«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կհրաժարվի բացման արարողության ավանդական կարմիր գորգից՝ փոխարենը կձեւավորի ժամանակակից հայկական «կարմիր գորգի» նոր ավանդույթ: Փառատոնին ընդառաջ հունիսի 25-ին Երեւանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որը «Ոսկե ծիրան»-ի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է:
Լուսանկարը՝ ARARAT
Հուլիսի 7-14-ը կայանալիք փառատոնի համար AHA collective-ը թողարկել է ժամանակակից «կարմիր գորգի» հավաքածու՝ արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ միասին: Կին գորգագործ վարպետների պատրաստած 7 եզակի կարպետները, որոնք կազմում են ցուցադրության համադրող, AHA Collective-ի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանի «Տեղորոշում» («Point of Reference») կարմիր գորգի հավաքածուն, կզարդարեն եւ կձեւավորեն տեղական ու միջազգային կինոփառատոնային դաշտում նոր մշակույթ:
Զարուհի Սարիբեկյանը | Լուսանկարը՝ ARARAT
«Փառատոնի այս շրջադարձային փոփոխությանն ընդառաջ՝ ARARAT թանգարանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի եւ AHA collective-ի հետ համատեղ կազմակերպում է Դավիթ Քոչունցի գորգագործական այլ աշխատանքների՝ իր թողարկած առաջին ժամանակակից գորգերի՝ «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուի ցուցադրությունը, որն արվեստագետի ստեղծած դիզայնի հիման վրա 2023թ.-ի Սյունիքի Վերիշեն գյուղում գործեցին կին գորգագործները»,- ARARAT թանգարանում ցուցադրության բացման ժամանակ հայտնեց Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը:
«Համարձակ Խնձորեսկ» վերտառությամբ այս ցուցադրությունը պատմում է հայկական վարպետության ձեռագործ աշխատանքի՝ գորգագործության ավանդության մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական եւ բնության համատեքստում: Ցուցադրության առանձնահատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են արվեստագետի ընտանիքի ծննդավայրի՝ Հին Խնձորեսկի ժայռափոր միջավայրում:
Լուսանկարը՝ ARARAT
«Ժամանակակից մշակութային աշխարհը որոշակի իմաստով մարդկանց ուշադրության եւ տպավորությունների համար թեժ պայքար է: Գաղտնիք չէ՝ ցանկացած կինոփառատոն վաղուց արդեն դադարել է լինել միայն ու միայն արժանի կինոյի ստուգատես: Տասնամյակների ընթացքում փառատոնները պարուրվեցին սիմվոլիզմով, որը եւ հաճախ հյուսում էր այս կամ այն փառատոնի պատմությունը: Հիշենք Կաննի փառատոնի երկարամյա նախագահ լեգենդար Ժիլ Ժակոբին, ով տարիներ շարունակ Կաննի կինոփառատոնի բացման ժամանակ աստիճաններով բարձրացող դերասաններին իր ձեռքն էր մեկնում՝ խորհրադանշորեն բերելով իրենց փառատոնի օլիմպոս: Կարծում եմ, որպես փառատոնի սիմվոլներից մեկը, կարմիր գորգը ե՛ւ հանգուցային է, ե՛ւ ուշագրավ: Վերափոխել փառատոնի այս դրվագը, թերեւս, որքան համարձակ է, նույնքան էլ իմաստալից»,- նշեց Զարուհի Սարիբեկյանը:
Զարուհի Սարիբեկյանը | Լուսանկարը՝ ARARAT
Նրա խոսքով՝ այս գաղափարը նաեւ գեղեցիկ հանգավորում է «Ոսկե ծիրան» փառատոնի 20-ամյա գործընկեր ARARAT-ի հետ, քանի որ թե՛ կոնյակագործության, թե՛ գորգագործության, թե՛ «Ոսկե ծիրան»-ի հիմքում վարպետությունն է. «Դու կարող ես ունենալ ամենատաղանդավոր սցենարիստ, փայլուն դերասաններ, բայց եթե չունենաս վարպետ, երբեք չես նկարահանի լավագույն ֆիլմը: Կարող ես ունենալ լավագույն խաղողը, լավագույն տակառները, բայց եթե չունենաս վարպետ, երբեք չես կարող ստանալ լավագույն լեգենդար կոնյակը: Գորգագործությունն էլ հայկական ավանդական վարպետության ամենահին եւ լավագույն դրսեւորումներից է»:
Կարեն Ավետիսյանը | Լուսանկարը՝ ARARAT
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝ սա մարտահրավեր է՝ նոր ավանդույթ ձեւավորելու. «Ավանդույթ կոտրելը, իհարկե, դժվար որոշում է, այն էլ այնպիսին, որն ունի ավելի հին պատմություն, քան աշխարհի բոլոր կինոփառատոնները, սակայն հզոր ավանդույթին հրաժեշտ տալուց էլ ավելի մեծ ուժ է տալիս նորի ստեղծումը»:
Նայիրի Խաչատուրեանը | Լուսանկարը՝ ARARAT
«Գորգարվեստն հայկական մշակույթի առանցքային դրսեւորումներից է՝ իր դարավոր պատմության եւ վարպետությամբ ու միջազգային բարձր ճանաչմամբ: Ուրախ եմ, որ 2023թ.-ից ի վեր AHA Collective-ը Դավիթ Քոչունցի հետ միասին սկսել է ժամանակակից բովանդակություն եւ նոր ձեւեր բերել հայկական գորգարվետում՝ կին գործարարների հետ համագործակցությամբ: Կարեւոր է, որ թե՛ արհեստը, թե՛ խորհրդանիշները անընդհատ ընդլայնվեն եւ արտացոլեն արդի իրողությունները: Այսպիսով, հասարակության մեջ կձեւավորվեն մշակութային նոր խոսույթներ, անցյալի եւ ներկայի միջեւ ավելի խորը կապ եւ փոխըմբռնում՝ քանդելով եւ վերաիմաստավորելով փառատոնի կարմիր գորգի դասական խորհրդանիշը»,- նշում է AHA Collective-ի հիմնադիր, արվեստաբան Նայիրի Խաչատուրեանը:
Նրա խոսքով՝ «Տեղորոշում» հավաքածուն ժամանակակից կարմիր գորգի նոր ծիսակարգ է առաջարկում՝ առաջին պլան բերելով արդի խնդիրների մասին արծարծումն ու երկխոսությունը:
Դավիթ Քոչունցը | Լուսանկարը՝ ARARAT
«Կինոն ինձ համար շատ կարեւոր է: Կապը կինոյի հետ ինձ հարստացրել է որպես արվեստագետ, այն ինձ համար հիմք է, որից հաճախ օգտվում եմ: «Ոսկե ծիրանն» ամենամեծ փառատոնն է Հայաստանում, որի ժամանակ գորգով անցնում են տարբեր մարդիկ, հյուրեր, իսկ գորգը լավագույն մեդիաներից է ներգործություն ունենալու, մտքեր ու ձեւեր կազմաքանդելու, որից երբեք չեմ հրաժարվում ստեղծագործելիս»,- ասում է արվեստագետ Դավիթ Քոչունցը:
ARARAT թանգարանում «Համարձակ Խնձորեսկ» ցուցադրությունը բաց կլինի մինչեւ օգոստոսի 1-ը: Մուտքն ազատ է:
Արփի Ջիլավյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: