Համադրել հիմնական համերն ու գինին այնպես, ինչպես զգում եք՝ զերծ մնալով դասական, ընդունված, «պարտադրվող» տարբերակներից: Այս նպատակով «Կարաս» գինեգործարանն In Vino ակումբի հետ կազմակերպել էր գինու եւ ուտեստի համտես կամ երեկո, երբ պետք է «անջատել» բոլոր կարծրատիպերը, սրել համային ռեցեպտորներն ու ստեղծել սեփական համադրություններ:
Երեկոյի ընթացքում համտեսի մասնակիցներին մատուցվել է «Կարասի» հինգ գինի՝ «Կարաս Կանգուն», «Կրակի Կտոր Օրանժ», «Կարաս Արենի», «Կարաս Սինգլ Վինյարդ Արենի» եւ «Կարաս Արենի Սիրենի Ռեզերվ»: Համերի համար «պատասխանատու էին» աղի չիփսը, թթու վարունգը, կրեմային բրի պանիրը, մի փոքր դառը քեյլը, մեղրն ու կծու սոուսը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Համտեսը վարել են «Կարասի» գլխավոր գինեգործ Գաբրիել Ռոխելը եւ In Vino-ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը:
Հիմնական համերը, պլյուս-մինուսի ձգողականությունն ու «հեղափոխական» գինին
Մարիամ Սաղաթելյան
Գինու եւ ուտեստների համադրումը շատ սուբյեկտիվ է՝ հիմնված սեփական փորձառության ու զգացողությունների վրա: Այսօր ձեր ափսեներում հավաքել ենք այն հինգ հիմնական համերը, որոնք զգում ենք այս կամ այն ուտեստը համտեսելիս՝ թթու (վարունգ), կծու (սոուս), դառը (քեյլ), կրեմային/սերուցքային (բրի պանիր), քաղցր (մեղր) եւ աղի (չիփս)։ Ինչպես նկատում եք՝ չունենք ձուկ, միս կամ այլ պատրաստի ուտեստ։ Ինչո՞ւ, որովհետեւ ձուկը կարող է լինել աղի, քաղցր, դառը կամ տարատեսակ համեմունքներով: Ամեն ինչ ի վերջո հանգում է թվարկածս 6 հիմնական համին։
Մարիամ Սաղաթելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Համադրումը հաճախ տեղի է ունենում համահունչ կամ կոնտրաստային լինելու սկզբունքով։ Օրինակ՝ թթվայնություն ունեցող գինին լավ համադրվում է թթու ուտեստների հետ, քաղցրը՝ քաղցրի։ Սա համահունչ համադրությունն է։ Կոնտրաստայինի դեպքում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Թթվայնություն ունեցող գինին հետաքրքիր համադրություն է դառնում քաղցր ուտեստների հետ, քաղցրը՝ թթվաշ։ Կարելի է ասել՝ պլյուս-մինուս ձգողության սկզբունքն է։ Այս հակադիր համադրությունից շատ լավ «ամուսնություն» է ստացվում (ժպտում է – հեղ.)։
Գաբրիել Ռոխել
Այսօր համտեսելու ենք «Կարասի» հինգ գինի։ «Կարասն» այն առաջին գինեգործարաններից էր, որ «հեղափոխություն» սկսեց հայկական գինու ոլորտում եւ սկիզբ դրեց հայկական գինեգործության վերածննդին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս գործընթացը դեռ շարունակվում է։ Տարեցտարի ի հայտ են գալիս նոր գինեգործարաններ, նոր գինիներ, ինչը շատ է ոգեւորում։ Հայաստանն այս ոլորտում իսկապես մեծ ներուժ ունի։
«Կանգունը բնավորություն է»
Գաբրիել Ռոխել
Համտես-համադրման առաջին գինին «Կարաս Կանգունն» է։ Խաղողի այս տեսակի դեպքում շատ նուրբ ենք աշխատում, հատկապես՝ ճզմելու փուլում։ Սա կարեւոր է, որպեսզի գինին ստանա անհրաժեշտ թթվայնություն: Ըստ իս՝ գինին պետք է թարմության զգացողություն փոխանցի, որն ապրելուց հետո կցանկանաք փորձել, երկրորդ, երրորդ բաժակն ու ինչո՞ւ ոչ՝ ամբողջ շիշը (ժպտում է – հեղ.)։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ինձ համար «Կարաս Կանգունը» շատ գաստրոնոմիկ է։ Դրանում փորձել ենք ընդգծել մրգային բույրը։
Մարիամ Սաղաթելյան
Սա սպիտակ գինի է՝ դեղին, ոսկեգույնին մոտ երանգով։ Ինձ համար այն լեռնային վայրի ծաղիկների բույր ունի։ Մի քանի րոպեով փակեք աչքերն ու կենտրոնացեք միայն բույրի վրա։ Զգացի՞ք։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Համային առումով գինին բալանսավորված է։ Կանգունը խաղողի շատ ուժեղ տեսակ է։ Այն մշակվել է խորհրդային տարիներին՝ պատրաստ դիմակայելու տարատեսակ հիվանդությունների: Կանգունը բնավորություն է:
Կում անելուց, այն բերանում պտտելուց հետո կարող եք համադրել 6 հիմնական համի հետ ու ձեզ տրված թերթիկների վրա գնահատել համադրությունը՝ մեկից հինգ բալով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Օրինակ՝ «Կարաս Կանգունն» աղի չիփսի հետ համադրելու դեպքում գինու դառնությունը պակասում է։ Կախարդա՞նք, չէ՝ գիտություն։ Աղը «կոտրում է» դառը համը։ Այնպես որ, երբեք մի՛ հիմնվեք՝ ինչ են ասում մարդիկ կամ մեդիան։ Եթե համադրությունը ձեզ դուր է գալիս՝ համադրե՛ք։ Կանոններ չկան։
Փորձարարական «Կրակի կտորը»
Գաբրիել Ռոխել
Երեկոյի երկրորդ գինին «Կրակի Կտոր Օրանժն» է։ Այն մեր փորձարարական գինիներից է։ Ստացվում է խաղողի Կանգուն տեսակից։
Գաբրիել Ռոխելը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ճիշտ նույն, ինչ նախորդը, բայց այս դեպքում գինին մի փոքր պղտոր է, ունի ընդգծված դեղնավուն գույն ու շատերն այն ոչ թե սպիտակ, այլ՝ նարնջագույն գինի են անվանում։
Մարիամ Սաղաթելյան
Բույրը բավականին թեթեւ է, ոչ ինտենսիվ: Կարելի է որսալ ծիրանի, ավելի հստակ՝ ծիրանի կորիզի բույրը։ Գինին բավականին տտիպ է եւ սա այն հատկանիշն է, որ հիմնականում բնորոշ է կարմիր գինիներին։ «Կրակի Կտոր Օրանժը» սպիտակ գինի է՝ ստեղծված կարմիրի ոճով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս երկու գինին իրար հետեւից համտեսելով՝ եւս մեկ անգամ համոզվում ենք, որ խաղողի միեւնույն տեսակից հնարավոր է իրարից շատ տարբեր գինիներ ստանալ։ Նարնջագույնը շատ գաստրոնոմիկ է ու համադրվում է գրեթե բոլոր համերի հետ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ինձ դուր է գալիս այս գինու եւ քեյլի համադրությունը: Քեյլի դառնության շնորհիվ նվազում է գինու թթվայնությունը։ Այն ավելի թարմ եւ վառ է դառնում։
Նարնջագույն գինու հետ դասական համադրվող ուտեստներից մեկը հումուսն է: Դրա բաղադրիչները բավականին լավ են «աշխատում» գինու այս տեսակի հետ:
Էլեգանտ, հատուկ բաժակ «պահանջող» գինին
Գաբրիել Ռոխել
Օրվա երրորդ գինին «Կարաս Արենին» է։ Արենին կարմիր խաղողի ամենահայտնի տեսակն է Հայաստանում։ Այս խաղողից ստացված գինին բավականին թեթեւ եւ էլեգանտ է։
Գաբրիել Ռոխելը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Աշխատանքի ընթացքում փորձել ենք հաճելի մրգային բույր ստանալ։
Մարիամ Սաղաթելյան
«Կարաս Արենին» համտեսելու ենք միանգամից երկու բաժակով։ Ձեր առջեւ դրված է կարմիր գինու համար նախատեսված դասական եւ հատուկ՝ «Արենի» բաժակ, որը շատ ավելի մեծ ու լայն է։ Խնդրում եմ կիսել նույն գինին՝ լցնելով երկու բաժակի մեջ։
Հիմա փորձեք որսալ բույրը երկուսից էլ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեծ՝ «Արենի» բաժակի դեպքում նկատվում է բալի, ելակի բույր: Սովորական բաժակի գինուց բույրն ավելի համեմունքային է, նույնիսկ սեւ պղպեղի նոտաներ կան։ Հիշեք՝ սա նույն գինին է, պարզապես՝ տարբեր բաժակներով: Այնպես որ, գինին փոփոխվում է ոչ միայն համադրվող ուտեստների համից, այլեւ՝ բաժակի ձեւից, ջերմաստիճանից եւ այլն։
Գաբրիել Ռոխելը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Միանշանակ է, որ գինու համն ու բույրը շատ են կապված նաեւ միջավայրի հետ, որում այն խմում եք: Այն ստեղծում է հիշողություններ, այնպես որ լրջորեն ընտրեք մարդկանց, ում հետ գինի կմխեք (ժպտում է – հեղ.)։ Ամեն բացվող շիշ նոր ճամփորդություն է։
Երեք տարբերակով ֆերմենտացված գինին
Գաբրիել Ռոխել
Հիմա համտեսելու ենք «Կարաս Սինգլ Վինյարդ Արենի» գինին։ «Սինգլ վինյարդ» նշումն այն մասին է, որ գինու արտադրության համար օգտագործված ամբողջ խաղողը հավաքված է մեր այգիների միայն մեկ՝ հատուկ հատվածից: Այս գինու բազմազան համն ապահովելու համար ես կիրառել եմ ֆերմենտացիայի երեք տարբեր եղանակ։ Խաղողի մի մասը ֆերմենտացիա է անցել կարասներում, մյուսը՝ կաղնու տակառներում, երրորդը՝ չժանգոտվող պողպատից տանկերում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ֆերմենտացիայի յուրաքանչյուր ձեւ օգնել է լուծել տարբեր խնդիրներ՝ գինու բույրի, մարմնեղության, տտիպության հետ կապված: Արդյունքում երեք տարբերակով ֆերմենտացված գինին միախառնվել է, որոշ ժամանակ պահվել կարասներում, ինչից հետո՝ մատուցվել շուկային։
Սեւ հաղարջի, սեւ սալորի ու արցախյան նոտաներով գինին
Մարիամ Սաղաթելյան
Երեկոն ավարտում ենք «Կարաս Արենի Սիրենի Ռեզերվի» համտեսով։ Այս գինին խորը կարմիր գույն ունի՝ մուգ մանուշակագույնի երանգով։ Բույրում կարող եք որսալ սեւ հաղարջի եւ սեւ սալորի նոտաներ։ Այն ստեղծվել է խաղողի Արենի եւ Սիրենի տեսակներից։ Սիրենին նույն Խնդողնի խաղողն է։ Այն վերանվանվել է, որպեսզի անվանումն ավելի հեշտ արտասանելի եւ ընկալելի լինի նաեւ օտարազգիների համար։
Գաբրիել Ռոխել
«Կարաս Արենի Սիրենին» իմ սիրելի գինիներից է, որովհետեւ դրա ստեղծման վրա շատ ենք աշխատել։ Հայաստանում եմ արդեն տասը տարի ու այս ընթացքում ինձ համար կարեւոր էր սովորել աշխատել խաղողի տեղական տեսակների հետ։ Խնդողնին կամ Սիրենին խաղողի արցախյան տեսակ է: Դրա հետ ճիշտ աշխատելու համար պարբերաբար մեկնում էինք Արցախ, համագործակցում «Կատարո» գինեգործարանի հետ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս գինու դեպքում Արենին եւ Խնդողնին ֆերմենտացվում են չժանգոտվող պողպատից տանկերում, ինչից հետո Խնդողնին հնեցման համար տեղափոխվում է կաղնու տակառների մեջ, իսկ Արենին՝ կարասների։ 6-7 ամիս անց այս երկու մասերը միախառնվում են ու դառնում գինին, որ հիմա ձեր բաժակներում է։
«Գինին սիրո եւ ազատության մասին է»
Վարդգես Հովեյան, «Կարաս» գինիների մարքեթինգի եւ վաճառքների տնօրեն
«Կարաս» գինեգործարանի այգիներում աճեցնում ենք խաղողի շուրջ 28 տեսակ՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային: Մենք ազատ ենք այդ խաղողից ստեղծել յուրահատուկ գինիներ, որոնք կարող են բավարարել ու համապատասխանել յուրաքանչյուր սպառողի քիմքին:
«Կարասի» գինիներն իրենց բնավորություններով առավելագույնս տարբեր են եւ ստեղծված են էլ ավելի գեղեցկացնելու գինեսերների ապրած տարբեր պահեր: Ընտանեկան, թե ընկերական հավաքույթներ, ռոմանտիկ ընթրիքներ ու այլ միջոցառումներ. այս բոլոր պահերի համար մենք առաջարկում ենք յուրահատուկ «Կարաս»: Մեր գինիները ստեղծվում են հայկական գինեգործական ավանդույթների եւ համաշխարհային լավագույն փորձի համադրման շնորհիվ։ Գինին ստեղծողի համար շատ հաճելի է, երբ այն դառնում է մարդկանց գեղեցիկ պահերի ուղեկիցը, չէ որ այդ գինիները ստեղծելու հիմքում այդքան սեր, խնամք եւ վարպետություն է դրված:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ինչ վերաբերում է նման համտեսներին, դրանք հնարավորություն են տալիս գինեսերներին եւ գինու համայնքի ներկայացուցիչներին փոխանցել մեր պատկերացումներն ու մտքերն այն ամենի մասին, ինչն ամեն օր ստեղծում ենք: Գինին սիրո եւ ազատության մասին է եւ «Կարաս» գինիների լայն տեսականու ամեն գինի ունի իր ուրույն պատմությունը եւ մենք այդ պատմություններով ուզում ենք կիսվել նմանատիպ երեկոների ընթացքում։
Յանա Շախրամանյան
Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: