×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Դորամաներից հայտնի սոջուն եւ կորեական խմելու մշակույթը

Կորեական դորամաների սիրահարները վստահաբար շատ բան գիտեն կորեական սոջուի եւ Կորեայում խմելու մշակույթի մասին: Այն իսկապես մի շարք յուրահատկություններ ունի, որի մասին Հարավային Կորեա իր այցից հետո պատմում է GastroVino-ի լրագրողը:

«Հաց կերե՞լ ես»

Կորեայի Հանրապետությունում իմ անցկացրած մեկ շաբաթը բավական էր հասկանալու համար, թե կորեացիներն ինչքան ջերմ ու հյուրասեր մարդիկ են: Այս իմաստով ինձ շատ հարազատ միջավայրում էի զգում, որովհետեւ հայերս էլ ենք շարունակում պահպանել անգամ անծանոթներին առատորեն հյուրասիրելու ջերմ ավանդույթը:  

Կորեերենով «ինչպե՞ս ես» հարցի ձեւերից մեկը բառացի թարգմանությամբ նշանակում է «[Հաց] կերե՞լ ես»: Նման լեզվամտածողությունը բխում է նրանից, որ 1950-1953 թվականների պատերազմից հետո կորեացիները տեսել են սովի ծանր տարիներ, այդ պատճառով էլ մեկի որպիսության մասին անհանգստանալիս հարցրել են՝ արդյոք որեւէ բան կերե՞լ է: Այս եւ նմանատիպ այլ արտահայտություններ շարունակում են մնալ նրանց առօրյա զրույցներում, իսկ առատ հյուրասիրությամբ կորեացիներն արտահայտում են իրենց սերը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կորեական խոհանոցին բնորոշ է ուտեստները շատ տաք մատուցելը: Հաճախ, ուտեստը կարող է մատուցվել փոքրիկ գազօջախով, որպեսզի այն ամբողջ ընթացքում տաք մնա: Կորեական ռեստորաններում հիմնական ուտեստ պատվիրելու դեպքում այն մատուցվում է նախուտեստների հետ միասին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դրանցից ամենատարածվածը կորեական հայտնի կիմչին է (կորեական թթու կաղամբ): Ջուրը եւս մատուցվում է անվճար: Վերջինն ինձ իսկապես շատ անհրաժեշտ էր, որովհետեւ ճաշատեսակները հիմնականում չափազանց կծու են:

Սոջուն՝ բրնձի՞ց, թե՞ կարտոֆիլից

Կորեական դորամաների սիրահարները վստահաբար գիտեն, թե ինչ են սիրում խմել կորեացիները: Ամենատարածված ավանդական խմիչքը սոջուն է, որը թափանցիկ ու անգույն ոգելից ըմպելիք է՝ ավանդաբար թորված բրնձից:

Սոջուի տարածումը Կորեական թերակղզում սկսվել է 13-րդ դարից: Այն իրենց հետ բերել են մոնղոլները 1231-1273 թվականների արշավանքների ժամանակ: Դարերի ընթացքում այն փոխակերպվել է՝ դառնալով համահունչ տեղի ժողովրդի համային ընկալմանը, ուստի ավանդական սոջուն կարելի է համարել բնիկ կորեական թերակղզու համար:

Կորեական ավանդական սոջուն երբեմն նմանեցնում են ճապոնական սակեին, սակայն դրանց պատրաստման եղանակը միանգամայն տարբեր է, որովհետեւ սակեն թորման գործընթաց չի անցնում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այսօր առավել տարածված է սոջուի՝ քաղցր կարտոֆիլից թորված տեսակը, որն ունի իր պատճառները: Բանն այն է, որ 1965 թվականին Կորեայի Հանրապետության կառավարությունն արգելում է բրնձի օգտագործումը ոչ առաջնային նշանակության ապրանքների պատրաստման մեջ, այդ թվում եւ սոջուի՝ բրնձի պաշարների սղության բրումով: Այդ պատճառով սկսվում է տարածվել կարտոֆիլի օսլայից սոջու պատրաստելու եղանակը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Չնայած 1999 թվականին այս արգելքը հանվում է, շատ արտադրողներ շարունակում են սոջուն պատրաստել կարտոֆիլից: Սոջու արտադրող գործարանները հիմնականում գնում են սպիրտը մեկ արտադրողից եւ այն ջրում լուծելու ու համային հավելումներ ավելացնելու միջոցով ստանում մյուսներից տարբերվող համ: Նման խմիչքի սպիրտի պարունակության տոկոսը հիմնականում բավականին ցածր է՝ մոտ 16 %, մինչդեռ ավանդական եղանակով բրնձից թորվող սոջուն ունի 50 % սպիրտայնություն: Ավանդական սոջուի յուրահատուկ համը փորձելու համար ավելի լավ է այցելել թորման գործարաններ, քանի որ խանութից գնվածները հիմնականում ջրով նոսրացված են:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այսօր կորեացի երիտասարդության շրջանում սոջուի սպառումը գնալով նվազում է: Համաձայն 2021 թվականի հետազոտության՝ 2000 հարցվածների 48,2%-ը ալկոհոլային խմիչքներից նախընտրում է գարեջուրը, իսկ սոջու նախընտրում է 20,8 %-ը:

Գարեջրով սոջուն փրփրեցնելու զվարճալի եղանակներ

Կորեացիները սիրում են խմել ինչպես մաքուր սոջու, այնպես էլ այն գարեջրի հետ խառնած վիճակում: Երբեմն սոջուն խմում են նաեւ կոկա-կոլայով կամ սփրայթով:

Հիմնականում գարեջուրն ու սոջուն խառնում են 4:1 հարաբերակցությամբ, երբեմն՝ 2:1: Այս ընթացքն ավելի զվարճալի դարձնելու համար կան խառնելու տարբեր տեխնիկաներ, որոնցից մի քանիսն ինձ սովորեցրին Կորեայում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Առաջինը շատ պարզ է: Սոջուն գարեջրով լի բաժակի մեջ ավելացնելուց հետո վերցնում եք գդալն ու լայն կողմն ուժեղ հարվածով իջեցնում բաժակի հատակին: Գարեջուրը սկսում է գեղեցիկ փրփրել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փրփուր ստանալու մյուս եղանակը սննդի փայտիկների օգտագործումն է: Դրանցից մեկը դնում ենք բաժակի մեջ ուղղահայաց դիրքով, իսկ մյուսը հորիզոնական դիրքում պահելով՝ արագ-արագ թեթեւակի հարվածներով հպում ենք առաջինին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մյուս եղանակն ավելի հետաքրքիր է: Սննդի փայտիկները իրար զուգահեռ դնում ենք գարեջրով բաժակի վրա, վրան տեղադրում սոջուով փոքր բաժակը, իսկ հետո ուժեղ հարվածում սեղանին: Հարվածից փայտիկները տեղաշարժվում են, իսկ սոջուով բաժակը շրջվում է գարեջրի մեջ: Այս հնարքն ինձ ցույց տվեցին սեղանին հարվածելով ոչ թե բռունցքով, այլ գլխով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եվս մի ձեւ կա: Այս դեպքում խառնելիս անձեռոցիկ են օգտագործում, բայց ավելի լավ է այս մեկը պարզապես դիտել ներքևի տեսանյութում:



Այս հնարքները ռեստորաններում կրկնելը խորհուրդ չի տրվում, հատկապես վերջինը, որովհետեւ քեզ կարող են պարզապես դուրս հրավիրել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Խմիչքները խառնելու տարբեր զվարճալի եղանակներն արդեն ավելի քիչ են կիրառվում, եւ այս մշակույթը ժամանակի հետ կարող է կորսվել:

Խմելու մշակույթը Կորեայում

Կորեայում խմելու հատուկ մշակույթ կա՝ իրեն հատուկ նրբություններով: Լավ է ծանոթ լինել դրանց՝ նախքան կորեացիների հետ խմելը:

Երբ սոջուն առաջին իսկ բաժակից շատ հավանելով որոշեցի երկրորդ բաժակն ինքս լցնել, կողքիս նստած կորեացի ընկերս մատներով ճտացրեց ու բացատրեց, որ ըստ հավատամքի, եթե ինքդ քեզ ես լցնում, դա կարող է դիմացինիդ դժբախտություն բերել, դրա համար էլ ճտացրեց, որ քշի չարը: Սովորաբար նման դեպքերում մարդիկ կտտացնում են բաժակին եւ ասում 짠 (ջջան), որը նույն բաժակների շրխկոցի ձայնն է եւ համարժեք է միջազգային «cheers»-ին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կորեայում տարեցների հանդեպ հարգանքը դրսեւորվում է շփման գրեթե բոլոր մակարդակներում: Երբ քեզանից տարիքով մեծ մեկը խմիչք է լցնում, այդ ժամանակ պետք է երկու ձեռքով բարձրացնես բաժակը, բաժակները խփելիս ուշադիր լինես, որ քոնն ավելի ցածր լինի, իսկ խմելիս դեմքդ շրջես՝ որպես հարգանքի նշան:

Եթե քեզանից տարիքով մեծն առաջարկում է խմել, մերժումը կարող է ընկալվել, թե չես ուզում խմել հենց իր հետ ու վիրավորական հնչել: Ուստի, Կորեա գնալուց առաջ խորհուրդ եմ տալիս նախ խմել սովորել, իսկ պրակտիկայի համար արցախյան թոթի արաղը լավագույն տարբերակն է: Սա, իհարկե, կատակ է, այս ավանդույթներն արդեն պատմություն են դառնում, եւ պարզապես քաղաքավարի մերժումը այսօր ընդունելի է կորեացիների մեծ մասի համար:

Խմելու այս կանոնները ժամանակի ընթացքում կորցրել են իրենց խստությունը, իսկ նոր սերնդի մի մասն արդեն չի հետեւում դրանց:

Գայանե Ենոքյան (Սեւուլ-Երեւան)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին