Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը հայ ընտանիքների համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Դրան համարժեք յուրահատուկ մոտեցմամբ էլ այդ ընտանիքներում պատրաստում են զատկական սեղանը։
GastroVino-ն ներկայացնում է Զատկի սեղանի ավանդական ուտեստներն ու դրանց հետ համադրվող գինիները՝ «Արմենիա Վայն» ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանի ընտանեկան ավանդույթների եւ «Նազանի» ռեստորանի շեֆ խոհարար Տիգրան Ղամբարյանի պրոֆեսիոնալ մոտեցմամբ։
Խոհանոցի կապը ավանդույթների հետ
Տիգրան Ղամբարյան
Հայկական խոհանոցն անչափ հարուստ ու բազմազան է եւ շատ ամուր կապված է մեր մշակույթի ու ավանդույթների հետ։ Խոհանոցները եւ ուտեստների մատուցման ձեւերը արտացոլում են ազգերի, ժողովուրդների էությունը։ Ֆրանսիացիները, օրինակ, ուտում են առանձին չափաբաժիններով, իսկ մեր՝ հայերիս սեղաններին ուտեստներն ընդհանուր բաժնով են դրվում, սա էլ պատմում է մեր ընտանիքներում եղած ամուր կապի մասին։ Պատահական չէ, որ տոնական օրերին հայ ընտանիքներում պատրաստվում են ավանդական ուտեստներ եւ բոլորը հավաքվում են մեկ սեղանի շուրջ։
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Հայկական ընտանիքներում ամեն տոն ունի իրեն բնորոշ, սիրելի ուտեստները․ Ամանորի սեղանը, օրինակ, էականորեն տարբերվում է Զատկի սեղանից, բայց երկու դեպքում էլ ընդհանուր է հոգատարությունը, որ դրսեւորվում է ընտանիքի անդամների, հարազատների հանդեպ։
Քրիստինե Վարդանյան
Զատիկը մեր ընտանիքի համար յուրահատուկ նշանակություն ու խորհուրդ ունի ու ամենասպասված տոնն է, որի շուրջ մեր ընտանիքում տարբեր ավանդույթներ կան ձեւավորված։
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Տարիներ շարունակ տոնական օրերին մեկ սեղանի շուրջ ընտանիքին, թոռներին հավաքելու նախաձեռնողը տատս է եղել։ Սեղանի շուրջ տատս պատմում էր իր ընտանիքում սիրված, ավանդական ուտեստների պատրաստման եւ ազգային ավանդույթների մասին։ Տատիցս շատ ավանդույթներ են մեզ փոխանցվել, ես էլ փորձում եմ դրանք պահպանել ու փոխանցել իմ ընտանիքին։
Հացը՝ նորի սկիզբ
Քրիստինե Վարդանյան
Զատկին նախորդող պասից առաջ տատս 40 օրվա հաց էր թխում, եւ մենք գիտեինք, որ հաջորդ անգամ հացը Զատկին է թխվելու։ Այս ժամանակահատվածում հասցնում էինք մի փոքր «հոգնել» հին հացից եւ Զատկին անհամբեր սպասում էինք նաեւ այն պատճառով, որ տանը նոր հաց էր լինելու։
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Նոր թխված հացն ինձ համար գարնանամուտ եւ նոր կյանքի սկիզբ է խորհրդանշում, մինչեւ հիմա ինձ համար հացի բույրը, կարծես, նորի, փոփոխության սկիզբ լինի։
Տիգրան Ղամբարյան
Հայ մարդու համար հացը շատ ավելին է, քան պարզապես ավանդական խոհանոցի բաղադրիչ։ Իսկ Քրիստոնեությունը հացը նույնականացնում է Քրիստոսի մարմնի հետ։ Այնպես որ՝ մեր զատկական սեղանի նախապատրաստական աշխատանքները կսկսենք հենց ավանդական լավաշ թխելուց։
Քրիստինե Վարդանյանը եւ Տիգրան Ղամբարյանը | Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Ամբողջ աշխարհում հաց թխելու պատասխանատուները տղամարդիկ են, Հայաստանում հակառակն է, հաց թխելու կարեւոր գործը վստահված է կանանց։
Զատկական Ղափամա
Տիգրան Ղամբարյան
Զատկի տոնի գլխավոր խորհրդանիշը ներկված հավկիթն է, բայց կան ուտեստներ, որոնք եւս կարեւոր իմաստ ունեն այս տոնի համար։ Զատկին հայ ընտանիքներում ավանդաբար պատրաստվում է բրնձով եւ չամիչով փլավ, որը մեծ խորհուրդ ունի։ Բրինձը խորհրդանշում է մարդկությունը, իսկ չամիչը՝ Քրիստոսի աշակերտներին, որոնք պետք է տարածեն նրա խոսքը:
Քրիստինե Վարդանյան
Հայկական խոհանոցում Ղափաման կապվում է ամենակարեւոր տոների հետ։
Այն ավանդական ուտեստ է եւ նորամուծություններ անելու կարիք չկա։ Ամեն տուն այն յուրովի է պատրաստել, եւ ամենահամեղը ստացվել է այն Ղափաման, որը մեծ սիրով է պատրաստվել։
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Ուտեստ պատրաստելիս ամենակարեւորը սերն ու հոգատարությունն է, որ ի սկզբանե դնում ես այդ գործի մեջ։ Այսօր Տիգրանի հետ միասին որոշել ենք այն պատրաստել թոնրի մեջ։
Ձուկը՝ խորհրդանշական ուտեստ
Քրիստինե Վարդանյան
Ձուկը Զատկի սեղանի եւ քրիստոնեության կարեւոր խորհրդանիշներից մեկն է։ Երբ քրիստոնեությունը նոր էր տարածվում աշխարհում, առաջին քրիստոնյաների համար ձկան խորհրդանիշը ծածկագիր էր համարվում եւ միմյանց այս նշանով էին ճանաչում։
Տիգրան Ղամբարյան
Այսօր որոշել ենք պատրաստել հայկական իշխան՝ ավանդական եղանակին հետաքրքիր մոտեցումներ տալով։ Այս ուտեստի պատրաստման հարցում հայկական գինին էական նշանակություն ունի։ Նախ՝ ձուկը համեմել ենք գինու մեջ հնացրած աղով, այնուհետեւ գինով արգանակ ենք պատրաստել։
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Հոնին, գազարին, սոխին եւ թարխունին ավելացրել ենք «Արմենիա Վայն» ընկերության «Արմենիա» սպիտակ անապակ գինի, որը թարմ բույր ունի եւ ուտեստի բաղադրիչներին հետաքրքիր համ է հաղորդում։ Ձուկը ջեռոց դնելուց առաջ էլ վրան ավելացնում ենք գինով արգանակը։
«Զատկի տոնը հայկական գինու բույր ունի»
Քրիստինե Վարդանյան
Քրիստոնեության, Սուրբ Զատկի եւ հայկական գինու կապը խորն արմատներ ունի։ Այս տոնն ինձ համար հայկական գինու բույրն ունի եւ ավանդական սեղան նախապատրաստելիս շատ կարեւոր է գինու ընտրությունը։
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Այսօր պատրաստած զատկական ուտեստների համար ընտրել ենք «Արմենիա Վայն» ընկերության ամենասիրված գինիներից երկուսը՝ «Թարիրին» եւ «Տակառը»։ «Տակառ» սպիտակ գինին իր անգերազանցելի նրբությամբ ու համային փնջերով հրաշալի համադրվում է հատկապես ձկան հետ։ Ֆրանսիական տակառներում հնացված այս գինին արդեն երկար տարիներ հազարավոր ընտանիքներում Սուրբ Զատկի սեղանի անբաժանելի մասն է։ «Թարիրի» կարմիր անապակ գինին էլ հայկական գինեգործական մշակույթի եւ պատմության մարմնացումն է։ Այն դասական կարմիր գինի է, որը կամբողջացնի Սուրբ Զատկի գեղեցիկ ավանդույթները։
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Զատկի տոնին հյուրերը լինում են ամենահարազատ մարդիկ եւ ուտեստների պատրաստման գինու ընտրության հարցում ամենակարեւորը սերն է, որ ուզում ես փոխանցել մտերիմներիդ։ Ես հավատում եմ, որ Սուրբ Զատկի մաքրագործությունը հայկական գինու բույրով կմտնի ամեն հայ ընտանիք ու կջերմացնի մեր տները։ Քրիստոս Հարեավ ի Մեռելոց:
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: