×

Էյմի Քեուշգուերյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Keush փրփրուն գինիներ. «Անհատական աշխատանք ամեն շշի հետ»

In Vino մասնագիտացված բար-ակումբի «Հանդիպենք գինեգործին» ավանդական  շարքի հյուրը Հայաստանում փրփրուն գինիներ արտադրող Keush ընկերության գործադիր տնօրեն, գինեգործ Էյմի Քեուշգուերյան էր:

2013 թվականին Keush-ը հիմնադրել է նրա հայրը՝ Վահե Քեուշգուերյանը, եւ Հայաստանում առաջինը սկսել Ֆրանսիայի Շամպայն տարածաշրջանի ավանդական մեթոդով փրփրուն գինիներ պատրաստել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Հայրս վաղուց էր հետաքրքրված Հայաստանում ավանդական մեթոդով փրփրուն գինի պատրաստելու գաղափարով։ Սկզբում մտածում էր շամպայնների, փրփրուն գինիների համար ավանդաբար օգտագործվող ֆրանսիական Շարդոնե կամ Պինո Նուար տեսակի խաղող աճեցել եւ դրանցով սկսել արտադրությունը, բայց հետո հասկացավ, որ նման գինիների արտադրության համար մեծ պոտենցիալ ունեն հայկական խաղողի սորտերը»,- GastroVino-ի հետ զրույցում ասել է Էյմի Քեուշգուերյանը։

Գինեգործի խոսքով՝ ի սկզբանե որոշված է եղել, որ Keush-ը պետք է արտադրի միայն փրփրուն գինիներ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Keush-ը 3 տեսակ փրփրուն գինի ունի՝ Keush Origins սպիտակը, Keush Cuveé Chouchane վարդագունը եւ Keush Ultra blanc de noir-ը, որը կարմիր խաղողից պատրաստված սպիտակ գինի է։

Keush Origins-ը պատրաստված է Ոսկեհատ եւ Խաթունի խաղողի սորտերից, Keush Cuveé Chouchane-ը՝ Արենիից։ Keush-ի մյուս սպիտակ տարբերակը՝ blanc de noir-ը եւս պատրաստված է Արենիից, բայց մի փոքր այլ տեխնոլոգիայով։ Արենի խաղողի սորտի մեջ հյութը սպիտակ գույն ունի, իսկ մաշկը՝ գունային պիգմենտներ, կարմիր գինի ստանալու համար թողնում ենք, որ խաղողը երկար մնա իր մաշկի հետ եւ այդ պիգմենտները ներքաշի հյութի մեջ։

Էյմի Քեուշգուերյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արենիից սպիտակ ստանալու համար խաղողն արագ ազատում ենք մաշկից, թողնում ենք միայն հյութը, բայց միեւնույն է, այն սպիտակը չի ստացվում, ինչը սովորաբար ստանում ենք սպիտակ խաղողի սորտից, մի քիչ գունավորում է ստանում։ Մեր blanc de noir-ն էլ սպիտակից դեպի ոսկեգույն գնացող հատվածում է»,- բացատրում է Էյմին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Keush-ն իր գինիների համար օգտագործում է միայն Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում աճող խաղողի տեսակները։ Գյուղը խաղողի ամենաբարձր այգիներ ունեցողներից մեկն է՝ ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա: Այստեղ 100-120 տարեկան խաղողի վազեր կան, որոնց բերքը թթու է եւ կատարյալ փրփրուն գինիներ պատրաստելու համար։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փրփրուն գինին սովորական գինուց տարբերվում է իր պատրաստման տեխնոլոգիայի վերջանական փուլով։ Փրփրուն գինիների պատրաստման  ամենահանրահայտ ձեւերը Ֆրանսիայի Շամպայն տարածաշրջանի եւ Պրոսեկոյի տեխնոլոգիաներն են։ Keush-ն օգտագործում եմ Ֆրանսիական Շամպայն շրջանի մեթոդը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Այս տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ սկզբում ստանում ենք նորմալ սովորական գինի, իսկ փրփրուն դարձնելու համար այն լցնում ենք շշերի մեջ, ավելացնում ենք շաքար եւ խմորասունկ պարունակող լիկյոռ եւ փակում շշի բերանը գարեջրի խցանի նման խցանով: Խմորասունկը սկսում է շաքարին «ուտել»։ Այդ պրոցեսը տեւում է 20–25 օր, արդյունքում ստացվում է ալկոհոլ ու CO2 գազ, եւ երբ շշի բերանը փակ է, այդ գազը ոչ մի տեղ չի «փախչում», ինտեգրվում է գինու մեջ եւ այդտեղից սկսվում ենք ստանալ փրփրուն վիճակը։ Մեթոդի առանձնահատկությունը սա է, որ բնական ճանապարհով շշում երկրորդ անգամ խմորում ապահովելով՝ ստանում ենք փրփրուն գինի»,- մանրամասնում է Էյմին։

Էյմի Քեուշգուերյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նրա խոսքով՝ այս մեթոդով պատրաստելը շատ ժամանակատար եւ ռեսուրսատար է, երկար ժամանակ եւ անհատական աշխատանք է պահանջում ամեն շշի հետ, դրա համար ոչ բոլորն են նախընտրում են այդ մեթոդով աշխատել։

«Փրփրուն գինին բացած շշում երկար թողնելու դեպքում ուղղակի կորցնում է իր CO2 գազը է եւ դառնում է հանգիստ գինի, դրա համար էլ ցանկալի է՝ այն բացել եւ միանգամից խմել»,- խորհորդ է տալիս գինեգործը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Էյմի Քեուշգուերյանը հավելում է՝ Keush-ը կշարունակի փորձարկումները տարբեր շրջաններից խաղողի սորտերի հետ՝ տեսնելու, թե որ տեսակն ինչպես է ադապտացվում փրփրուն գինիներ պատրաստելու ավանդական մեթոդի հետ։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին