Գործարանում առաջինը «դարբնի» անկյունն է աչքի ընկնում, այստեղ զնդանն է, կողքին Սարգսի ու Տաթեւի անվանական գոգնոցներն են, աջ կողմում էլ գինու պահամաններ են դրված։ Ամուսիններն այստեղ շիկացած երկաթի փոխարեն ընտանեկան գինի են «կռում»։
«Դարբին» գինու գործարանը գտնվում է Երեւանի Ներքին Չարբախ թաղամասում՝ Սարգսի պապից ժառանգություն մնացած այգեգործական հողամասում։ Այս տարածքում ամեն ինչ ընտանիքի անդամներն են ստեղծում իրենց ձեռքով` գործարանի պատերից մինչեւ գինի ու դրա պատրաստման համար անհրաժեշտ սարքեր։
«Դարբինը» շուկայում է 2023 թվականի հունվարից։ Ստեղծողներն ասում են, որ այն նուրբ, թեթեւ, հատապտղային համեր ու բույրեր ունեցող խմիչք է, գերակշռում է մոշի համը, օդահարելուց հետո ընդգծվում են կաթնային, կարամելային նոտաները, սալորաչրի, բալի չրի համը։
Սարգիս Գրիգորյանն ու Տաթեւ Մանվելյանը GastroVino-ին պատմել են ընտանիքների միավորումից ծնված գաղափարի եւ Արենիից պատրաստվող գինու մասին։
Գինեգործ ազգականն ու Աղավնաձորի այգիների խաղողը
Տաթեւ Մանվելյան․ «Դարբին» գինու պատմությունը սկսել է 2014 թվականին՝ իմ եւ Սարգսի ամուսնությունից։ Եղբայրս գինեգործ Անդրանիկ Մանվելյանն է: Մեր ամուսնությունից հետո Սարգիսը սկսեց հետաքրքրվել գինեգործությամբ։ Դրան նպաստեց նաեւ այն, որ ամուսնուս ընտանիքը Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղից է, պապերը գինի են պատրաստել, ազգականները հիմա էլ ունեն խաղողի այգիներ, մեր գինու խաղողը հենց իրենցից ենք վերցնում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Առաջին տարին, երբ Սարգիսը որոշեց գինի պատրաստել, գնաց Վայոց ձոր, մասնակցեց բերքահավաքին ու իր հետ Երեւան բերեց 200 կգ Արենի խաղող։ Զանգեց եղբորս, նա էլ գինի պատրաստելու տեխնոլոգիայի վերաբերյալ խորհուրդներ տվեց, հետո Սարգիսի հետ միասին ձեռքով չանչերից առանձնացրեցինք խաղողի հատիկները։ Թվում է՝ 200 կգ-ն շատ չէ, բայց անփորձ մարդկանց համար ահռելի աշխատանք էր։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Առաջին տարվա գինին դեռ չպատրաստած՝ արդեն հյուրասիրում էինք, բաժանում, մինչեւ պատրաստ լինելը քիչ քանակությամբ էր մնացել, հաջորդ տարի էլ խաղող բերեցինք, նորից գինի պատրաստեցինք ու դադար եղավ։ Տարիներ անց արդեն մտածում էինք գինու արտադրության մասին ու նպատակադրված գումար էինք կուտակում։ 2021 թվականին գնեցինք երեք պահաման, երեք տոննա խաղող հավաքեցինք, քանակը մեծ էր ու հատիկները ձեռքով առանձնացնել չէինք կարող, ամուսնուս եղբայրը գործիք պատրաստեց ու սկսեցինք իրականացնել մեր երազանքը։ Երաժշտության ուսուցիչ եմ, երեխաներին երգ, ազգային պար, երաժշտություն, ֆլեյտա, շվի նվագել եմ սովորեցնում։
Խմորման ընթացքում աշխատանքից հետո գալիս էի գործարան ու գինու համար դասական կամ հայկական երաժշտություն միացնում։ Սա էլ ընտանեկան գինու ստեղծմանը մասնակցելու մի եղանակ էր։
Անդրադարձ արմատներին
Բրենդի անունը որոշելը մի մեծ պատմություն էր: Հենց սկզբից Սարգսին ասում էի, որ «Դարբինը» լավ տարբերակ է, քանի որ իր նախնիները գինի պատրաստող դարբիններ են եղել, բայց չէր համաձայնում։ Մի քանի անուն որոշեցինք, բոլորն արդեն զբաղված էին։ Վերջը կանգ առանք իմ տարբերակի վրա։ Պիտակը պատրաստելու համար հանդիպեցինք դիզայների հետ, ուզում էինք, որ դարբնական ատրիբուտիկա լիներ, խնդրեցինք ձիու պայտ պատկերել, բայց դեպի վերեւ, որ հաջողությունը մեջը լցվի ու դուրս չգա, շրջած պայտը նաեւ գինու բաժակ է հիշեցնում։ Պիտակին Մասիսն էլ ենք «թաքցրել»՝ իբրեւ խաղողի ողկույզի տերեւ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս գինու ստեղծումը խթան էր, որ ամուսինս անդրադառնա իր արմատներին, Աղավնաձորում գտնի այն դարբնոցը, որտեղից իր Գրիգոր պապը սկսել է աշխատանքները։ Ցավոք, պարզեցինք, որ վերջին սերունդները դարբնությամբ չեն զբաղվում, բայց տոհմը մեծ է, եւ Աղավնաձորում բոլորը գիտեն դարբինների մեծ տոհմի անդամների տները։
«Այս գործն ինձ դուր է գալիս»
Սարգիս Գրիգորյան․ Իմ ընտանիքում գինի պատրաստելն ավանդույթ է եղել, բայց ես գինու մասին առանձնապես գաղափար չեմ ունեցել։ Երբ Տաթեւի հետ ամուսնացա, պապս ողջ չէր ու մենք էլ գինի չէինք պատրաստում, գիտելիքներս, կարելի է ասել՝ կնոջս եղբորից եմ ստացել։ Գինին ինքս եմ պատրաստում, բայց գինեգործի խորհրդով։ Այս գործն ինձ դուր է գալիս, ուզում եմ ինքս էլ շարունակել ու թողել երեխաներիս։
Սարգիս Գրիգորյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր այգու մի հատվածում խաղողի վազեր կան, որոնք պապս է տնկել ու մշակել, երբ ողջ էր, հավաքում էր այդ բերքը, Աղավնաձորից էլ ստանում էր իր բաժին խաղողը եւ ամեն տարի մոտ 300-400 լիտր գինի պատրաստում։ Ամեն օր նախաճաշին, ճաշին ու ընթրիքին երկուական բաժակ սպիտակ գինի էր խմում՝ ընդհանուր մոտ մեկ լիտր, բայց նրան երբեք հարբած չեմ տեսել։ Նույնիսկ տոներին կամ խնջույքների ժամանակ իր չափը չէր խախտում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հիմա գինու համար խաղողը վերցնում եմ Աղավնաձորում ապրող մորեղբորս այգուց։ 60-ից բարձր տարիք ունեցող վազեր են, ճիշտ մշակում ու ժամանակին բերքահավաք ենք անում, արդյունքում ստանում ենք մեր ուզած գինին։ Չեմ ուզում գովել, բայց դեռ անգամ պիտակ կամ անվանում չունեինք, մի քանի կույր համտեսի մասնակցեցինք ու լավ գնահատականների արժանացանք, առաջին տեղ գրավեցինք։
Արենին նուրբ խաղողի տեսակ է, բայց երբ գինի ես պատրաստում, ծանր է ստացվում, շուտ է արբեցնում, մեր գինեգործը գինու մշակման հետ կապված շատ նրբությունների է տիրապետում, հատուկ տեխնոլոգիա է մշակել, որի հաշվին այս գինին ավելի թեթեւ է ստացվել, եվրոպական համերին է նմանվում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Շուկայում նոր ենք եւ վաճառքն էլ թույլ է, դեռ 8 000 խմբաքանակով ենք պատրաստում։ Գինեսերները մեզ սկսեցին ճանաչել «Երեւանի գինու օրեր 2023» փառատոնից հետո։ Այժմ ներկայացված ենք մասնագիտացված մի քանի սրահում, խոշոր սուպերմարկետներից, ռեստորաններից մի քանիսում։
Գինեգործությունն իմ առօրյան շատ է փոխել, հիմա ավելի զբաղված եմ, գործարանում շատ ժամանակ եմ անցկացնում, այս տարածքում, բացի գինի պատրաստելուց, այլ գործեր էլ կան, ուզում ենք այգում համտեսի սրահ ստեղծել, որ հյուրերը գան, խարույկ վառեն, գինի խմեն, լավ ժամանակ անցկացնեն, ավելի լավ ճանաչեն «Դարբին» գինին ու մեզ՝ այն ստեղծողներին։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: