×

Աննա Գլոտովան Լուսանկարը՝ Մեդիամաքս

Աննա Գլոտովա. Fantini-ի գինիների համար կարեւոր է Հայաստանում ներկայացված լինելը

Vino & Vino ընկերության հրավերով Երեւան է ժամանել իտալական Fantini գինիների արտահանման գծով մենեջեր Աննա Գլոտովան: Հունվարի 17-ին Wine Republic Yerevan-ում գինու ոլորտի ներկայացուցիչներին եւ գինեսերներին նա ծանոթացրել է Fantini գինիների տեսականուն եւ յուրահատուկ «ճամփորդություն» անցկացրել իտալական գինեգործական յոթ շրջանով, որտեղ գտնվում են ընկերության այգիները:

Մինչ հանդիպմանը մեկնարկը GastroVino-ն զրուցել է Աննա Գլոտովայի հետ:

- Սա Ձեր առաջի՞ն այցն է մեր երկիր:

- Այո, իմ առաջին այցն է Հայաստան: Այս այցով ուզում ենք ցույց տալ, որ մեզ համար շատ կարեւոր է հայաստանյան շուկան, այստեղ մեծ հեռանկար ենք տեսնում, քանի որ գինու մշակույթի աճն Հայաստանում ակնհայտ է: Մեզ համար շատ կարեւոր եւ հաճելի է լինել Vino&Vino-ի գործընկերը, որի հետ նախատեսում ենք հետաքրքիր նախագծերի շարք անցկացնել: Նախատեսում ենք պրեմիում գինիներով զգալի ամրապնդել մեր ներկայությունը Հայաստանում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս այցի շնորհիվ հույս ունենք շուկայի մասնագետներին, սոմելիեներին եւ սպառողներին ծանոթացնել Իտալիայի հարավի հետ, քանի որ Fantini Group-ի համար Իտալիայի հարավը ամեն ինչ է: Այնտեղ այն շրջաններն են, որոնց մասին ցանկանում ենք պատմել Հայաստանի շուկային:

- Պատմեք Fantini բրենդի ստեղծման պատմության մասին:

- Fantini-ին ընտանեկան բրենդ է, որն այսօր Իտալիայի ամենամեծ բուտիկային գինեգործարաններից մեկն է: Ընկերության խոշոր եւ բարձր որակային հատկանիշներով դիրքավորված բրենդ դառնալու հաջողության երաշխիքը ընտանեկան մոտեցումն է, ինչ շատ տիպիկ է Իտալիայում:

Fantini ընկերությունը հիմնադրել է Վալենտինո Շոթը՝ 1994 թվականին Իտալիայի Աբրուցո շրջանում: Նա ընկերությունը ստեղծել է իր ընկերների՝ Ֆիլիպի եւ Կամիլոյի հետ: Վալենտինոն առաջիններից է եղել, որը ներկայացրել է Իտալիայի հարավային շրջանների գինիների ներուժը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինու բիզնեսում նրանց մոդելը նորարական է եղել, քանի որ սկզբում չեն ունեցել ո՛չ խաղողի սեփական այգիներ, ո՛չ սեփական արտադրություն, բայց կարողացել են այնպիսի շղթա ձեւավորել, որ իրականություն են դարձնել անհնարին թվացող երազանքները:

Այժմ Fantini ընկերության գործունեության մեջ ակտիվ մասնակցում են նաեւ Վալենտինոյի երեխաները:

Fantini բրենդն իր ստեղծմամբ նաեւ հայտնի է դարձրել Աբրուցո շրջանը, որը մինչ ընկերության հիմնադրվելը, որպես գինեգործական տարածաշրջան աչքի չի ընկել:

Հետագայում ընկերությունն ընդլայնել է արտադրության ծավալները Իտալիայի եւս 6  շրջանում՝ Տոսկանա, Սիցիլիա, Սարդինիա, Ապուլիա, Կամպանիա եւ Բազիլիկատա: Fantini-ն արտադրություն է սկսել նաեւ Իսպանիայում:

Վերջին տարիներին Fantini Group-ի աճը բավականին մեծ ծավալների է հասել՝ ինչպես ապրանքաշրջանառության, այնպես էլ բրենդի ընդլայնման առումով:

- Ո՞րն է Fantini-ի գլխավոր առանձնահատկությունը:

- Բուտիկային գինեգործարան լինելն արդեն իսկ ենթադրում է, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի ոչ միայն խաղողի այգիներին եւ գինու որակին՝ այլեւ մարքեթինգային ռազմավարությանն եւ դիզայնի հետ կապված ամենափոքր մանրուքին ու մասնիկին: Այսինքն՝ Fantini-ի համար շատ կարեւոր է, որ կատարյալ որակի հետ մեկտեղ գինին գրավիչ լինի նաեւ իր արտաքին տեսքով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եթե ուշադրություն դարձնենք, օրինակ Fantini Edizione-ին, որը լեգենդար պատմական գինի է եւ այցեքարտային է ընկերության համար, կտեսնենք, թե որքան  կարեւորված է յուրաքանչյուր դետալ: Շիշը ներկայացնում է նեյրոմարքետինգի ողջ տեխնոլոգիան, որի շնորհիվ էլ անմիջապես առանձնանում է դարակաշարի վրա: Շիշը ձեռքդ վերցնելով՝ անմիջապես հասկանում ես նրա արժեքը:

- Որքանո՞վ է կարեւոր Fantini բրենդի համար հայկական շուկան:

- Հայաստանը գինու հարուստ պատմություն ունեցող երկիր է, գինին ձեր ազգային ավանդույթների անբաժան մաս է կազմում, եւ մեր բրենդի համար, իհարկե, շատ կարեւոր է ներկայացված լինել այստեղ:

Սրան նաեւ այլ կողմից կարելի է նայել, թե Հայաստանի համար որքա՞ն կարեւոր է այնպիսի բրենդների ներկայացված լինելը, ինչպիսին Fantini-ն է: Այն ինչ-որ առումով նշաձող է սահմանում տեղի ակտիվ եւ զարգացող գինի արտադրողների համար, նոր փորձ ապահովում սպառողներին։

Այսինքն՝ այս համագործակցությունն անհրաժեշտ է երկու կողմին էլ:

-  Գինիների ի՞նչ տեսակներ ունի Fantini-ին եւ դրանցից որո՞նք են ներկայացված Vino & Vino-ում:

- Fantini-ին արտադրում է կարմիր, սպիտակ, վարդագույն, փրփրուն եւ օրգանիկ գինիներ: Բրենդի շուրջ 15 անուն գինի ներկայացված է Vino & Vino-ում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Օրինակ՝ Fantini Gran Cuvée Bianco-ն Աբրուցո շրջանի խաղողի այգիների բերքից շարմա մեթոդով պատրաստված փրփրուն գինի է: Այն կոկոչիոլա, տրեբիանո եւ պիկարինո խաղողի տեսակների համադրություն է: Համային շատ հետաքրքիր փունջ ունի: Իսկ կարմիր Fantini Edizione Cinque Autoctoni-ն-ն խաղողի հինգ տեսակի միքս է: Այն 12 տարի անընդմեջ ճանաչվել է Իտալիայի լավագույն կարմիր գինին՝ գինու ամենակարևոր ուղեցույցներից մեկի՝ Luca Maroni-ի կողմից ստանալով ամենաբարձր՝ 99 միավորը:

Վերջին երեք տարիներին Grand International Wine Award Mundu Vini-ի կողմից  Fantini Group-ը ճանաչվել է նաեւ Իտալիայի լավագույն արտադրող:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին