×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Նարեկացի»՝ հայկական մշակույթի մասին պատմող, երազանքներ իրականացնող գինին

«Նարեկացի» կարմիր, չոր գինին աշխարհին պատմելու է Գրիգոր Նարեկացու, հայկական մշակույթի ու գինեգործության մասին։ Այն Իջեւանի գինու-կոնյակի գործարանի նոր արտադրանքն է։ «Նարեկացու» մուտքը հայկական շուկա տեղի է ունեցել ապրիլի 26-ին՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահում, այդ օրը գինեսերները համտեսել են նոր գինին ու ծանոթացել ստեղծման պատմությանը։

«Նարեկացին» Իջեւանի գինու-կոնյակի գործարանի մի քանի տարվա երազանքն է, ստեղծվել է համբերության ու քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Այս գինին ստացել է հեղինակավոր ProdExpo-ի «Գրան պրի» մրցանակ՝ 26 տարվա ընթացքում առաջին անգամ այն բերելով Հայաստան։

«Նարեկացի» գինին ներկայանում է աստվածաշնչյան գաղափարախոսությամբ․ գինու պիտակի մի հատվածը աստվածաշնչերի եւ աղոթագրքերի պես ոսկեզօծ է, իսկ անվան առաջին տառի վերեւում լուսապսակ է պատկերված, ճիշտ այնպես, ինչպես պատկերում էին հայ միջնադարյան հոգեւորական, բանաստեղծ եւ փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Համային յուրահատուկ հատկանիշներով առանձնացող գինին նաեւ յուրահատուկ տուփ ունի, որի ներսում պատկերված է Գրիգոր Նարեկացու մասին հյուսված առասպելներից մեկը։ Ըստ այդ առասպելի՝ Նարեկացին 7 տարի հոտաղ է եղել Զեւիկ գյուղում եւ, ի տարբերություն մյուս հոտաղների, կենդանիներին երբեք չի ծեծել։ Կենդանիների տիրոջը բարկացրել է Նարեկացու բարությունը, ով փորձել է խլել փայտն ու ծեծել կենդանիներին։ Այդ պահին Նարեկացին վազել է ու երբ կենդանիների տերը հասել է նրան եւ փորձել խլել փայտը, Նարեկացին այն խրել է հողի մեջ ու ինքն անհետացել։ Տերը փորձել է փայտը հանել հողից, բայց չի կարողացել, որովհետեւ այն վերածվել է մշտադալար գինու։

Յուրօրինակ գինու ստեղծումը
 
Իջեւանի գինու-կոնյակի գործարանի տնօրեն Մարտին Մարտիրոսյան

Լավ իմանալով հայկական գինեգործության հին եւ հարուստ պատմությունը, հաշվի առնելով վերջին տարիներին հայկական գինեգործության վերելքը՝ գործարանի սեփականատեր Էմին Եղիազարյանը տարիներ առաջ մեր թիմի առջեւ առաջադրանք դրեց՝ ստեղծել այնպիսի գինի, որն իր տեսակի մեջ կլինի եզակի եւ յուրօրինակ։ Քանի որ մեր գործարանի փիլիսոփայությունը եւ քաղաքականությունն է՝ օգտագործել միայն հայկական խաղողի սորտեր, այս գինին էլ պետք է պատրաստված լիներ հայկական խաղողի տեղածին սորտերից։

Մարտին Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Քննարկումներից հետո մեր թիմը սկսեց աշխատանքները, առաջ եկավ անվան հարցը, երկար քննարկումներ ունեցանք։ Պարոն Եղիազարյանը՝ լինելով հայկական ավանդույթների պահպանող եւ իսկական քրիստոնյա, հայ ընտանիքի զավակ, որտեղ հավատքն ու կրոնը բարձր են դասվել, առաջարկեց գինին կոչել «Նարեկացի»։ Քանի որ ստացել էինք այնպիսի արտադրանք, որը կարող էինք պարզ ճակատով ցուցադրել ամբողջ աշխարհին, համարեցինք, որ «Նարեկացին» այս գինուն վայել եւ համահունչ անուն է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Որոշվեց նաեւ գինու փաթեթավորման վրա ներկայացնել Գրիգոր Նարեկացու կենսագրությունն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից նրան տիեզերական վարդապետի կոչում շնորհելու մասին տեղեկությունը, ինչն էլ ավելի կնպաստի հայկական մշակույթի եւ հոգեւոր արժեքների միջազգային ճանաչմանը։ Այսպես` ծնվեց մեր գործարանի գլուխգործոցը՝ «Նարեկացի» գինին։ Այն իր տեսակով եզակի, համաբուրային բարձր հատկանիշներով օժտված կարմիր չոր գինի է, որն արտացոլում է իրական հայկական գինեգործական վարպետության ոգին։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Իջեւանի գինու-կոնյակի գործարանի բոլոր աշխատակիցներին՝ քրտնաջան աշխատանքի համար, մեր բոլոր գործընկերներին եւ My Project կազմակերպությանը՝ այս միջոցառումը կազմակերպելու եւ գինին հանրությանը գեղեցիկ ներկայացնելու հարցում մեզ օգնելու համար։

Գինի, որ երազանք էր ու երազանքներ է կատարում

Իջեւանի գինու-կոնյակի գործարանի գինեգործ Վլադիմիր Սաֆարյան

Հայկական շուկայում «Նարեկացի» գինու ներկայացմանը սպասել ենք 4 երկար տարի։ Այս գինու ստեղծման մասին պատմելիս պետք է մտովի տեղափոխվել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում, ծովի մակարդակից 1500-1800 մետր բարձրության վրա գտնվող խաղողի այգի, որտեղից ամեն ինչ սկիզբ է առել։

Վլադիմիր Սաֆարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հասունացման ողջ ընթացքում հետեւել ենք խաղողի աճին, մինչ ամբողջական հասունանալը կրճատել ենք բերքի մոտ 30%-ը՝ էլ ավելի ընդգծելու համար խաղողի որակական հատկանիշները։ Խաղողը, որից պատրաստվել է «Նարեկացի» գինին՝ տեսակավորման մի քանի փուլ է անցել այգում եւ գործարանում։ Բերքահավաքն ու տեսակավորումն իրականացրել ենք ձեռքով: Բերքահավաքի ժամանակ հավաքել ենք բերքի միայն այն մասը, որը համապատասխանել է մեր պահանջներին։ Դրանից հետո խաղողը հատուկ պայմաններում Աղավնաձորից տեղափոխվել է Իջեւան եւ գործարանում սկսվել է վերամշակման պրոցեսը։ Գինին խմորվել է բնական եղանակով, հավելանյութեր չեն ավելացվել, որպեսզի հետագայում շշի եւ բաժակի մեջ կարողանանք ցույց տալ Արենի խաղողի իրական, մաքուր հատկանիշները։ Խմորման գործընթացից հետո գինին տեղափոխել ենք 225 լիտր տարողությամբ կաղնե տակառների մեջ, որտեղ այն հնացվել է առնվազն 12 ամիս։ Գինին ֆիլտրված չէ եւ շշալցվելուց հետո անցել է առնվազն վեցամսյա հանգստի փուլ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր գաղափարախոսությունն ու սկզբունքներն են՝ հնարավորինս քիչ ճնշում գործադրել խաղողի վրա եւ պահպանել առկա որակն ու հատկությունները։ Հավատարիմ մնալով այս սկզբունքներին՝ պատիվ ունենք Ձեզ ներկայացնել իր տեսակով եզակի, համային եւ բույրային բարձր հատկանիշներով օժտված, կենարար ու զորավոր «Նարեկացի» գինին: «Նարեկացի» գինու այս թողարկման համար 20 տակառ գինուց օգտագործվել է միայն 9-ը տակառը, որոնցում պահվող գինին արժանացել է «Նարեկացի» կոչվելուն։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս գինին ունի հրաշքներ գործելու եւ երազանքներ իրականացնելու հատկություն։ Ուզում եմ կիսվել իմ անձնական փորձով․ տասը տարուց ավելի երազում էի Արարատ բարձրանալու մասին եւ միայն նախորդ տարի, վերջապես, ունեցա այդ հաջողությունը, բարձունքը նվաճեցի «Նարեկացի» գինու հետ միասին։ Այնպես որ, այս գինով խմեք ձեր երազանքների կենացը եւ դրանք, անպայման, կիրականանան։

Իջեւանի գինու-կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951 թվականին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում։ Ժամանակակից պատմությունը գործարանի սկսվում է 2005թվ-ից, երբ գործարանի սեփականատեր Էմին Լավրենտի Եղիազարյանը, խոշոր ներդրումներ կատարեց գործարանի վերազինման, վերանորոգման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, արտադրության ընդլայնման եւ զարգացման համար։ Վերջին տարիների ընթացքում ծավալած ակտիվ գործունեության շնորհիվ գործարանում էապես աճել է արտադրությունը. գործարանի արտադրանքի տեսականին բազմապատկվել ու հասել է ավելի քան երեսուն տեսակի:

Գործարանն արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի եւ մրգային գինիներ, փրփրուն գինի, օղիներ, հյութեր եւ պահածոների մեծ տեսականի: Գործարանի ինքնագիրն են համարվում ընտրովի կարմիր եւ սպիտակ գինիները: Դրանք պատրաստվում են բացառապես խոշոր եւ առողջ խաղողի հատիկներից՝ գինուն տալով անկրկնելի համ:

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին