×

Լուսանկարը՝ NOA Wines

NOA-ի Ռինդի այգիներում կանցկացվի «Էտի փառատոն»

NOA-ի այգիներում ձմռան հանգստից հետո արդեն մեկնարկել է խաղողի վազերի էտը, որը կնշանավորվի մարտի 16-ին նախատեսված էտի փառատոնով։ Փառատոնը տեղի կունենա ընկերության՝ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում գտնվող խաղողի այգիներում։ Այս փառատոնով գինեգործական ընկերությունը կմեկնարկի գինու մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումների շարք։

NOA Wines ընկերության համահիմնադիր տնօրեն Արսեն Մկրտչյանը GastroVino-ին պատմել է սպասվող միջոցառման մասին։

Դեպի գինի

Գինու ոլորտը ներկայացնող ընկերությունները տարեցտարի ավելի մեծ ջանքեր են  ներդնում գինու մշակույթի զարգացման, գինու ճանաչելիության տարածման համար, սակայն անելիքները դեռ շատ են։ Ալկոհոլային խմիչքի շուկայում պարբերաբար հայտնվում են անհասկանալի ծագման խմիչքներ, որոնք, ի տարբերություն գինու, միայն բացասական ազդեցություն ունեն մարդու օրգանիզմի վրա․ վերջինս հարուստ է հակաօքսիդանտներով եւ չափավոր ընդունումը դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա։ Միջոցառումների շարքով փորձելու ենք մարդկանց իրազեկ դարձնել այս ամենին։

Գինու հետ՝ հայրենասիրության չափաբաժին

Գինու մշակույթին նվիրված միջոցառումներ կարող ենք նաեւ Երեւանում անցկացնել, դա շատ ավելի դյուրին է, բայց մայրաքաղաքի կենտրոնում հնարավոր չէ ստանալ հայրենասիրության նույն չափաբաժինը, ինչ սահմանամերձ Ռինդ գյուղի այգիներում։

Արսեն Մկրտչյանը Լուսանկարը՝ NOA Wines


2017 թվականին, երբ Վայոց ձորում գնեցինք մեր խաղողի 50 հեկտար այգիները, դրանք այնքան էլ սահմանային չէին, մեր եւ թշնամու մեջ որոշակի բուֆերային գոտի կար, սակայն տարիների ընթացքում իրավիճակը փոխվեց, եւ թշնամին հիմա արդեն տեսանելի է ու փորձում է նաեւ հոգեբանական ճնշում գործադրել։ Իհարկե, մեր մարտական դիրքն էլ դրան ուղիղ դեմ դիմաց է, բայց Ռինդը, Արենին ընդհանուր առմամբ խոցելի վիճակում են։

Մենք հայրենիքը ճանաչելու, սիրելու խնդիր ունենք: Չճանաչելով հայրենիքը, նրա ամեն թիզ հողը, դժվար է հայրենիքը պաշտպանելու բնազդը շարժել։ Ուստի սահմանամերձ գյուղերում նման միջոցառումների կազմակերպումը շատ կարևոր է, եւ NOA-ն այսպիսի միջոցառումների շարք է անելու։

Մեզ համար կարեւոր է նաեւ, որ գինեսերները ծանոթանան արժեք ստեղծող, վտանգի ներքո աշխատող, իսկապես քարից գինի քամող մարդկանց հետ, տեսնեն նրանց ծանր աշխատանքը, պատկերացնեն գինու պատրաստման ոչ դյուրին եւ ծախսատար ընթացքը։

Փառատոնի օրակարգը

Ազատ տարածքի սահմանափակ լինելու պատճառով փառատոնին առավելագույնը կարող ենք ընդունել 100 հյուր։ Մասնակից կարող է լինել ցանկացած անձ՝ անկախ էտի վերաբերյալ իր գիտելիքներից։

Լուսանկարը՝ NOA Wines


Մենք կարեւորում ենք մասնակիցների  եւ ճանապարհային երթեւեկության  այլ մասնակիցների անվտանգությունը, եւ քանի որ օրվա ընթացքում մասնակիցները գինի են վայելելու՝ սեփական մեքենաներով այգի ժամանելն արգելվում է։ Միջոցառման օրը՝ վաղ առավոտյան, մասնակիցները ավտոբուսներով Երեւանից կտեղափոխվեն Վայոց ձոր։ Օրակարգը կսկսվի հենց ավտոբուսում, զբոսավարները ճանապարհին կպատմեն էտի կարեւորության, մեթոդների, գինու պատմության, NOA Wines-ի մասին։ Ռինդի այգիներում միջոցառումը կմեկնարկի տերունական աղոթքով, Շուշիի ս․ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Անդրեաս Թավադյանը կօրհնի այգիները, փառատոնն ու մասնակիցներին, և կսկսենք արդեն բուն ծրագիրը։

Մինչ այս խոսել ենք գինեսերների հետ, եւ շատերն են ասել, որ երազել են մի օր խաղողի որեւէ այգում մասնակցել էտի աշխատանքներին, հենց սա էլ մղել է փառատոնի կազմակերպմանը։ Հիմա տեսնենք՝ այդ մարդկանցից քանիսն են գալու Ռինդ (ծիծաղում է-խմբ.)։ Երեւանում ապրող մարդուն դժվար է կտրել իր տեղից ու մարզ տանել, այս միջոցառումը բոլորի համար է, բայց նախեւառաջ՝ հայերի։

Այգիներում էտի աշխատանքներն արդեն մեկնարկել են, բայց այգու մի մասը հատկացրել ենք փառատոնի մասնակիցների համար։ Փառատոնի մասնակիցներին ընկերության փորձառու այգեգործները կծանոթացնեն էտի հմտություններին, ապա փառատոնի մասնակիցները կբաժանվեն խմբերի եւ կսկսեն աշխատել այգում։ Յուրաքանչյուր մասնակից կունենա իր ծառը, աշխատանքների ավարտին հանձնաժողովը մասնակիցների էտի հմտությունները կգնահատի տասը միավորանոց համակարգով, կորոշենք հաղթողին կամ հաղթողներին եւ նվերներ կհանձնենք։

Լուսանկարը՝ NOA Wines


Միջոցառման ընթացքում մասնակիցները նաեւ խաղողի վազեր կտնկեն NOA-ի խորհրդանշական այգում։ NOA-ն հարյուրամյա թմբային փոքրիկ այգի ունի, որտեղ կողք-կողքի աճում են Արենին, Թոզոտն ու Ոսկեհատը։ Բոլոր երեքն էլ շատ հին կլոններ են, փոքր հատիկներով, համային հատկանիշներով չափազանց հարուստ։ Այս տեսակները պահպանելու համար անցած տարի կտրոններ ենք վերցրել, որոնք փառատոնի մասնակիցներն այս տարի կտնկեն։

Չշշալցված գինիների համտես

Օրվա ընթացքում հյուրերը կճաշեն խաղողի այգիներում, կհամտեսեն NOA 2023 թվականի դեռեւս չշշալցված կարմիր Արենին ու Թոզոտը, Ոսկեհատն ու Խաթուն խարջին։ Փառատոնի մասնակիցները կլինեն այս գինիների առաջին համտեսողները, եւ այս ամենը կուղեկցվի մեր գինեգործի մեկնաբանություններով:

Հետաքրքիր ճաշացանկ ենք կազմել, որը նաեւ ներառում է ավանդական խորոված։ Երկար ենք մտածել, բայց հատկապես ռուս մասնակիցների հետ զրույցներից հասկացանք, որ խորովածի հայկական կատարման սպասումները մեծ են։

Լուսանկարը՝ NOA Wines


Քանի որ եղանակային առումով էտը «ռիսկային» ժամանակահատվածում է, պետք է պատրաստ լինել անակնկալների՝ քամի, անձրեւ, ձյուն։ Ցանկալի է ունենալ տաք, անձրեւապաշտպան հագուստ, երկարաճիտք կոշիկներ։

Էտի փառատոնի տոմսերը հնարավոր է ձեռք բերել NOA Events-ից, որտեղ ապագայում հասանելի կլինեն նաեւ տեղեկություններ գինու մշակույթի զարգացմանն ուղղված մյուս միջոցառումների մասին։ Երեք եւ ավելի տոմս գնելու դեպքում գործում է զեղչ՝ 10 տոկոսի չափով։

Անի Խչոյան


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին