Մայքլ Ֆրանզեսեն 71 տարեկան է: Ժամանակին ամերիկյան Fortune ամսագիրը նրան «Մաֆիայի 50 ամենամեծ պարագլուխների ցանկում» (50 Biggest Mafia Bosses) շնորհել էր «պատվավոր» 18-րդ հորիզոնականը, իսկ Goodfellas կինոնկարում նրա կերպարը մարմնավորել էր Ջոզեֆ Բոնոն:
1967 թվականին Մայքլի հայրը՝ Սոննին, որը Կոլոմբո հանցավոր ընտանիքի ղեկավարի տեղակալն էր, ազատազրկվեց 50 տարով բանկ կողոպտելու համար: Մայքլը թողեց քոլեջը ընտանիքին օգնելու համար: Սակայն նա հարազատների կենցաղային կարիքները հոգալուց շատ ավելի հեռուն գնաց:
Decanter ամսագիրը գրում է, որ իր կարիերայի գագաթնակետում Մայքլ Ֆրանզեսեն հանցավոր ճանապարհով շաբաթական վաստակում էր 8 միլիոն դոլար:
Ամեն ինչ փոխվեց, երբ երկարատեւ բանտարկության ընթացքում նա իր համար նորովի բացահայտեց քրիստոնեությունը եւ որոշեց խզել կապերը մաֆիայի հետ:
Այսօր նա մենտոր է եւ Youtube-ի ալիքի հեղինակ, ապրում է Կալիֆորնիայում՝ տիկնոջ եւ 7 երեխաների հետ:
Մայքլը վարում է նաեւ The Inner Circle մենտորային կայքը եւ հենց այն առիթ հանդիսացավ, որ նա զբաղվի գինեգործությամբ: Ընդ որում, ոչ թե Իտալիայում, այլ Հայաստանում:
Մայքլը պատմում է, որ ծրագրի մասնակիցներից մեկը մի օր իրեն առաջարկեց գինու համատեղ բրենդ հիմնել:
«Այդ երիտասարդ գործունեությանս հետեւում էր 10 տարեկան հասակից: Հիմա նա 24 տարեկան է: Երբ մոտեցավ ինձ այս հարցով, ինձ այնքան գրավեց նրա ազնվությունը եւ աշխատանքային էթիկան, որ ինքս ինձ ասացի՝ եթե որեւէ մեկի հետ պիտի բիզնես սկսեմ, դա կլինի հենց այդ երիտասարդը:
Մենք անցանք գինին համտեսելու, նրա ընտանիքի պատմությունը ուսումնասիրելու գործընթացի միջով, եւ ամեն ինչ ստացվեց. որոշեցի թույլ տալ նրան իմ ապրանքանիշը շուկա հանել», - պատմում է Մայքլը:
Franzese Wine կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունն այս պահին արտադրում է 6 անուն գինի.
Franzese Pinot Noir Areni Dry Red Armenian Wine
Franzese Malbec Red Armenian Wine
Franzese Sauvignon Blanc White Dry Armenian Wine
Franzese White Table Armenian Kangoun Wine
Franzese Sweet Dessert Port Blend Red Armenian Wine
Franzese Rosé Areni Dry Armenian Wine
GastroVino-ն կփորձի առաջիկայում կապ հաստատել Մայքլ Ֆրանզեսեի հայ գործընկերոջ հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: