×

Ռուսլան Ալ-Բիտարը եւ Իռեն Գալոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Oops! եւ դու բնական գինիներ ներկայացնող բարում ես

Քայլում ես Հանրապետության փողոցով, մեկ էլ Oops!...գինու նոր բարի ցուցանակն անմիջապես գրավում է ուշադրությունդ: Անսովոր անունով բարը նոր լոկացիա եւ մթնոլորտ է առաջարկում գինեսերներին, որտեղ բնական եւ բիոդինամիկ գինուց բացի՝ կարելի է նաեւ համեղ սնվել:

GastroVino-ի հետ զրույցում Ռուսլան Ալ-Բիտարը եւ Իռեն Գալոյանը պատմել են Հանրապետության 58 հասցեում գտնվող Oops! գինու բարի, բնական գինիներ ներկայացնելու եւ թեմատիկ հանդիպումների մասին:

«Ամեն ինչ արվել է, որ հյուրը չլարվի»

Ռուսլան Ալ-Բիտարը եւ Իռեն Գալոյանը Oops!-ի սոմելիեներն են: Գինու մասին խոսել եւ գինու հետ կապված ամեն ինչ շատ են սիրում, ինչն էլ ստիպել է նրանց մի կողմ դնել առաջին մասնագիտությունն ու հմտանալ նոր գործում:

Ռուսլանը Oops!-ում աշխատում է բացման օրվանից: Մինչ այդ Մոսկվայում չորս տարի որպես բարիստա է աշխատել, հետո որոշել, որ գինու ոլորտում պետք է մասնագիտանա՝ որպես սոմելիե:

Ռուսլան Ալ-Բիտարը եւ Իռեն Գալոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Հայաստան տեղափոխվել եմ 2022 թվականին: Երբ ինձ պատմեցին Oops! նախագծի եւ կոնցեպտի մասին, միանգամից համաձայնեցի: Այստեղ հնարավորություն ունեմ զբաղվել սիրածս գործով, խոսել գինու մասին, կիսվել գիտելիքովս ու նորն իմանալ մեզ հետ համագործակցող գինեգործներից»,- ասում է Ռուսլանը:

Oops!-ը բացվել է 2023 թվականի հոկտեմբերին: Իռենը վերջերս է միացել բարի թիմին.

«Գինու ոլորտում աշխատում եմ արդեն 2 տարի, զուգահեռ սովորում եմ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում եւ EVN գինու ակադեմիայում: Բայց կարող եմ ասել, որ սովորում եմ նաեւ Oops!-ում, այն եւս շատ գիտելիք է տալիս, հատկապես Ռուսլանը, ով շատ է կիսվում ինձ հետ իր գիտելիքով ու փորձով: Եվ ինչքան էլ ասում են, որ սպասարկման ոլորտում աշխատելը բարդ է, բայց այն ինձ համար ամենահաճելի գործերից է, որ երբեւէ արել եմ»,- անկեղծանում է Իռենը:

Իռեն Գալոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Oops!-ը Հայաստանում առաջին բնական գինու բարն է, որի հիմնադիրներն են Տաշ Սարգսյանը եւ Սլավա Իվանովը:

«Բարն իր տեսակով պարզության, հարմարավետության, ավանգարդի եւ դասականի համադրության մասին է: Այստեղ ամեն ինչ արվել է, որ հյուրը չլարվի, իրեն հարմար եւ հանգիստ զգա, ինչպես, օրինակ, հարազատ ընկերոջ կամ տատիկի տանը»,- ասում է Իռենը:

Ռուսլանի խոսքով՝ հենց այդ նույն համադրությունը կա նաեւ բնական գինիների մեջ՝ դրանք բազմադարյա պատմություն ունեն, բայց միեւնույն ժամանակ չեն հնանում, միշտ վառ, հետաքրքիր եւ իրական են:

Բնական գինիների մասին պատմող բարը

«Oops!-ը բացվել է բնական գինիները ներկայացնելու, մարդկանց գինու այս ուղղությանը ծանոթացնելու, առանձնահատկություններն ու համը ներկայացնելու նպատակով»,- ասում է Ռուսլանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նրա խոսքով՝ բնական գինին ենթադրում է մի քանի կետ, որոնք, իհարկե, կարող են ամեն մի գինեգործի համար որոշակի փոփոխություններ ունենալ.

«Բնական գինիները, որպես կանոն, պատրաստում են առանց ֆիլտրացիայի, դրանք հիմնականում պղտոր են՝ դրոժային նստվածքով: Բայց, իհարկե, միշտ չէ, որ այդպես է լինում: Բնական գինիներն էլ կարող են ֆիլտրացիա անցնել, բայց հիմնականում դրանք պատրաստում են կամ առանց ֆիլտրացիայի, կամ գոնե մասնակի ֆիլտրացիայով: Սա ամենագլխավոր կետը չէ, հիմնականում գինին պատրաստում են բնական, վայրի խմորիչներով, որոնք գտնվում ենք հենց խաղողի մեջ, այսինքն՝ դրանք սելեկցիոն խմորիչներ չեն, այլ խմորիչների այն տեսակները, որոնք իրենք են առաջացել խաղողի աճելու ընթացքում: Սրա հաշվին գինու ստեղծման ընթացքը, ֆերմենտացիան սպոնտան է եւ չի վերահսկվում, այն անկանխատեսելի է և օրիգինալ, ինչի հաշվին էլ գինին ստացվում է լավ իմաստով ոչ սովորական եւ յուրահատուկ: Սա նաեւ ամբողջական հրաժարում է ցանկացած տիպի քիմիկատներից, չի ավելացվում ոչ մի տեսակ ասկորբինաթթու՝ թթվայնությունը բարձրացնելու համար, չի ավելացվում ոչինչ՝ տանինությունը բարձրացնելու համար»:

Ռուսլան Ալ-Բիտարը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սոմելիեն ասում է, որ առանցքային հանգամանք է նաեւ ծծմբի երկօքսիդի մինիմալ ներառումը, որը կանգնեցնում է խմորման գործընթացը, սպանում է խմորիչները եւ կոնսերվացնում է գինու համն այնպիսին, ինչպիսին այն ստացվել է. «Բոլոր բնական գինիները կարող են շարունակել զարգանալ նույնիսկ շշի մեջ, եւ տարեցտարի գինին կարող է տարբեր համեր ունենալ: Որպեսզի գինին սկսի զարգանալ իր բնական, վայրի խմորիչներով, դրա համար օգտագործում են օրգանիկ եւ բիոդինամիկ խաղողի այգիների բերքը»:

Նոր գաստրոնոմիական փորձ

Oops!-ում կարելի է գտնել ոչ միայն օրգանիկ կամ բնական չափանիշներով պատրաստված գինիներ, այլեւ դասական մեթոդով պատրաստված տեղական եւ ներկրված գինիներ:

«Չնայած, որ մեր ուղղությունը բանական գինիներն են՝ հիմնականում հայկական փոքր, բուտիկային գինեգործական անուններով, բայց դա մեզ չի խանգարում, որ «wine list»-ն ավելացնենք գինեգործական հին երկրների գինիներով, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Իտալիան»,- նշում է Իռենը:

Ռուսլան Ալ-Բիտարը եւ Իռեն Գալոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Oops!-ում նաեւ լիմոնչելո են պատրաստում եւ հյուրասիրում: Ցանկացողներն այն կարող են նաեւ ձեռք բերել շոթերով կամ շշով:

Ռուսլանն ասում է՝ «արդեն հասցրել ենք իտալացի հյուրեր ունենալ, որոնք մեր լիմոնչելոյի մասին այսպիսի կարծիք են հայտնել՝ «այնքան համեղ է, որ անգամ Սիցիլիայում չես կարող գտնել այսպիսի» (ծիծաղում է-հեղ.)»:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինուց բացի՝ Oops!-ում հատուկ վերաբերմունք կա նաեւ խոհանոցի նկատմամբ, որտեղ մեծամասամբ սեզոնային և տեղական արտադրանք է օգտագործվում:

«Մենյուն սկզբում կարող է վախեցնել անծանոթ անուններով, բարդությամբ, բայց դրանք այն են, ինչն ուրիշ տեղ դժվար կլինի գտնել: Յուրաքանչյուր անուն իրենից առանձին գաստրոնոմիական փորձ է հյուրի համար»,- ասում է Ռուսլանը:

Օր «գինեգործի հետ»

Oops!-ում յուրաքանչյուր շաբաթ օր հյուրընկալում են որեւէ գինեգործի, ով իր գինին ներկայացնում է հյուրերին, պատմում իր գործունեության եւ գինի պատրաստելու առանձնահատկությունների մասին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Հիմնականում գինեգործն է որոշում, թե ինչ ձեւաչափով ներկայացնի այն՝ սլայդ- շոուի ձեւով, թե ուղղակի մարդկանց հետ շփվելով եւ երկխոսելով: Լինում են նաեւ դեպքեր, երբ հյուրերն են առաջարկում մեզ մոտ թեմատիկ իվենթներ անցկացնել: Օրինակ, վերջերս մի այդպիսի իվենթ ունեինք, երբ մեզ մոտ նկարչուհի էր հյուր եկել՝ նկարել ցանկացող մի քանի այլ անձանց հետ, որոնք նստել էին մեր մեծ սեղանի շուրջ՝ իրենց վրձիններով ու կտավներով ու սիրելի գործը համադրում էին գինու մասին Ռուսլանի պատմություններով»,- պատմում է Իռենը:

Ինչո՞ւ Oops!

«Գինու բարի միտքն այն հիմնադրողների մոտ հայտնվել է անսպասելի, սպոնտան, ուղղակի մի պահ նրանց մտքին է եկել՝ եկեք այսպիսի բան անենք:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Oops-ն արտացոլում է նաեւ բնական գինու շիշը բացելու պահը: Խցանը հանելուց հետո էլ կարող է լինել «ուփս», քանի որ բնական գինի արտադրելն էլ այդպիսին է, այն մի փոքր ազարտ ու ռիսկ է՝ կարելի է շատ ջանք թափել համեղ գինի ստանալու համար, բայց այն ստացվի ուղղակի լավ գինի՝ առանց որեւէ առանձնահատկության: Կարող է նաեւ հակառակը լինել, մեծ ջանքեր չգործադրել, բայց ստանալ յուրահատուկ գինի»,- ասում է Ռուսլանը:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին