Մայիսի 8-14-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Yerevan Cocktail Week միջոցառումը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանեն բարտենդերներ աշխարհի տարբեր երկրներից, կկիսվեն իրենց փորձով, գիտելիքներով ու գաղտնիքներով։
«Երեւանում շատ հետաքրքիր միջոցառում է սպասվում, հեղինակը աշխարհի թոփ 5 բարտենդերներից, Իսպանիայի առաջատար միքսոլոջի բարտենդերներից մեկն է՝ Գեղամ Կազարիսը (Կազարյան)։ Կունենանք հագեցած շաբաթ»,- այսօր ասել է միջոցառման կազմակերպիչներից ProReca ընկերության հիմնադիր տնօրեն Սյուզի Միքայելյանը։
Սյուզի Միքայելյանը
Գեղամ Կազարիսը ներկայացրել է կոկտեյլային շաբաթվա ժամանակացույցն ու տեղի ունենալիք միջոցառումները։
«Florence Cocktail Week, Venice Cocktail Week, Իսպանիայում գաստրոնոմիայի տարբեր միջոցառումներ կազմակերպելուց հետո խիզախություն ունեցա Հայաստանում մի խենթ ծրագիր ներկայացնել, որը կոչում է Yerevan Cocktail Week»,- ասել է նա։
Գեղամ Կազարիսը
Առաջին Yerevan Cocktail Week-ը նվիրված կլինի Երեւանին ու քաղաքի ճարտարապետությանը։ Կոկտեյլային շաբաթը կմեկնարկի մայիսի 7-ին, բացումը տեղի կունենա The Alexander հյուրանոցում։
«Մայիսի 8-ին կունենանք միջոցառում՝ ճարտարապետությունը եւ կոկտեյլների արվեստը թեմայով։ Կխոսենք նաեւ որոշ կառույցների, այդ թվում՝ Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքի մասին, որը մեր լոգոյի մի մասն է։ Էդուարդո Էռնեկյանին բազմիցս իսպաներեն լեզվով նամակներ եմ ուղղել՝ խնդրելով օգնել շենքի վերանորոգման հարցում»,- ասել է Գեղամ Կազարիսը։
Yerevan Cocktail Week-ի ընթացքում միջազգային հյուրերը կանցկացնեն սեմինարներ եւ վարպետության դասեր։
«Ամեն առավոտ 10։00-13։00-ն երկու սեմինար կանցկացվի Երեւանի հյուրանոցներում, բարերում եւ ռեստորաններում։ Դրանք նախատեսված կլինեն 50-80 պրոֆեսիոնալի համար։ Որոշ միջոցառումներ կլինեն տոմսերով, մոտ օրերս դրանք արդեն հասանելի կլինեն»,- ասել է միջոցառման կազմակերպիչը։
Կոկտեյլային շաբաթվա 20-ից ավելի միջազգային մասնակիցները հիմնականում Իտալիայից են: Հյուրեր կլինեն նաեւ Անգլիայից, Իսպանիայից, Հունաստանից, Բուդապեշտից, Ռուսաստանից, Կարիբյան կղզիներից, Չիլիից, Դուբայից։
«Մեր հիմնական եւ ամենապատվավոր հյուրը Պիտեր Դորելլին է, նա քայլող լեգենդ է, 80 տարեկան է, 60 տարվա հյուրանոցային բարի մենեջմենթի փորձ ունի։ Երեւանում կնշենք նրա ծննդյան տարեդարձը»,- նշել է Գեղամ Կազարիսը:
Կոկտեյլային շաբաթվա ընթացքում ամեն երեկո Երեւանի տարբեր բարերում տեղի կունենան հետաքրքիր միջոցառումներ։
«Գառնիում հունահռոմեական ապերիտիվ կլինի, Սեւանում եւ Դիլիջանում հյուրերը կներկայացնեն իրենց մշակութային փորձն ու կծանոթանան մեր մրգօղիների հետ։ Շաբաթը կեզրափակենք Հայաստանի գինու պատմության թանգարանում՝ Նեգրոնիի մասին սեմինարով եւ ֆիլմի ցուցադրությամբ։
Yerevan Cocktail Week-ի ընթացքում կունենանք ջինի եւ ծաղիկների կապին, պանիրներին եւ ալկոհոլային խմիչքներին վերաբերող միջոցառում, կոկտեյլների աշխարհ տանող շատ այլ անակնկալներ»,- ասել է Գեղամ Կազարիսը։
Գեղամ Կազարիսը
Քանի որ այս տարվա թեման հայկական ճարտարապետությունն է, միջոցառման կազմակերպիչները մասնակիցներին հանձնարարել են ստեղծել կոկտեյլներ՝ հայկական ճարտարապետությունից ներշնչված, որոնց հիման վրա միջոցառման ավարտին կկազմվի մենյու։
Գեղամ Կազարիսն ասել է, որ Yerevan Cocktail Week-ին ներգրավված են մեծ թվով տեղացի հայ բարտենդերներ եւ աշխատանքը, կոկտեյլների ստեղծումը կլինի նրանց մասնակցությամբ։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: