ Այս տարի Բորդոյում բացվել է նաեւ երկրորդ խանութը։

Ֆինանսիստին ու արքայազնին հետաքրքրած գինեգործությունը

Ընկերության պատմությունը սկսվել է 1935 թվականին, երբ նյույորքցի ֆինանսիստ Կլարենս Դիլոնը գնում է Château Haut-Brion-ը։ 1855-ին արդեն այն մեծ համբավ է ունենում։ Հենց այսպես էլ Դիլոն ընտանիքը «ոտք է դնում» Ֆրանսիա։ Այնուհետեւ նրա որդին՝ Դուգլաս Դիլոնը, Փարիզում ԱՄՆ դեսպանն է դառնում եւ ընտանիքով տեղափոխվում է Փարիզ։ Դիվանագիտական ծառայությունն ավարտելուց հետո նա վերադառնում է ԱՄՆ, իսկ աղջիկը՝ Ժոան Դիլոնը, մնում է Փարիզում։ Ժոանը հետագայում ամուսնանում է Լյուքսեմբուրգի արքայազնի՝ Շառլի հետ եւ այդպես ստեղծվում է կապը Դիլոն եւ թագավորական ընտանիքների միջեւ։


Այսօրվա մեր ընկերության տնօրենը համարվում է հենց Լյուքսեմբուրգի արքայազնը՝ Ռոբերտը։ Նրա որոշմամբ՝ Clarence Dillon Wines-ում 2005 թվականին ստեղծվել է Clarence Dillon Wines-ը եւ միաժամանակ՝ բրենդը։ 2008-ին արքայազն Ռոբերտը դարձել է ընկերության նախագահ, իսկ 2011-ին Բորդոյի աջ ափին ստեղծվել է Château Quintus շատոն։

2018 թվականին Domaine Clarence Dillon-ը դարձել է ամենահին եւ հեղինակավոր ասոցացիաներից մեկի՝ Primum Familiae Vini-ի անդամ։

Արքայազնի գաղափարով ստեղծված գինիները

Լյուքսեմբուրգի արքայազնը երիտասարդ տարիքում չէր կարող իրեն թույլ տալ «մեծ», թանկ գինիներ խմել, այդ պատճառով էլ 2005-ին որոշել է ստեղծել գինիների շարք, որը եւ գնային, եւ համային առումներով հասանելի կլինի բոլորին՝ սկսած երիտասարդներից, վերջացրած ավելի բարձր տարիքի մարդկանց, ովքեր սիրում են ուղղակի օրը վայելել գինով։ Հենց այս մտքով են ստեղծվել Clarendell-ի գինիները։ Չնայած հասանելի լինելուն՝ այս գինիները բարձր որակ ունեն։ Հիմնականում գինիները թարմ են, կարիք չկա պահելու մի քանի տարի, պարզապես բացում եք շիշն ու արդեն պատրաստ է վայելելու։


Clarendell-ի լոգոն հուշում է, որ այն շատ տարբեր բաղադրիչների հետ է կապվում։ Թագը խորհրդանշում է թագավորական ընտանիքը։ Լոգոյի վրա նաեւ առյուծներ են պատկերված։ Château Haut-Brion-ի բակում կա երկու առյուծի արձան եւ սա Դիլոն ընտանիքի սիմվոլն է։ Clarendell-ի բլենդը Haut-Brion-ի թիմն է անում։

Clarendell-ը չունի շատո եւ գինեգործարան։ Ընտրում ենք փոքր խաղողագործներ եւ գինեգործներ, նրանք պատրաստում են գինի, այնուհետեւ մենք կատարում ենք բլենդը։ Շշի վրա գրություն կա՝ Inspired by Haut-Brion (Ոգեշնչված Haut-Brion-ից)։ Այս գրությունն արգելված է եվրոպական երկրներում, բայց Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ շշի վրա դեռ հնարավոր է պահպանել Haut-Brion-ի անունը։


Clarendell-ը հետաքրքիր համագործակցություն ունի ֆիլմերի աշխարհի հետ, այս գինիները կարող եք տեսնել տարբեր ֆիլմերում։ Մենք համագործակցում ենք նաեւ «Օսկար» մրցանակաբաշխության հետ։ Մոտակա երեք տարիներին Clarendell-ի սպիտակը, կարմիր ու վարդագույնը՝ Château Haut-Brion-ի եւ La Mission-ի հետ միասին, լինելու են մրցանակաբաշխության գալային՝ աստղերի համար։ Այս տարի Արքայազն Ռոբերտը արքայադուստր Շառլոտի հետ միասին ներկայացրել է գինիները Օսկարի փառատոնին։ Հատուկ մրցանակաբաշխության համար արտադրվել է ոսկե շշով գինի։

Սկզբում՝ Բորդոյի սպիտակ գինիները

Համտեսի առաջին եւ երկրորդ գինիները Clarendell-ի՝ Բորդոյից սպիտակ գինիներ են։ Ասելով Բորդո սպիտակ՝ կարող ենք հասկանալ շատ թեթեւ, ամառային, ընկերասեր գինիներ, որոնք հաճելի են ինչպես ուտեստի հետ համադրելու, այնպես էլ՝ առանձին խմելու համար։


Համտեսի համար ընտրել ենք La Clarte De Haut-Brion-ը։ Այս գինին 15 ամիս հնացվել է տակառներում եւ բավականին շերտեր ունի։ Գինին շատ խորն է, սկզբում փակ է լինում, պետք է օդի միջոցով բացվել եւ կարողանալ բացահայտել։ Առայժմ այն երիտասարդ գինի է, բաց տարիներ շարունակ պահելու դեպքում էվոլյուցիայի կենթարկվի շշի մեջ եւ համտեսողները բոլորովին նոր փորձ կունենան, նոր ճանաչողություն այս գինու հետ։ Պոտենցիալը 15-20 տարի է։ Այստեղ ունենք Սովինյոն՝ 52% եւ Սեմիյոն՝ 48%։

Հաջողված տարեթվերի գինիները

Առանձնացված La Chapelle de la Mission 2018 գինու դեպքում պետք է խոսել նաեւ տարեթվի մասին, որովհետեւ 2018-2020 թվականները Բորդոյի համար շատ հաջողված տարիներ են եղել։ 2019-ի գինիներն աչքի են ընկնում նուրբ կառուցվածքով, իսկ 2018-ը, քանի որ շոգ տարի էր, գինիներն ավելի «համեմված» են, մարմնեղ եւ ավելի նման 2020 եւ 22 թվականներին։


La Chapelle de la Mission-ը պատրաստվում է Château La Mission Haut-Brion-ում։ Դիլոն ընտանիքն այն գնել է մոտ 40 տարի առաջ։ Այս շատոյի համար պատմության մեջ ամենանշանակալին եղել է 17-րդ դարը, երբ վանականները եկել են ու սկսել աշխատել այստեղ։ Նրանց միջոցով զարգացել է խաղողագործությունը։ Վանականները, հետագայում նաեւ միանձնուհիները, կարողացել են ճիշտ մշակել այգիներն ու ստացված բերքն այնքան լավն է եղել, որ այս շատոյի անունը ժամանակի հետ շատ բարձր դիրք է ունեցել։ Haut-Brion-ը ոչ միայն Բորդոյում, այլ նաեւ աշխարհում համարվում է գինու առաջին բրենդը։ Haut-Brion թարգմանաբար նշանակում է «բարձր բլուր» եւ դեռ այն ժամանակ պատմիչներն ասել են, որ այդ տարածքից եկած գինիները շատ տարբերվող համ ու հատկություններ ունեն։

Հատուկ գինի՝ Բուրգունդիայից

Լյուքսեմբուրգի արքայազնը կարեւորություն է տալիս բարեգործությանը՝ հատկապես բժշկական։ Այդ պատճառով 2021 թվականին որոշել է, որ ընկերությունը պետք է մասնակցի Hospices de Beaune-ի գինու բարեգործական աճուրդին։


Hospices de Beaune-ը (Բոնի հոսպիտալ) ստեղծվել է 1443 թվականին։ Նիկոլա Ռոլանն ու իր գործընկերներից մեկը որոշել են ստեղծել բարեգործական հիվանդանոց՝ Hôtel-Dieu (Աստծո տուն), որտեղ կբուժվեն անվճարունակ մարդիկ։ Տարիների ընթացքում հոսպիտալն այնքան հայտնի է դառել, որ ոչ միայն բարեգործների թիվն է ավելացել, այլ նաեւ տարբեր մարդիկ՝ եւ ունեւոր, եւ ոչ այնքան, սկսել են իրենց խաղողի այգիները նվիրաբերել հիվանդանոցին։ Hospices de Beaune-ը այսօր արդեն ունի մոտ 60 հեկտար խաղողի այգի Բուրգունդիայի տարբեր շրջաններում։ Այգիներից 50 հեկտարը Պինո Նուար է, 10 հեկտարը՝ Շարդոնե, վազերի 85%-ը դասակարգվում է որպես «պրեմիեր» կամ «գրանդ կրու»:

Hospices de Beaune-ն իր այգիների խաղողը վերամշակում եւ պատրաստի գինին տակառներով հանում է աճուրդի։ Սպիտակ գինիները պատրաստվում են Շարդոնե, իսկ կարմիր գինիները՝ Պինո Նուար խաղողից։ 1859 թվականից սկսած, երբ որոշվեց այգիների խաղողից գինի պատրաստել եւ ստացված գումարը եւս ծառայեցնել բարեգործության՝ մինչեւ օրս ամեն տարի նոյեմբերի 3-րդ կիրակի օրը Բոն քաղաքում տեղի է ունենում գինու աճուրդ։


Աճուրդի ժամանակ աշխարհի տարբեր կողմերից գալիս են գնորդներ, բայց գնված տակառները մնում են Բուրգունդիայում։ Գնորդը կարող է որոշել՝ դրանք պահվեն գինու վաճառքով զբաղվող մեծ ընկերությունների, թե՝ փոքր գինեգործների մոտ։ Hospices de Beaune-ի գրեթե բոլոր գինիների վրա կտեսնեք նույն պիտակը, դրանք տարբերվում են միայն անունով։ Մեր գնած գինու պիտակին գրված է Cuée Brunet։ Պիտակին նաեւ մեր ընկերության անվանումն ու եւ հնացման վայրն է գրված։


2021 թվականը մեր առաջին տարեթիվն է, որ ներկայացնում ենք շուկային։ Տարին Բուգունդիայի համար բարդ է եղել, ցրտահարությունից հնարավոր է եղել փրկել բերքի միայն 1/3 մասը։ Այս տարվա գինին բավական նուրբ է։ Այս գինին 100% Պինո Նուար է։ Այն բոլորովին այլ պրոֆիլ է, համեմատելի չէ Բորդոյի գինիների հետ։ Շնչող, ֆիլիգրան գինի է, բաց է ավելի շուտ խմելու համար։ Այս գինին մեծ պոտենցիալ ունի, 10-15 տարի պահելուց հետո հրաշալի էվոլյուցիա կունենա։ Խմելուց առաջ նույնիսկ պետք չէ դեկանտերի մեջ լցնել կամ օդահարել։

Քանի որ Բորդոյի գինու վաճառքով ենք զբաղվում՝ այս գինին մի փոքր անսովոր է մեզ համար, բայց աճուրդին մասնակցելն ու գինի գնելը շատ լավ միտք է։ Առաջին տարում միայն կարմիր գինի ենք գնել, 2022-ին կունենանք նաեւ սպիտակը։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի եւ VINO&VINO-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին