×

Vol 1-ի սուրճերը, որոնք միշտ ինչ-որ պատմություն ունեն

Տաթեւիկ Մայիլյանի համար սուրճն ուղղակի ըմպելիք չէ՝ բազմագույն ու բազմահամ աշխարհ է, որն անդադար ուսումնասիրում է։ Սուրճերի մասնագետ է։ Աշխատանքը համեմատում է սոմելյեի գործի հետ, ասում է՝ մեկ կումն էլ բավարար է հասկանալու, սուրճը որ երկրից է, ինչ տեսակ է, որտեղ է աճել, ինչ պայմաններում։

Սուրճը՝ գրեթե գինի
 
«Սուրճ ըմպելն, ինչպես գինի վայելելը, արվեստ է։ Այն պետք է համտեսել անշտապ, կում-կում, առանց շաքարավազ, առանց թխվածքաբլիթ։ Կան սուրճեր, որոնք շատ նման են գինուն, չունեն նստվածք, ունեն յուրահատուկ համ, ուստի այն պետք է վայելել բնական համային տարբերակով», - ասում է Տաթեւիկը։

Սուրճի մասնագետն աշխատում է Vol 1-ում։ Պատմում է, որ այստեղ միայն մասնագիտացված սուրճ է, որն ունի բարձրորակ սուրճի արտադրանքի կատեգորիա եւ Specialty որակի վկայական։

Տաթեւիկ Մայիլյանը Լուսանկարը՝ Vol 1


Specialty սուրճի հատիկները հիմնականում աճում են 1000մ-ից ավել բարձրության վրա, արաբիկա տեսակն են, իսկ ծառերն ակտիվորեն պայքարում են անբարենպաստ պայմաններում գոյատեւելու համար՝ փոխանցելով բոլոր հյութերը պտուղներին, ինչի արդյունքում սուրճի հատիկներն ունենում են յուրահատուկ համային բովանդակություն։

Հատիկները ենթարկվում են հատուկ տեսակավորման՝15 քայլից բաղկացած ընթացք է, որին հաջորդում է հավաքման եւ մշակման հատուկ տեխնիկան։

Տաթեւիկն ասում է, որ ի տարբերություն արաբիկայի, ռոբուստա տեսակի հետ աշխատելը հետաքրքիր չէ, քանի որ այն ունի կայուն համային պրոֆիլ, որը գրեթե անփոփոխ է:

Vol 1-ի սուրճերը

Vol 1-ում մասնագիտացված սուրճի տեսականին բազմազան է, ամենից շատ վաճառվողների շարքում ֆիլտրով սուրճերն են։ Ֆիլտրման գործընթացը երկար է տեւում եւ ունի պատրաստման յուրահատուկ մեթոդ, որը թույլ է տալիս սուրճին հարուստ համեր հաղորդել ջրին, ինչի արդյունքում ստացվում է համեղ սուրճ:

Vol 1-ը որպես մասնագիտացված սրճարան, սուրճը ստանում է կանաչ հատիկներով, բովում դրանք տեղում՝ օգտագործելով բարձրորակ բովիչ, որը հավաքված է ձեռքով:

Լուսանկարը՝ Vol 1


Բովելու մեքենան աշխատում է բնական գազով, բովելու ընթացքում սուրճի հատիկներին փոխանցելով մրգային համով հարուստ կամ դառը համ՝ կախված հաճախորդի նախասիրություններից:

Բովելուց հետո սուրճը տեսակավորվում է, տեղաբաշխվում հատուկ փաթեթներում, որոնք թույլ չեն տալիս օդի ներթափանցումը, բայց չեն արգելափակում սուրճի արտադրած գազերի դուրս մղումը։

Լուսանկարը՝ Vol 1


«Սուրճն ունի հասունացման փուլ, որի ընթացքում կորցնում է գազերը, որոնք բովելու ժամանակ սուրճի հատիկի ներսում տեղի ունեցող ռեակցիաների արդյունք են։ Եթե դա տեղի չի ունենում ճիշտ տարբերակով, սուրճն ունենում է սուր, ծակող հետհամեր։ Ճիշտ պայմաններում պահպանելու պարագայում, երեք ամիս սուրճը չի փոխում ոչ համը, ոչ բույրը», - մանրամասնում է Տաթեւիկը։

Լուսանկարը՝ Vol 1


Ըստ նրա, բարձրորակ սուրճը կարելի է պատրաստել ոչ միայն հատուկ սրճեփ մեքենայով, այլ նաեւ ֆիլտր-սուրճի մեքենայով, որն ավելի լավ է ապահովում ջուր-սուրճ-կոֆեին հարաբերակցության բարձր որակը, ինչի արդյունքում էլ՝ ավելի հարուստ համ ապահովում: Մեքենան սուրճը պատրաստում է բարձր ճնշմամբ, ինչը հանգեցնում է ավելի սուր համերի, մինչդեռ ֆիլտր սուրճն օգտագործում է գրավիտացիա՝ ջուրը զտելու համար եւ ունի ավելի նուրբ համեր:

Անսովոր տեսականին

«Vol 1-ի բոլոր սուրճերն ունեն պատմություն, յուրահատուկ համ եւ պատրաստման հետաքրքիր եղանակ։ Այստեղ ստանդարտ որեւէ բան չեք գտնի, բայց միշտ վերադառնալու պատճառ կունենաք», - ասում է Տաթեւիկը՝ ձեռքով ամուր սեղմելով անսովոր բաժակ։

Լուսանկարը՝ Vol 1


Բացատրում է, որ սուրճի եւ ջրի շատ քիչ հարաբերակցությամբ Aeropress coffee տեսակն է պատրաստում։ Բաղադրիչների քանակի պատճառով ուժեղ թուրմ է ստացվում։ Սուրճը պետք է աղացած լինի միջին չափով, եփվելուց հետո այն տեղափոխվում է մխոցով բաժակի մեջ, անցնում ֆիլտրով եւ մատուցվում առանց նստվածքի։ Արտաքին տեսքով նման է թեյի, սակայն ունի սուրճի շատ խիտ համային փունջ։

Լուսանկարը՝ Vol 1


Cold Drop-ը եւս Vol 1-ի հետաքրքիր սուրճերից է: Այն պատրաստվում է ջուրը սառույցի հետ միախառնելով եւ օգտագործելով ավելի խոշոր աղացած սուրճ, որը հատուկ ֆիլտրման եղանակ է անցնում քարի միջոցով, ապա թրմվում 12 ժամ։

Թրման նման գործընթացը հանգեցնում է նրան, որ սուրճի բոլոր եթերայուղերը եւ ամբողջհամային փունջը փոխանցվում է ջրին։

Պատրաստման եղանակի եւ սառնարանում պահպանվելու շնորհիվ, այն համային մեծ էներգիա է պարունակում, համային մեծ գամմա։ Այն տարբեր համերով է լինում։

Siphon-ը սուրճի հատուկ ապարատ է, որն օգտագործվում է կրակայրոցի միջոցով։ Ջուրը եռում է, խառնվում սուրճի հետ եւ արդեն ոչ մեկանգամյա, այլ բազմակի օգտագործման ֆիլտրի միջոցով քամվում է։ Այս պարագայում քանի որ ջուրն առանձին եռում է, ավելի թունդ եւ համանուն՝ Siphon սուրճ է ստացվում, բայց թնդությունը հետին պլան չի մղում սուրճի յուրահատուկ համերը։ Այս սուրճերը լինում են մի քիչ դառը, բայց շատ հետաքրքիր հետհամերով։

Տարբերվող պատվերներ

«Vol 1-ում ներկայացված մեր բոլոր սուրճերն ունեն մի շարք համային տեսականի՝ ներքեւից մինչեւ վերին, եւ դրա միջեւ գտնվող ամեն ինչ: Բայց, թերեւս, ամենատարօրինակ սուրճի պատվերը, որ երբեւէ ստացել ենք, Հայաստան տեղափոխված ռուսների խմբից էր: Նրանց շնորհիվ մենք բացահայտեցինք Էսպրեսո տոնիկը, որը զարմանալիորեն համեղ է, չնայած շատ տարօրինակ՝ գազավորված տոնիկ-էսպրեսո բաղադրությանը։ Ռուսների շնորհիվ բացահայտեցինք նաեւ Bumble-ը՝ նարնջի հյութով պատրաստվող սուրճը, որը եւս անսովոր սուրճ է»,- անկեղծանում է Տաթեւիկը։

Լուսանկարը՝ Vol 1


Տաթեւիկն ասում է, որ Vol 1-ում իրենց թիմը հավատում է, որ յուրաքանչյուր սուրճ պատմելու ինչ-որ պատմություն ունի, գունային գամմա եւ համային դրամա:

«Անկախ փաստից, թե դա մեր եթովպական սուրճերի յուրահատուկ համն է, թե պատրաստման հատուկ մեթոդը, յուրաքանչյուր սուրճի բաժակ մենք համարում ենք նոր փորձ եւ նոր պատմություն»,- նկատում է նա։

Լուսին Մկրտչյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին