×

Միքայել Միքայելյանն ու Նաիրի Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Էմոցիայի վաճառքն» ու օրանժի 3 երանգները՝ «Երեւակ»-ի բնական գինիներում

Հայկական օրանժ գինու մի փոքրիկ խմբաքանակ 2023 թվականին պատրաստվում էր գրավել ֆրանսիացի գինեսերների սրտերը։ Արտահանման ծրագրի խափանման «շնորհիվ», սակայն, արդեն մեկ տարի է այն իր տեղն է գրավել Հայաստանի գինու մասնագիտացված խանութների ու համտեսի սրահների դարակաշարերին։

«Երեւակ» բնական նարնջագույն ու Մսխալի գինիները երեւան եկան 2023 թվականի «Գինու օրերին», շարժեցին նարնջագույն գինիներին արդեն ծանոթ գինեսերների եւ նրանց հետաքրքրությունը, ովքեր կարծում էին, թե այս գինիները ոչ թե խաղողից, այլ նարնջից են պատրաստվում։

«Երեւակ» գինիները երեք գործընկերոջ համատեղ աշխատանքի արդյունք են։

Արտադրության հիմնադիրներից մեկը գինեգործ, EVN Գինու ակադեմիայի լաբորատորիայի վարիչ Միքայել Միքայելյանն է, որ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում է 2000 թվականից։ Մյուս հիմնադիրը մասնագիտությամբ կենսատեխնոլոգ, մանրէաբան Նաիրի Գրիգորյանն է, որ Երեւանի Գինու ակադեմիայի առաջին սերնդի շրջանավարտներից է։ Գինեգործությանը զուգահեռ՝ նաեւ Ակադեմիկոս Էմիլ Գրիգորյանի անվան դեղերի փորձագիտական կենտրոնի ավագ փորձագետ-մանրէաբան է եւ Winenet տեղեկատվական հարթակի հիմնադիրը։

Երրորդ գործընկերը Armvino ընկերության հիմնադիր Արմեն Գրիգորյանն է։ Նա էլ մասնագիտությամբ իրավաբան է։ Նրա խաղողի այգիներից վերցրած բերքով ու Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող ընտանեկան գինեգործարանում էլ արտադրվում են «Երեւակ» նարնջագույն բնական գինիները։

GastroVino-ն հանդիպել է Միքայել Միքայելյանին ու Նաիրի Գրիգորյանին։ Նրանք պատմել են խաղողի տեսակների ընտրության, օրանժ գինիների առանձնահատկության եւ «Քաղցրը» գինեսերներին ներկայացնելու ծրագրերի մասին։

Արտահանման համար ստեղծված օրանժը

Միքայել Միքայելյան

Միասին գինի ստեղծելու գաղափարը ծնվեց 2022 թվականին, երբ Նաիրիի ֆրանսիացի բարեկամներից մեկը, որ բնական գինու արտադրությամբ է զբաղվում, արտահանման համար գինի պատվիրեց։ Ասաց՝ «միջազգային շուկայում շատ թրենդային են նատուրալ օրանժ գինիները, մեծ պահանջարկ ունեն եւ տեղական փոքր արտադրությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա»։ Հիմնական թիրախը լինելու էր Ֆրանսիան։

Միքայել Միքայելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Անկեղծ լինեմ՝ քանի որ դասական գինեգործի կրթություն եմ ստացել՝ բնական գինուն լուրջ չէի վերաբերվում։ Այդուհանդերձ, որոշեցինք 1 պալետ՝ մոտավորապես 700 շիշ, բնական նարնջագույն գինի արտադրել եւ արտահանել։ Քանի որ հայկական գինիները հիմնականում ալկոհոլի բարձր պարունակություն են ունենում՝ պետք էր այնպիսի պրոդուկտ ստանալ, որն ալկոհոլի ցածր պարունակություն եւ հաճելի թթվայնություն կունենար։ Բավական լավ ցուցանիշներով գինի ստացվեց, բայց արտահանման ծրագրերը չիրագործվեցին։ 2022 թվականի բերքահավաքից ընդամենը 200 լիտր Մսխալի եւ 1000 լիտր էլ բնական գինի ունեինք, վաճառքով զբաղվելու ցանկություն չունեինք եւ փաստացի չգիտեինք՝ ինչ անել։ ICARE հիմնադրամը 2023 թվականի «Երեւանի գինու օրեր» փառատոնի նախօրեին 6 փոքր արտադրողի, այդ թվում՝ մեզ, հնարավորություն տվեց հանդես գալ միասնական տաղավարով եւ ներկայացնել արտադրանքը։ Երկու գինին էլ փոքր քանակությամբ շշալցրեցինք ու ներկայացրեցինք գինեսերներին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեզ համար անսպասելի ջերմությամբ ընդունվեցին գինիները: Հիմնականում օտարերկրացի և, հատկապես, ռուս հյուրերի ուշադրությանն արժանացան մեր նարնջագույն գինիները։ Եթե մինչ այդ մտածում էինք՝ ինչ անել արտադրանքի հետ, ապա փառատոնից հետո ոգեւորված սկսեցինք շշալցնել եւ շուկա մուտք գործեցինք մեր անունով։

Դասագրքում գտած անվանումը

Նաիրի Գրիգորյան

Գինու անվան ընտրությունը պատահաբար էր ստացվել։ Մտածում էինք՝ ի՞նչ անուն ընտրենք, որը հետաքրքիր զրույցների պատճառ կդառնա, հիշվող ու ներկայանալի կլինի։ Միքայելի հետ տեսազանգով զրուցում էի, աղջիկս էլ մոլորակների անուններն էր սովորում, երբ կարդաց Լուսնթագի մասին, հիշեցի, որ մնացած մոլորակներն էլ հայկական անվանումներ ունեն։ Վերցրեցի դասագիրքն ու սկսեցի հերթով կարդալ բոլոր մոլորակների անունները, կանգ առանք Երեւակի (Սատուրն) վրա։ Կարծեցինք՝ հիշվող կլինի նաեւ այն պատճառով, որ Երեւանից մեկ տառի տարբերություն ունի եւ որոնողական ցանցերում Երեւան եւ Երեւակ բառերը նույնացվում են։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հետո սկսեցինք մտածել, թե ինչ տեսք պետք է ունենա գինու պիտակը։ Քանի որ, այսպես ասած, ստարտափ գինի արտադրողներ ենք եւ մեծ հնարավորություն չունենք, որոշել էինք արտահանման համար փորձնական պիտակ պատրաստել։ Միքայելը գտել էր NASA-ի հրապարակած՝ Սատուրն մոլորակի ուլտրամանուշակագույն սպեկտրի նկարը, եւ պիտակը որոշեցինք պատրաստել դրանով։ Այն արտացոլում է ծիածանի բոլոր գույները, այդ թվում՝ օրանժը, որը խորհրդանշում է մեր գինին։ Գինու շշի կանաչ խցանն էլ բնական գինու խորհրդանիշն է։

Սպիտակ խաղողից, բայց կարմիրի եղանակով

Միքայել Միքայելյան

Ցուցահանդեսներին, որտեղ ներկայացնում ենք մեր արտադրատեսակը, երբեմն հարցնում են՝ «նարնջի՞ց եք պատրաստում»։ Օրանժ գինին պատրաստվում է սպիտակ խաղողից, բայց կարմիրի եղանակով։ Օրանժն այս տեսակի գինու միջազգային անունն է։ Գինին այլ անվանումներ էլ ունի, նաեւ «սաթե գինի» (amber wine) են ասում։ Երկրներ կան, որոնք հատուկ օր ունեն եւ նշում են օրանժ գինու օրը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր գինիների պատրաստման համար ստանդարտներ չենք վերցրել, տեխնոլոգիան ինքներս ենք մշակել ու դրանով էլ շարունակելու ենք։ Շուկայում երկու նարնջագույն գինի ունենք, առաջինը Ռկածիթելի եւ Մսխալի խաղողի տեսակներից պատրաստված բնական կուպաժայինն է։ Խաղողներն առանձին մշակում ենք, խմորում, հետո որոշակի փուլում, երբ երկուսն էլ գինի են դառնում, խառնում ենք իրար։ Երկրորդը Մսխալիի մոնոսորտ շարքն է, որը բնական չենք համարում, որովհետեւ արտադրության ժամանակ կայունացվում է եւ կոնսերվանտներ օգտագործվում։

Միքայել Միքայելյանն ու Նաիրի Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինիների արտադրության համար ընտրել ենք Ռկածիթելի եւ Մսխալի խաղողի սորտերը, որովհետեւ դրանք տարածված են Հայաստանում, մեծ քանակներ արտադրելու համար խնդիր չենք ունենա։ Թեեւ երկուսն էլ մեծ տարածվածություն ունեն, բայց գինու արտադրության համար քիչ են օգտագործվում, դրանցից ավելի շատ կոնյակ են արտադրում։ Շատ գինեգործներ չեն ուզում խաղողի այս տեսակի հետ աշխատել։ Որպես տեսակ՝ որոշակի թերություններ ունեն, բայց ճիշտ աշխատելու դեպքում կարելի է դրանցից լավ գինի ստանալ։ Ռկածիթելին նարնջագույն գինու համար բավական լավ ցուցանիշներ ունի։ Ֆենոլային նյութերի պարունակության շնորհիվ այն տտիպություն, թթվայնություն է հաղորդում գինուն, Մսխալին էլ՝ հասունացման ժամանակ շաքարի մեծ քանակություն չի հավաքում ու դրանից ստացված գինին բավական թեթեւ եւ փափուկ է ստացվում։ Երկուսի խառնուրդով կարողանում ենք կարգավորել, ստանալ ե՛ւ մարմնեղ, ե՛ւ ցածր ալկոհոլով, ե՛ւ հաճելի թթվայնությամբ գինի։ Բնական գինու սպիրտայնությունը 11,5% է, Մսխալիի դեպքում ավելի ցածր՝ 10,5%։

Նաիրի Գրիգորյան

Նարնջագույն գինիները հաճելի է խմել տարվա բոլոր եղանակներին։ Դրանք հետաքրքիր կերպով համադրվում են տարբեր ուտեստների հետ։ Կարելի է խմել եւ սպիտակ, եւ վարդագույն ու կարմիր գինիների հետ համադրվող ուտեստների հետ։ Այդ առումով՝ մեր գինիներն ունիվերսալ են։ Ամռանը սառը խմելիս հաճելի թթվությունն ու ցածր ալկոհոլը զովացնում են, ձմռանը սենյակային ջերմաստիճանում մատուցելու դեպքում էլ հաճելի տրամադրություն է հաղորդում։

Երրորդ նարնջագույնը

Միքայել Միքայելյան

Մենք նաեւ երրորդ նարնջագույն գինին ենք պատրաստել՝ «Քաղցրը», հուսով ենք՝ մինչեւ այս տարեվերջ կներկայացնենք գինեսերներին։ Այս գինին ավելի տտիպ է, քան մյուս երկուսը եւ երանգով էլ ամենամուգն է։ Այն թնդեցված է, պատրաստվում է նույն խաղողի տեսակներից, ինչ բնականը։ Խմորման որոշակի փուլում, երբ շաքարի պարունակությունը հասնում է մեզ անհրաժեշտ քանակի, ավելացվում է խաղողի հիմքով ստացված ալկոհոլ, այսինքն՝ գինին թնդեցվում է։ Դրա հետեւանքով խմորումը կանգնում է, ալկոհոլի տոկոսը՝ բարձրանում, շաքարը մնում է մեր ցանկալի մակարդակի վրա։ Գինին կայուն է դառնում եւ եթե 100 տարուց ավելի էլ պահեք, չի փչանա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս գինին եւս փորձնական ենք պատրաստել, մոտ 200 լիտրի չափով։ Այս դեպքում կատարել ենք ուշ բերքահավաք, խաղողը թողել ենք վազի վրա մինչեւ շաքարի քանակությունն ավելացել է, որից հետո խմորվել է բնական, կարմիր գինու պատրաստման եղանակով։ Ցանկացանք, որ այն պորտվեյնի նման լինի, բայց ունենա մադերայի տոներ ու Հայաստանի տաք կլիման ներառված լինի իր մեջ։ Ալկոհոլի պարունակությունը մոտ 17% է, շաքարը՝ 8%։ Տեսակով պորտվեյնի եւ մադերայի խառնուրդի է նման։ Հայաստանում մինչ անկախացումը այս տեսակի գինիների արտադրությունը շատ զարգացած է եղել եւ այստեղ պատրաստված այս խմիչքներր աշխարհի տարբեր երկրներում բարձր գնահատանքի են արժանացել։ Մեր կլիման այս տեսակի գինիների համար ավելի նպաստավոր է։

«Էմոցիա վաճառելու փուլում ենք»

Իմ ու գործընկերներիս համար «Երեւակի» արտադրությունը հոբբի է։ Ասում են՝ գինին էմոցիա է եւ մենք դեռ էմոցիա վաճառելու փուլում ենք։ Հույս ունենք, որ մի օր այն կդառնա բիզնես, քանակները կմեծանան, արտահանման շուկաները կընդլայնվեն։

Առհասարակ, փոքր գինեգործությունը Հայաստանում բարդ պրոցես է եւ դրանով զբաղվելու համար պետք է երկրորդ գործ ունենաս։ Արտահանման հետ կապված նոր առաջարկներ, քննարկումներ ունենք։ Բրազիլիայից պատվեր ունենք եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, տեսնենք՝ ինչ կստացվի։ Հայկական գինու համար Բրազիլիան նոր շուկա է եւ մեծ հույսեր ունենք հատկապես «Քաղցրի» մասով։

Միքայել Միքայելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Որքան էլ, սակայն, արտահանման վրա հույս դնենք, միեւնույն է, ցանկացած արտադրանք 90%-ով պետք է ներքին շուկայում սպառվի: Եթե քո երկրում ապրանքը չգնահատվի, դրսում շատ ավելի դժվար կլինի։ Մեր գինին հիմնականում կանայք են սիրում եւ մեզ համար սա շատ կարեւոր է, որովհետեւ կանայք ավելի շատ են գինի խմում, քան տղամարդիկ։ Կանայք սիրում են նոր գինիներ փորձել, տղամարդիկ ավելի պահպանողական են։ Պետք է աշխատենք, որ մարդիկ սկսեն ավելի շատ լավ գինի խմել։ Կուզեմ, որ մեր ժողովուրդը սկսի ճիշտ գնահատել խմիչքը եւ օղուց դեպի գինի անցումը, որ արդեն տեղի է ունենում, մի փոքր ավելի արագ լինի, որպեսզի հայ գինեգործներն իրենց արտադրանքը վաճառելու խնդիր չունենան։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ալկոհոլը, ամեն դեպքում, թույն է համարվում մարդու օրգանիզմի համար, ցանկացած ալկոհոլ պետք է չափի մեջ օգտագործել, բայց հայրս լավ խոսք ուներ, ասում էր՝ «եկեք լավ թույնով թունավորվենք»։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին