×

Լուսանկարը՝ ARARAT

ԵԿԳ Բերդի մասնաճյուղը նշեց 20-ամյակը «Ցանկապատ» ներկայացմամբ

Այս տարի Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Բերդի մասնաճյուղը նշում է 20-ամյակը: Այդ առիթով, մայիսի 12-ին տեղի ունեցավ Convival Reunion մշակութային շարքի հատուկ միջոցառումը՝ սահմանամերձ Բերդ քաղաքի զարմանահրաշ բնության դեկորների ներքո ցուցադրվեց Տիգրան Գյուլումյանի բեմադրած «Ցանկապատ» ներկայացումը՝ըստ  Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի:

Գարիկ Վարդանյանը Լուսանկարը՝ ARARAT


Մինչ ներկայացման սկիզբը ԵԿԳ Բերդի մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը ներկայացրեց մասնաճյուղի վերելքի ուղին:

«Մասնաճյուղը հիմնվել է 2003 թվականին: Մինչեւ 2009 թվականն այստեղ խաղող է մթերվել, այնուհետեւ ստացված գինենյութը տեղափոխվել է գործարանի մյուս մասնաճյուղեր: 2009 թվականին կառուցվել է թորման արտադրամասը, իսկ մեկ տարի անց ամբողջությամբ վերազինվել է խաղողի մշակման արտադրամասը, փոխարինվել են մամլիչները, ինչը թույլ է տվել բարելավել արտադրվող քաղցուի որակը եւ ստանալ ավելի որակյալ գինենյութ: 2012 թվականին էլ կառուցվել է հնացման մառանը», - պատմել է նա:

Լուսանկարը՝ ARARAT


Այսօր Բերդի մասնաճյուղը համայնքի կարեւորագույն վայրերից է, լեգենդար ARARAT կոնյակների պատրաստման ակունքներից մեկը:

«Գարնան սկզբից մինչեւ բերքահավաք մեր գյուղատնտեսները աշխատում են խաղողագործների հետ, հետեւում են խաղողի հասունացման, վեգետացիոն փուլի բոլոր շրջաններին եւ աշնան սկզբին սկսվում է մթերման աշխատանքը: Այստեղ կլիման ավելի մեղմ է եւ չկա ցրտահարության վտանգ, ինչը թույլ է տալիս տարածաշրջանի բնակիչներից գրեթե ամբողջությամբ գնել բերքը: Խաղողագործների հետ ունենք 800 կնքված պայմանագիր եւ, փաստացի, համագործակցում ենք 800 ընտանիքի հետ»,- հավելեց Գարիկ Վարդանյանը:

Լուսանկարը՝ ARARAT


Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի խոսքով, արդեն 20 տարի է, ինչ Բերդում գործող ԵԿԳ մասնաճյուղը խթանում է տարածաշրջանում խաղողագործության զարգացումը: Այն նաեւ վստահության երաշխիք է՝ ստացված բերքի իրացման հարցում, ինչը չափազանց կարեւոր գործոն է սահմանամերձ համայնքի բնակիչների համար:

Լուսանկարը՝ ARARAT


«Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի 20-րդ տարեդարձը այս ձեւաչափով նշանավորելու գաղափարը եւ այս երեկոն համայնքի հետ կիսելը մեր երախտիքն է այն կամքին եւ վարպետությանը, տոկունությանն ու բնությանը, որ հյուսում են սահմանամերձ մասնաճյուղի անսահման հմայքը»,- իր խոսքում նշեց ԵԿԳ հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը:

Լուսանկարը՝ ARARAT


«Ցանկապատ» տրագիկոմեդիայի այս տարվա պրեմիերան մեկնարկեց հենց Բերդում: Նախորդ տարիներին այն հանդիսատեսին ներկայացվել է Սաղմոսավանքում եւ Հայաստանի այլ պատմամշակութային վայրերում՝ պատմելով 100 տարվա վաղեմության իրադարձությունների մասին, որոնք, ցավոք, այսօր էլ չեն կորցնում արդիականությունը:  

Լուսանկարը՝ ARARAT


«Հրաշալի «բեմ» ստացանք: Շատ ուրախ եմ, որ թատերաշրջանը սկսեցինք այստեղ՝ Շամշադինում: Բնությունը, անկախ ամեն ինչից, ժպիտ է բերում: Մեզ համար այս ներկայացումը շատ հոգեհարազատ է, ամեն անգամ այս թեմայի միջով անցնելիս զգում ենք այդ ամենը եւ վերջում իսկապես հուզվում: Շնորհավորում եմ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի 20-ամյակը: Կազմակերպիչների կողմից ամեն բան արվեց՝ ներկայացումը նոր վայրում խաղալու եւ այդ հանգամանքը բոլորովին չզգալու համար»,- ասաց «Ցանկապատ»-ի դերակատար Մկրտիչ Արզումանյանը:

Լուսանկարը՝ ARARAT


Չնայած անձրեւոտ եղանակին, ներկայացման ավարտից հետո հյուրերի ջերմ շփումը շարունակվեց մեկ գավաթ ARARAT-ի շուրջ:

P.S. 2018թ-ին մեկնարկած Convival Reunion միջոցառումների շարքը կառուցված է Երեւանի կոնյակի գործարանի աշխատակիցներին միավորելու եւ միմյանց հետ ջերմ պահեր կիսելու Convivialite գաղափարի վրա:

Convival reunion միջոցառումների շրջանակներում գործարանի աշխատակիցները հասցրել են հյուրընկալվել Մեգերյան Կարպետում, Մարտիրոս Սարյանի
տուն-թանգարանում, Մատենադարանում եւ այլ մշակութային վայրերում:

Աննա Բուբուշյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին