×

Լուսանկարը՝ Nero Bean

Ձեռագիր ունեցող եւ մրցակիցներին գնահատող Nero Bean սրճարան-բովարանը

Եթե սուրճի սիրահար եք, ապա Nero Bean սրճարան-բովարանն այն վայրն է, որտեղ անպայման պետք է այցելել: Բովարան-սրճարանի այս մասնագիտացված խանութ-նախագիծը ղեկավարում է Գոքոր Գրիգորյանը, ով նախընտրում է անձամբ բովել մատուցվող եւ վաճառվող սուրճը։ Գոքորը մասնագիտական ճանապարհը սկսել է որպես բարմեն, հետո որոշել է սովորել ու իրականացնել բոլորովին նոր մի բան՝ սրճարան-բովարանի նախագիծ։

Ճանապարհորդության մեկնարկը

Nero Bean-ի ճանապարհորդությունը սկսվեց «Երազ» բնակելի թաղամասում բացված առաջին սրճարանից։ Հենց այս վայրի հաջողության արդյունքում Պիացցա Գրանդե համալիրում բացվեց երկրորդ մասնաճյուղը՝ արդեն որպես բովարան-էսպրեսո բար։ Այստեղ կարելի է փորձել ամենաթարմ եւ ամենահամեղ, ամենաանսովոր համով սուրճերը։

Nero Bean սրճարանի եզակի առանձնահատկություններից մեկը, հենց սրճարանում տեղադրված բովելու մեծ մեքենան է, որը, ինչպես խոստովանում է Գոքոր Գրիգորյանը, անձամբ է աշխատեցնում։

Գոքոր Գրիգորյանը Լուսանկարը՝ Nero Bean


«Սուրճի հատիկները խնամքով ընտրում եւ բովվում ենք փոքր խմբաքանակներով՝ պահպանելու իրենց համային հատկությունները։ Բովելու շատ հետաքրքիր տեխնոլոգիա ունենք՝ սուրճի հատիկները կրակին չեն հպվում, այլ բովվում են տաք օդով, անընդհատ պտտվելով»,-ասում է Գոքոր Գրիգորյանը։

Տարբերվող տեսականին

Nero Bean-ը կենտրոնացած է սուրճի երրորդ ալիքի վրա՝ արհեստագործական սուրճերի կամ նույն՝ Craft coffee-ների վրա։

Արհեստագործական սուրճը լավագույն սուրճի պատրաստման տեխնոլոգիան է, որը ներառում է ամենաբարձր որակի բաղադրիչների բովման եւ եփման տեխնոլոգիաների օգտագործումը։ Երկրորդ ալիքի հեղինակն ու իրականացնողը Starbucks-ն էր՝ որն առաջարկում էր հատուկ սուրճ, որը աշխարհի բոլոր անկյուններում նույն համն ունի, իսկ առաջինը լուծվող սուրճն էր՝ հայտնի եւ հեշտ պատրաստող սուրճերի տեսակներով։

Լուսանկարը՝ Nero Bean


«Nero Bean-ի սուրճերը պատրաստվում են միայն բարձրորակ կանաչ հատիկներից, որոնք ներկրվում են ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Բրազիլիայից եւ Կոլումբիայից, եւ այստեղ բովվում՝ հասնելով կատարելության: Քանի որ մենք կենտրոնացած ենք փոքր քանակությամբ բարձրորակ սուրճերի, այլ ոչ զանգվածային արտադրության վրա, հնարավորություն ունենք բազմաթիվ փորձարկումներ անելու։ Սա հատկապես կարեւոր է սրճարանների ունեցողների համար, որոնք գալիս են այստեղ, տարբեր փորձարկումներ իրականացնում սրճային նոր համեր ստանալու համար եւ ընտրում իրենց ցանկալին»։

Nero Bean-ում ամենալավ վաճառվողներից մեկը եթովպական սուրճն է, որն ունի փափուկ, թթու համ եւ կոֆեինի ցածր պարունակություն։

Ամենապահանջված սուրճերից է ֆիրմային խառնուրդը, որը պարունակում է բացառապես Արաբիկա սուրճի հատիկներ։ Այս խառնուրդն առանձնանում է սուրճի հատիկների քիչ բովվածությամբ, ինչը սուրճին յուրահատուկ եւ համարձակ համ է հաղորդում:

Լուսանկարը՝ Nero Bean


Հաճախորդները, որոնք սրճարանում հավանում են այս խառնուրդը, կարող են նաեւ այն պատրաստել տանը, ելեկտրական կամ կրակին եփող սրճեփով, միայն թե պետք է խորհրդակցեն սրճարանի աշխատող մասնագետների հետ։

Ստեղծարարությունը սուրճ եփելիս

Գոքոր Գրիգորյանը չի վախենում փորձարկել տարբեր համեր եւ համակցություններ:

Լուսանկարը՝ Nero Bean


Nero Bean-ում «վերստեղծել են» Espresso Tonic կոչվող սուրճը, որը դասական տարբերակում գազավորված տոնիկի եւ սուրճի խառնուրդ է: Համերի այս յուրահատուկ համադրությունը նախընտրում են նրանք, ովքեր վայելում են սուրճի շատ դառը համը։ Այստեղ այն որոշել են պատրաստել մրգային տոնիկի, կարամել սիրոպի ու սուրճի խառնուրդով։ Ստացվել է շատ հետաքրքիր սուրճ, որը նախորդ ամառ ամենաշատ վաճառքն է գրանցել։

Լուսանկարը՝ Nero Bean


Վերամշակել են նաեւ Bumble կոչվող հայտնի սուրճը, որը դասական տարբերակում պատրաստվում է կրկնակի էսպրեսոյով, կարամել օշարակով եւ թարմ քամած նարնջի հյութով։ Որոշել են բացառել կարամելի օշարակը եւ կենտրոնանալ սուրճի բնական համերի վրա, այն մատուցել տաք տարբերակով։ Ասում են՝ շատ է սիրվել։

Մրցակցության կարեւորությունը

«Մանրակրկիտ մոտեցում ցուցաբերելով՝ փոքր բովարանները կարողանում են արտադրել իսկապես յուրահատուկ եւ համով սուրճեր: Նույնիսկ եթե սուրճի նույն խմբաքանակը բոված լինի տարբեր տարածքներում գտնվող նույն մեքենաներով, ստացված սուրճերի համերի բնութագրերը տարբերվելու են՝ հիմնված բովողի անհատական «ձեռագրի» վրա», - ասում է Գոքորը։

Լուսանկարը՝ Nero Bean


«Նվիրվածությունը՝ ապահովելու լավագույն որակ, մեզ դարձրել է մրցակից եւ նաեւ առանձնացրել մրցակիցներից։ Մենք ճանաչում ենք մեզ, գնահատում ենք մեր մրցակիցներին, չենք խուսափում նրանց մոտ ուղղորդել մեր հաճախորդին, եթե նրանք ուզում են այնպիսի բան, որը չկա մեր ցանկում, կամ այնպիսի համ, որը փորձել են այնտեղ։ Մեզ համար շատ կարեւոր է ազնիվ մրցակցությունը, որովհետեւ դրա բացակայությունը լճացման է տանում», - վստահեցնում է Գոքոր Գրիգորյանը:

Լուսին Մկրտչյան


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին