Միջազգային ճանաչում ունեցող հայկական «Կարաս» գինեգործարանը շարունակում է գինու աշխարհին հաջողությամբ ներկայացնել Արարատյան դաշտավայրի յուրահատուկ տերուարն ու Հայաստանը։
Մեդիամաքսը զրուցել է «Կարաս» գինիների սեփականատեր և նախագահ Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանի հետ ընկերության անցած ճանապարհի մասին՝ գաղափարից մինչև ներկան և ապագա։
- Դեռևս 2000-ական թվականներին, երբ Ձեր հորեղբայր Էդուարդո Էռնեկյանը որոշել էր խաղողի այգիներ հիմնել Հայաստանում և սկսել գինու արտադրություն, Հայաստանն աշխարհում չէր ընկալվում որպես գինեգործական երկիր, և անգամ գինի խմելն այստեղ ընդունված չէր։ Ի՞նչը ոգեշնչեց նրան Հայաստանում նման գործունեություն սկսել։
- Մեր գինեգործական պատմությունը սկսվել է «Կարաս»-ից շատ ավելի վաղ։ 1900-ական թվականների սկզբին իմ ընտանիքը ստիպված էր հեռանալ Հայաստանից՝ ցեղասպանությունից փրկվելու համար, ինչպես շատ այլ ընտանիքներ հայկական սփյուռքում: Նրանք ապաստան գտան Արգենտինայում։
1990-ականների սկզբին՝ սովետական միության փլուզումից հետո, իմ պապիկն ու մեծ հորեղբայրը որոշեցին վերադառնալ Հայաստան ու իրենց ուժերով փորձել նպաստել Հայաստանի վերակառուցմանը: Մեծ հորեղբայրս՝ Էդուարդոն, որն արդեն հաջողակ գործարար էր Արգենտինայում, ցանկանում էր այնպիսի ներդրում կատարել, որը երկարաժամկետ և որակյալ աշխատատեղեր կստեղծեր։ Նա նաև նպատակ ուներ նախաձեռնելու արտադրություն, որի շնորհիվ հնարավոր կլիներ արտահանել հայկական արտադրանք՝ կամուրջ դառնալով Հայաստանի և աշխարհի միջև։ Ի վերջո, նա կանգ առավ գինու ոլորտի վրա:
2000-ականների սկզբին գինին Հայաստանում հիմնականում կարելի էր գտնել պլաստիկ շշերով մայրուղիների ճանփեզրերին, և դրանք հիմնականում չէին սպառվում ռեստորաններում կամ վաճառակետերում: Այդուհանդերձ, հիմնվելով իր տեսլականի վրա, Էդուարդոն սկսեց փնտրել հողակտոր՝ խաղողի այգիներ տնկելու համար։
Նա գտավ մի գեղեցիկ վայր Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտավայրում, որտեղ այսօր գտնվում է «Կարաս» գինեգործարանը։ Երբ Էդուարդոն առաջին անգամ եղավ այնտեղ, նրան միանգամից հմայեց Արարատի հիասքանչ տեսարանը։ Դա նրան հիշեցրեց Նոյյան տապանի պատմության մասին, որը լսել էր դեռևս մանկուց՝ տարրական դպրոցում։ Ոգեշնչվելով աստվածաշնչյան այս պատմությունից, ըստ որի Նոյը ջրհեղեհից հետո առաջինը խաղողի որթ էր տնկել Արարատյան դաշտավայրում, Էդուարդոյի համար գինու այգի տնկելու ու գինու արտադրություն սկսելու գաղափարը խորապես իմաստավորվեց։ Այսպիսով, նա սկսեց հողի նախապատրաստման բարդ աշխատանքը, որից հետո հնարավոր կդառնար այգի տնկել այդ էքսրտեմալ պայմաններում։
Լուսանկարը՝ «Կարաս»
Էդուարդոն խաղողի որթեր է բերել ամբողջ աշխարհից՝ Արգենտինայից, Ֆրանսիայից, Իտալիայից, այնուհետև շարունակել է բացահայտել խաղողի հայկական տեսակները։ Քանի որ աշխարհի առաջին խաղողի այգին տնկվել է հենց Արարատյան դաշտավայրում, ամբողջ աշխարհից տարբեր տեսակի խաղողի որթերն այստեղ տնկելն առաջին խաղողի «կորած որդիներին» նորից տուն վերադարձնելու խորհուրդ ուներ։
2010 թվականին մենք ունեցանք մեր առաջին գինին «Կարաս» բրենդի ներքո, որը լիարժեք հաջողություն էր․ ամբողջը ակնթարթորեն վաճառվեց։
- 2007 թվականից հետո, երբ Հայաստանում հայտնաբերվեց աշխարհի հնագույն գինեգործարանը, պարզ դարձավ, որ այստեղ գինեգործության զարգացումը միանգամայն բնական որոշում էր։ Արդյոք այդ փաստը, որ Հայաստանը գինեգործության բնօրրանն է, փոխե՞ց Ձեր մոտեցումն ընտանեկան բիզնեսի նկատմամբ:
- Արենի քարանձավի հայտնագործությունն այն ժամանակ էր, երբ մենք արդեն հիմնել էինք այգին: Դա կարծես կատարյալ համընկնում էր, և ամեն ինչ իմաստավորվեց: Հայտնագործությունն իսկապես օգնեց մեզ առաջ մղել այն, ինչն արդեն սկսել էինք, քանի որ մինչ այդ պահը բոլորը կարծում էին, թե Էդուարդոյի գաղափարը միանգամայն խենթություն է։ Բայց դա ոչ միայն շնորհիվ նրա ունեցած տեսլականի էր, այլ նաև գաղափարն առաջ մղելու խիզախության:
Չեմ կարծում, որ բիզնեսի հայեցակարգն ու այդ հայտնագործությունը պարզապես պատահականություն էին: Էդուարդոն այստեղ էր բերել բարձր կարգի փորձագետների, որոնք գնահատել էին Հայաստանի հսկայական պոտենցիալը։ Օրինակ՝ երբ մեր գինու խորհրդատու Միշել Ռոլանը, որն աշխարհի լավագույն փորձագետներից է, այցելել էր Հայաստան, հրաբխային հողի, եղանակային պայմանների ու այստեղի մարդկանց շնորհիվ նա կարողացել էր ծանոթանալ այս հողի պատմությանը։
Տարեցտարի մենք սկսեցինք զարգացնել մեր արտադրությունն ու արտադրական կարողությունները նաև բրենդի և գինու հաջողության շնորհիվ: Մենք կարողացանք ապացուցել, որ Հայաստանն ունակ է միջազգային բարձր մակարդակի գինիներ արտադրել։ Եվ դա շնորհիվ ոչ միայն մեր գործարանում ներդրված բարձր տեխնոլոգիաների, այլ նաև այն մարդկանց միասնական ջանքերի, որոնք կանգնած են «Կարաս» բրենդի հետևում։
- Վերջին 10 տարիների ընթացքում գինու ոլորտը Հայաստանում ամբողջապես փոխվել է և այժմ էլ շարունակում է իր սրընթաց զարգացումը։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է «Կարաս» գինիների դերը հայկական գինու ավանդույթների վերածննդի գործում։
-Իմ կարծիքով, առաջամարտիկի դերը կարող է վճռորոշ լինել արդյունաբերական նոր ճյուղ զարգացնելիս։ Բացի մեր կարողությունների հանդեպ հավատից, կարևոր էր նաև դա կյանքի կոչել հնարավոր լավագույն ձևով: Մենք հաջողեցինք հայկական գինու բարձր նշաձող սահմանելու հարցում։
Այսօր կարելի է տեսնել այլ գինեգործարաններ, որոնք հրաշալի գործ են անում։ Ոլորտի հեղափոխությունը նկատելի է նաև Երևանի փոփոխությամբ՝ ռեստորաններով և գինու բարերով։ Սա կարծես աճող ձնագնդի էֆեկտ էր, որը մենք սկսեցինք «Կարաս»-ով։ Կարծում եմ, որ մենք հեղափոխության հիմքը դրեցինք, նախ և առաջ, աշխարհի լավագույն գինին Հայաստանում արտադրելու գաղափարն առաջ մղելու շնորհիվ։
-Ինչո՞վ է յուրահատուկ Ձեր տերուարը, և ինչպե՞ս է այն անդրադառնում գինու հատկանիշների վրա։
- Մեր խաղողի այգին տեղակայված է ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա: Այն առանձնանում է հրաբխային հողով, շրջապատված է լեռներով, տեղանքին բնորոշ է մայրցամաքային կլիման, ուստի կատարյալ վայր է խաղող աճեցնելու համար: Տարվա 4 եղանակներն այստեղ հստակ են արտահայտվում. տարվա ընթացում արև շատ է լինում, անձրևներ՝ քիչ, ինչը այս չորային պայմաններն ավելի հեշտ է դարձնում օրգանական եղանակով խաղողի մշակումը։
Իհարկե, գինու որակը որոշվում է ոչ միայն բնական պայմաններով, այլ նաև մարդկային որոշումներով: Մեր ներգործությունը խաղողի աճեցման և գինու պատրաստման աշխատանքներում հսկայական է: Տերուարի մասին խոսելիս սա նշելը շատ կարևոր է, քանի որ պրոդուկտի վրա նշանակալի ազդեցություն են թողնում մեր որոշումները: Դրանք բխում են տերուարը հասկանալուց, խաղողի որթերի կառավարումից և գինու պատրաստման այնպիսի եղանակից, որով այս վայրը ներկայանում է իրեն ամենաբնորոշ ձևով:
Օրինակ՝ եթե փորձեք գինիներ մեր առաջին բերքահավաքից, իսկ հետո վերջինից, կտեսնեք զարգացումը։ Եվ դա միայն խաղողի որթի ավելի հասուն լինելուց չէ, այլ նաև նրանից, որ մենք ևս ավելի հասուն ենք։ Մշտապես ձգտում ենք կատարելագործվել և մեր գինիներն ավելի լավը դարձնել։
-Դուք սովորաբար նշում եք, որ «Կարաս»-ի միջոցով ցանկանում եք պատմել Հայաստանի պատմությունը։ Ի՞նչ եք կարծում, երբ մարդն առաջին անգամ «Կարաս»-ի գինի է համտեսում, ինչպիսի՞ առաջին տպավորություն է ստանում գինուց և ի՞նչ պատկերացում է կազմում Հայաստանի մասին:
- Յուրաքանչյուր մարդու փորձառությունն առանձնահատուկ է, սակայն միևնույն ժամանակ, կա մեկ բան, որը միշտ կրկնվում է։ Երբ էլ որևէ մեկն առաջին անգամ փորձում է մեր գինին, մեծ տպավորություն է ստանում համերի և բույրերի նրբերանգների ինտենսիվությունից, տտիպությունից և գինու հյուսվածքից: Այս առանձնահատկությունը, վստահաբար, սերում է հողից և դրա հրաբխային կառուցվածքից: Թարմության, մարմնեղության, տտիպության, համերի և բույրերի ինտենսիվության և գույնի համադրությունը գինին դարձնում է ամբողջական և բալանսավորված: Սա իսկապես առանձնացնում է այն, քանի որ դժվար է գտնել այս բոլոր տարրերը մեկ բաժակում:
Կարծում եմ, որ մեր պատրաստած գինիները ոգի ունեն, որը կապում է մարդուն այս վայրի հետ։ Մեր հիմնական նպատակն է գինիների միջոցով մարդկանց համար ճանաչելի դարձնել Հայաստանը, մեզ ու այս վայրը: Գինու շիշը բացելիս մարդը միշտ նայում է պիտակին, որ տեսնի՝ որտեղ է այն պատրաստված։ «Կարաս» գինիներ փորձելուց հետո մարդիկ մշտապես ուզում են ավելին իմանալ Հայաստանի մասին. աշխարհում շատ չեն այն վայրերը, որոնք ունեն մարդկանց գրավող այդպիսի էներգիա։
- Քանի որ ձեր գինիներում օգտագործում եք խաղողի տարբեր տեսակներ, որոնցից շատերն ավելի հայտնի են այլ երկրներում, մարդիկ կարող են զգալ այն տարբերությունը, որն առկա է Հայաստանում և Հայաստանից դուրս աճեցված միևնույն խաղողի տեսակների միջև: Սա իրական պատկերացում կտա հայկական հողի, ջրի ու արևի մասին։
-Միանշանակ։ Օրինակ՝ «Կարաս»-ում մենք օգտագործում ենք Մալբեկ, որն ավանդական արգենտինական խաղողի տեսակ է: Երբ փորձում ես Արգենտինայում աճեցված Մալբեկը, այնուհետև Հայաստանում աճեցվածը, կարող ես իրականում զգալ տվյալ վայրի ինքնությունը: Տերուարը հենց այդպես է աշխատում։
Խուլիանա Էռնեկյանը | Լուսանկարը՝ «Կարաս»
Բացի այդ, «Կարաս»-ում մենք նաև միավորում ենք երկու տարբեր աշխարհներ՝ հին աշխարհն ու մեր ներկան, որը նայում է դեպի ապագա։ Դրա օրինակ է ֆերմենտացիայի և հնացման համար ինչպես կարասների, այնպես էլ չժանգոտվող պողպատից տանկերի ու կաղնեփայտե տակառների օգտագործումը, որոնք արտադրվում են Հայաստանում կամ ներկրված են Ֆրանսիայից։ Տեխնոլոգիաների և փորձառության համադրությունն այն է, ինչ մեզ առանձնահատուկ է դարձնում։ Մենք խորապես կապված ենք մեր նախնյաց ժառանգությանը, բայց միևնույն ժամանակ նայում ենք դեպի ապագա։
- Երբ «Կարաս»-ի գինիները մասնակցում են միջազգային մրցույթի և վերադառնում մրցանակներով, դա նպաստում է նաև Հայաստանի՝ որպես գինու տարածաշրջանի միջազգային ճանաչմանը: Հաշվի առնելով այն, որ սա արդեն ոչ միայն Ձեր ընկերությանն է վերաբերում, այլև ընդհանուր առմամբ Հայաստանին, արդյոք զգու՞մ եք ավելի մեծ պատասխանատվություն:
- Կարծում եմ, որ երբ հորեղբայրս նախաձեռնում էր այս բիզնեսը, նա այս տեսլականն ու պատասխանատվության զգացումն արդեն կրում էր, և դա փոխանցվել է նաև ինձ։ Ես ծնվել եմ Արգենտինայում, բայց հայկական ընտանիքում, և իմ կապը Հայաստանի հետ էլ ավելի է մեծացել, երբ սկսել եմ աշխատել Հայաստանում։ Ես զգում եմ, որ ես աշխատում եմ ոչ միայն իմ ընտանեկան բիզնեսի և գործարանի համար, այլ նաև Հայաստանի համար: Ես հպարտանում եմ, որ մեր կատարած աշխատանքն ու բրենդը ճանաչում են ձեռք բերում, բայց այդ հպարտության պատճառն այն է, որ սա նաև հանուն Հայաստանի է։
- Այժմ «Կարաս»-ը միակ հայկական գինեգործարանն է, որն արժանացել է Ջեյմս Սաքլինգի գնահատականին: Ի՞նչ է սա Ձեզ համար նշանակում։
- Մենք դրանով շատ ենք հպարտանում։ Ջեյմս Սաքլինգն այսօր աշխարհի ամենակարևոր գինու քննադատներից է։ Նման մրցանակը ոչ միայն գինու հեղինակությունն է բարձրացնում, այլ նաև նոր դռներ է բացում: Օրինակ՝ ամերիկյան շուկայում, որն աշխարհում ամենամեծն է, գնորդին հետաքրքրող առաջին հարցն այն է, թե տվյալ գինին քանի միավոր կամ ինչ մրցանակներ ունի։ Ջեյմս Սաքլինգի նման քննադատի կողմից ճանաչումը կարևոր է ավելի շատ վայրերում ներկայացված լինելու և ավելի շատ վաճառքներ ունենալու տեսանկյունից։
Բացի այդ, այն մարդկանց համար, որոնք ծանոթ չեն հայկական գինուն, այս ճանաչման դրոշմը սպառողին ավելի լավ պատկերացում է տալիս մեր գործունեության մասին և ապացույց է, որ մենք կարող ենք շատ ավելի բարձր լինել առավել ճանաչված երկրներում արտադրվող գինիներից:
-Արդյոք սիրու՞մ եք էքսպերիմենտներ անել գործարանում։
- Էքսպերիմենտները աշխատանքի ամենահետաքրքիր մասն են, ամեն օր ու ամեն տարի անում ենք տարբեր փորձարկումներ։ Այս էքսպերիմենտալ գինիները ցուցադրելու համար մենք որոշեցինք «Կարաս»-ից դուրս ստեղծել նոր բրենդ, որն անվանել ենք «Կրակի կտոր»։
«Կրակի կտոր»-ը կարծես «Կարաս»-ի ալտեր էգոն լինի։ «Կարաս»-ն ավելի հստակ է ինչպես կառուցվածքային առումով, այնպես էլ նրա, թե մենք ինչ ենք անում և ինչ ենք ցանկանում ցույց տալ։ Մինչդեռ «Կրակի կտոր»-ի պարագայում մենք ինքներս մեզ հնարավորություն ենք տալիս անելու սրտներիս ուզածը և ցույց տալու տարբեր տեսակներ, անգամ նրանք, որոնք հաջորդ տարի չենք կրկնի։
Մենք նաև շատ հետազոտություններ ենք իրականացնում։ Մեր խաղողի փորձարարական այգում տնկում ենք հայկական խաղողի տարբեր տեսակներ և շարունակում բացահայտել դրանք, քանի որ հայկական տեսակները բազմազան են և հրաշալի։
Լուսանկարը՝ «Կարաս»
- Գուցե մեր ընթերցողների շրջանում գտնվեն մարդիկ, որոնք դեռևս չեն փորձել «Կարաս» գինիներ։ Կարո՞ղ եք նրանց ուղղորդել, թե որից սկսեն։
- Մեր տեսականիում ունենք դասական «Կարաս»-ը, որի շարքում են երկու խառնուրդները՝ սպիտակը և կարմիրը։ Սրանք մեր առաջին արտադրանքն են, որոնք շարունակում ենք պատրաստել նույն կերպ։ Դասական շարքում ունենք նաև միասորտ «Արենի», որը շատ թարմ է և խմելու առումով հեշտ։
Այնուհետև ունենք «Single Vineyard» գինիները, որոնց միջոցով ցույց ենք տալիս մեր Հայաստանի լավագույն «Արենին», լավագույն «Սիրահը» և լավագույն «Շարդոնեն»։
Մեր հնացված երկու խառնուրդները հետաքրքիր է միասին փորձել, որովհետև դրանք կարծես մետաղադրամի երկու կողմերը լինեն՝ մեր այգու երկու փուլերը։ Սիրահի հիմքով գինին ավելի եվրոպական խառնուրդ է, իսկ մյուսն ավանդական հայկական է, քանի որ Արենի ու Սիրենի տեսակների խառնուրդ է։ Այս Սիրենին վերցված է Արցախից, ուստի շատ յուրահատուկ է։
Մեր ամենանշանավոր ու ամենաճանաչված գինին «Գրանդ Կարաս»-ն է, որը պատրաստվում է ամեն տարվա բերքահավաքի հատընտիր խաղողից։
Վերջերս ներկայացրինք նաև նոր շարքը՝ «Քեֆ»-ը, որը ներառում է երկու խառնուրդներ։ Առաջինը կարմիր է՝ պատրաստված Արենիից և Մալբեկից, և պատմում է մեր ժառանգության ու Արգենտինայից Հայաստան ճամփորդության մասին։ Մյուսը սպիտակ խառնուրդ է՝ Կանգուն-ից և Շենեն Բլանից, և ևս խորհրդանշում է մեր արտերկրից վերադարձը Հայաստան և այս երկու աշխարհների միավորումը։ Սրանք ուրախ գինիներ են՝ նախատեսված ընկերների ու ընտանիքի հետ տարատեսակ առիթներ նշելու համար։
- Որո՞նք ենք ապագայի ծրագրերը, ո՞րը կլինի հաջորդ ձեռքբերումը։
-Ամեն տարին մարտահրավեր է, և մենք պետք է կարողանանք լավագույնը քաղել ցանկացած իրավիճակից։ Մեր տեսլականն է յուրաքանչյուր տարի պատրաստել ավելի լավ գինիներ ու դառնալ ավելի լավը։ Մեկ այլ նպատակ է ավելի շատ շուկաներ նվաճելն ու բրենդն ավելի ճանաչելի դարձնելը։
Այսօր մենք ներկայացված ենք աշխարհի 20 երկրներում, ինչը մեծ թիվ է, սակայն դեռ աշխատանք ունենք անելու այս ուղղությամբ։ Եվ սա միայն մեր գինին ավելի շատ վայրերում՝ ռեստորաններում, բարերում ու խանութներում հասանելի դարձնելու մասին չէ, այլ նաև ավելի շատ մարդկանց մտքերում «հասանելի» դարձնելու, որպեսզի երբ մարդ մտածի Հայաստանի մասին, միանգամից մտաբերի «Կարաս»-ը, իսկ երբ մտածի մեր գինիների մասին՝ անմիջապես հիշի Հայաստանը։
Խուլիանա Էռնեկյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: