Noah of Areni ընկերությունը «Ին վինո» գինու բարում տեղի ունեցած փակ, ոչ պաշտոնական հանդիպմանը գինեսերներին ներկայացրել է Թոզոտ սորտի խաղողից պատրաստված կարմիր եւ վարդագույն գինիները։
Համտեսի նպատակներից մեկը Թոզոտի հանրահռչակումն ու սորտի գինեգործական ներուժի տարածումն է։ Թոզոտը ուշահաս խաղողի սորտ է, հիմնականում հանդիպում է Վայոց ձորի հին այգիներում։ Թոզոտի ողկույզը տարբեր չափերի է՝ կոնաձեւ, խիտ կամ շատ խիտ, պտուղը միջակ մեծության է՝ թույլ էլիպսաձեւ, երկարավուն կամ հակառակը՝ ձվաձեւ, սեւ, պտղամաշկը՝ միջակ հաստության, խիտ մոմաշերտով, պտղամիսը հյութեղ է, դուրեկան համով։
Արսեն Մկրտչյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ինչո՞ւ Թոզոտ, որովհետեւ կարծում ենք, որ 6200 տարվա պատմություն ունեցող Հայաստանի համար միայն Արենիով հանդես գալը բավարար չէ։ Ունենալով այլընտրանք՝ սկսեցինք աշխատել Թոզոտի հետ։ Այսօր արդեն ունենք որոշակի պատմություն»,- ասել է NOA Wines ընկերության համահիմնադիր տնօրեն Արսեն Մկրտչյանը։
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանն ասել է, որ տեղածին, մոռացված սորտերն ապրեցնելու ամենաուղիղ ճանապարհը դրանց պոտենցիալը որպես գինեմետ սորտ բացահայտելն է։
Քրիստինե Մարգարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Թոզոտը ծագումով Վայոց ձորից է։ Իրապես հնագույն սորտերից մեկն է։ Եթե նայենք ֆիլոգենետիկ ծառին, ապա այն խմբավորվում է ծագումով Սյունիքի սորտերի հետ, որոշակի «մոտիկություն» ունի Խնդողնու հետ։
Մարիամ Սաղաթելյանը եւ NOA Wines-ի համահիմնադիր Յակոբ Շուլերը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ուսումնասիրել ենք նաեւ Թոզոտի ամբողջական գենոմը, հենց հիմա էլ այդ աշխատանքները պրոգրեսի մեջ են, այն ունի շուրջ 35 հազար տարբեր գեն, որոնք պատասխանատու են գինեմետ պոտենցիալի համար։ Խաղողն իր անվանումը ստացել է մոմաշերտով պատված լինելու համար։ Ունենք տեղածին այլ սորտեր, որոնք եւս պատված են թոզով եւ սա կոնկրետ գենով պայմանավորված հատկանիշ է»,- ասել է նա։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Քրիստինե Մարգարյանը նշել է, որ թոզը պաշտպանիչ հատկություն ունի սնկային տարբեր հիվանդություններից, ցրտից եւ այլն։
«ՆՈԱ» ընկերության գլխավոր գինեգործ Պավել Վարդանյանը համտեսի ընթացքում պատմել է Թոզոտի հետ աշխատելու իր եռամյա փորձառության մասին։
Պավել Վարդանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Թոզոտն ինձ համար բացառիկ սորտ է եւ դրա հետ աշխատելը հետաքրքիր է, որովհետեւ էլաստիկ խաղողի տեսակ է։ Օրինակ՝ եթե ուզում ենք ստանալ լավ, թեթեւ, հանգիստ, էլեգանտ ու թարմ վարդագույն գինի, ապա Թոզոտը հենց այն սորտն է, որից կարող ենք ստանալ այդպիսի արտադրանք։ Թոզոտի ամենակարեւոր հատկությունն ինձ համար այն է, որ ունակ է ամեն անգամ ավելի գրագետ ու գեղեցիկ ներկայանալ»,- վարդագույն գինիները ներկայացնելիս ասել է գինեգործը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հանդիպմանը գինեսերները համտեսել են Noah of Areni ընկերության Թոզոտ սորտի խաղողի 2021, 2022, 2023 թվականների բերքահավաքից պատրաստված, շշալցված եւ դեռեւս ոչ շշալցված կարմիր եւ վարդագույն գինիներ։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: