Քաղաքագետ Թեւան Պողոսյանն ամեն կիրակի արկղերից հերթով վերցնում է դասավորված գինիներն ու ձեռքով փակցնում պիտակները։ Սահմանափակ քանակությամբ արտադրված եւ զով սենյակում պահվող «Մունք» գինիները (MOONQ Wines) նրա 18 տարվա երազանքն են։ Շշերում երկու տեսակի գինի է՝ Նռնենի խաղողից, եւ Նռնենի, Խնդողնի, Արենի խաղողների ասամբլյաժ։
Թեւան Պողոսյանը գինի սկսել է պատրաստել 2004 թվականից, բայց ավելի լուրջ գինեգործությամբ որոշել է զբաղվել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։
Նա GastroVino-ին պատմել է «Մունք» գինու ստեղծման, Նռնենի խաղողի տեսակը գտնելու եւ բրենդ սարքելու մտադրության, Արցախում խաղողի այգիներ հիմնելու ցանկության մասին։
Ադրինեն՝ աղջիկ, գինի եւ խաղող
Պատերազմի ժամանակ իմ շրջապատում 18 կորուստ եղավ, ծանր շրջան էր, նաեւ աշխատանքային որոշ ծրագրեր դադարեցին, հասկանում էի, որ պետք էր ինչ-որ բանով զբաղվել։ «Մունք» գինին դարձավ նրանց բոլորի եւ իմ ապրելու ձեւը։
Լուսանկարը՝ Թեւան Պողոսյանի արխիվից
Առաջին անգամ գինի պատրաստել եմ 2004 թվականին, չորրորդ աղջկաս՝ Ադրինեի ծնվելուց հետո։ Այդ ժամանակ, հայկական տարբերակով, բոլորն իրենց պարտքն էին համարում հրավիրել որեւէ տեղ, նշել երեխայի ծնունդն ու սիրտ տալ, որ էլի աղջիկ եմ ունեցել։ Ես երջանիկ էի, ասում էի՝ «դուք մտածեք, ծերության ժամանակ ձեզ մի բաժակ ջուր տվող չի լինելու» (ծիծաղում է-հեղ.)։
Հերթական անգամ, երբ կնոջս բարեկամներից մեկն Արմավիրի մարզի Պտղունք գյուղ հրավիրեց, միջոցառման ժամանակ մի մարդ եկավ, ասաց՝ «վրացիներն ամբողջ խաղողը տարան, մնաց 180 կգ, չգիտեմ՝ ինչ անեմ»։ Ես էլ որոշեցի գնել այդ խաղողն ու գինի պատրաստել։ Հարցրեցի՝ ի՞նչ խաղող է, ասաց, որ անուն չունի։ Պարզվեց, որ Մուսալեռի դիմաց խորհրդային տարիներին եղել են Գյուղինստիտուտի էքսպերիմենտալ այգիները, որտեղ գիտնականները փորձարկումներ են արել։ Այդ մարդը պատմեց, որ խաղողի սորտը ստացել է ոմն պրոֆեսոր Այվազյան, ով, սակայն, չի հասցրել վերջնականացնել, գրանցել եւ պետական ծրագրերի մեջ մտցնել, որպեսզի այդ խաղողի նոր այգիներ հիմնվեն։
Թեւան Պողոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Խաղող վաճառողը ժամանակին աշխատել էր պրոֆեսորի այգիներում եւ ասաց, որ 10 հեկտարից մնացել է միայն 3-ը։ Պարզվեց, որ նա 1991-2004 թվականը աճեցրել է խաղողը, մի վրացի ամեն տարի բեռնատարով եկել է Հայաստան ու տարել այն։
Պատրաստեցի առաջին տարվա գինին ու բոլորը փորձելուց հետո ասացին, որ յուրահատուկ համ ունի։ Իրականում, այն ինձ էլ էր զարմացրել, որովհետեւ մինչ այդ երբեք նման համ չէի զգացել։
Հաջորդ տարի գնացի խաղողագործի մոտ, ասացի՝ «չգիտեմ, վրացի հաճախորդդ գալու է, թե՝ ոչ, բայց ինձ 500 կգ պետք է տաս»։ Գինին Ադրինեի ծնվելու հետ էր կապված՝ որոշեցի անվանել «Ադրինե», եւ քանի որ խաղողի սորտի անունն անհայտ էր, այն եւս կոչեցինք աղջկաս անունով։
«Ադրինեի» համար առաջին տարում տարբեր տեղերից գինու 100 շիշ էի գտել ու երբ շշալցրեցի, որոշեցի, որ այն Ամանորի նվեր կդառնա իմ կյանքում գոյություն ունեցող լավագույն 100 մարդու համար։
Լուսանկարը՝ Թեւան Պողոսյանի արխիվից
Հաջորդ տարիներին գնում էի 100 շիշ, պատվիրում խցաններ ու ձեռքով փակում։ Ժամանակին ԱՄՆ մի փոխդեսպան կար, մի օր մեր տանը տեսավ, թե ինչպես եմ խցանը խփում շշի մեջ եւ որոշեց գործիք նվիրել, մյուս տարիներին դրանով եմ խցանները դրել։
«Ադրինեի» շշերն ամեն տարի համարակալում եմ ու ընկերներս «կռվում են», թե որ համարն եմ իրենց տալու։
Հոբբիից դեպի լուրջ գինեգործություն
Երբ որոշեցի 18 տարվա փորձն ու հոբբին վերածել իրական, ավելի լուրջ գործի, շինարարություն սկսեցի Խարբերդում գտնվող ընտանեկան տարածքում, որը հիմնականում եղել է բերք աճեցնելու վայր։ Տարբեր փուլերով անցա՝ լիցենզիա ստացա, ՍՊԸ գրանցեցի, լիզինգով սարքավորումներ ձեռք բերեցի։
Երեխաներիցս մեկն ասաց՝ «Ադրինեի» լեգենդը գիտենք, այս գինու լեգենդն ի՞նչ է լինելու: Հիշեցի պապիս պատմությունը. երեխա ժամանակ, երբ նրա մոտ էի լինում, սեզոնին ինձ «օգտագործում» էր Ղարաբաղում Մուշկետի գինի պատրաստելու համար, կանչում էր ճմռելու, քամելու։ Ստեփանակերտում ամենատարածված սորտն էր, որը նաեւ Իզաբելլա են անվանում, Եվրոպայում այն արգելված էր, դրանից միայն հյութ կարող էր պատրաստվել, բայց այն ժամանակ շատերն էին գինի սարքում։
Թեւան Պողոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Եկավ գինու անունը գրանցելու պահը, դիմելուց 3 օր հետո պատասխանեցին, որ «Ադրինե» անունն արդեն գրանցված է։ Մի գործարանի սեփականատեր տարիներ առաջ գրանցել է կնոջ մոտ 1000 անուն, այդ մարդուն առաջարկեցի ցույց տալ «Ադրինե» անունով արտադրանքի գոնե մեկ օրինակ, հրաժարվեց, բայց նաեւ անունը չզիջեց։ Պետք էր նոր անուն որոշել, ընտանիքով հազար ու մի տարբերակ մտածեցինք։ Համացանցում մեր ընտանիքը խումբ ունի «Մունք» անունով, քանի որ այն մեզ համար կապող բառ է, երեխաներն առաջարկեցին դարձնել գինու անուն։
Ուրախացա, որովհետեւ եթե անգամ արտասահմանցիները կարդան, միեւնույն է, դրանից բառի արտասանությունը չի փոխվի։ «Մունքը» արցախյան արտասանություն ունի եւ արմատը «մենք» բառն է։ Դիմեցի գրանցման համար, ստուգումը տեւեց երեք ամիս եւ «Մունքը» գրանցվեց։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հերթը հասավ գինու պիտակին, դիզայներին պատմեցի ամբողջ պատմությունը եւ նա որոշեց պատկերել ԴՆԹ, որը խորհրդանշում է հարազատ հողը, հայրենիքը, շարունակությունը ու արժեքները։
Նռնենի սորտի «վերածնունդը»
«Մունքը» արտադրելիս պարզ էր՝ չեմ կարող պիտակին գրել, որ այն պատրաստված է «Ադրինե» սորտից, այդ ժամանակ գնացինք դաշտեր ու խաղողի տերեւներն ուղարկեցինք Գերմանիա ստուգման, արդյունքում պարզվեց, որ խաղողի սորտը կոչվում է Նռնենի։ Այն վրացական Սապերավիի եւ Սավինյոնի խառնուրդ է, յուրահատուկ է նրանով, որ երբ մաշկը հանում ես, միսն էլ է կարմիր։ Համային իմաստով շատ ուժեղ է, գույնն էլ՝ մուգ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նախկինում, երբ գինի էի պատրաստում, իմ լավագույն ֆիլտրը բամբակն էր ու բոլորը կարծում էին, որ եթե ավելի պրոֆեսիոնալ ֆիլտրեմ, գույնը կբացվի, բայց բոլոր ֆիլտրերով անցնելուց հետո այն նույն մգության է մնում։
Մեկ պրոդուկտ՝ երկու գինի
«Մունքն» արտադրելու համար ամառանոցում ունեի 5 չան եւ, իմ հաշվարկով, դրանց համար 6-7 տոննա խաղող էր պետք։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նռնենիի այգուց հավաքեցինք միայն 2,5 տոննա, ուստի որոշեցի նաեւ Արենի գնել: Հասանք Աղավնաձոր, շատ յուրահատուկ խաղողի դաշտ, մինչեւ վերջին գիլան քաղեցինք ու ստացանք 2 տոննա: «Մունքին» ավելացավ նաեւ Խնդողնին՝ խորհրդանշելով Արցախը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Շշալցվել է երկու տեսակի կարմիր անապակ գինի։ Ինձ համար մի պրոդուկտ է, բայց համային իմաստով տարբերություն կա, Նռնենին մի քիչ ավելի տտիպ ու պինդ է, կուպաժը՝ ավելի փափուկ։ Երկուսն էլ նոր պրոդուկտ են, մեր շուկան լի է տարբեր խառնուրդներով, բայց ոչ խառնելու եւ ոչ էլ միայնակ տարբերակով Նռնենի չի հանդիպում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պատրաստվել է 5 հազար շիշ գինի։ Վաճառվում է սոցցանցերի մեր էջերի միջոցով, հասանելի է նաեւ Երեւանի մի քանի ռեստորանում (Yeremyan Project-ի ռեստորաններում, Wine Republic, Asador, Gouroo Club & Garden եւ KAMI Music Club)։
Աղջիկներս ինձ արգելել են զբաղվել վաճառքով, որովհետեւ անընդհատ նվիրում եմ։ Ծավալները քիչ են, կտրուկ ավելացնելու համար պետք է նախ Նռնենիի քանակ ապահովել, բայց քանի դեռ այգիներ չեն հիմնվել, դժվար է, մյուս կողմից՝ պետք է սիմվոլիզմը պահպանել։
Թեւան Պողոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Փորձում ենք սպառումը բալանսավորել, որ մինչեւ հաջորդ խմբաքանակ չսպառվի։ Մարքեթինգային որոշ քայլերի շնորհիվ կարելի է վաճառքներն ակտիվացնել ու գինին մինչեւ դեկտեմբեր ամբողջությամբ սպառել, բայց այդ դեպքում 4-5 ամիս «Մունքը» շուկայից կկորի, որովհետեւ հաջորդ խմբաքանակը պատրաստ կլինի մյուս տարվա հունիսին։
Գինին՝ մշտապես մտքում
Գինին ստեղծելիս ցանկացել եմ ստեղծել պրոդուկտ, որից հաճույք կստանամ։ Չեմ փորձում որեւէ գինեգործի հետ մրցակցել՝ եթե կա հայ, որը գինի է պատրաստում, ուրեմն իմ եղբայրն ու լավագույն գործընկերն է։ Ես պետք է մրցեմ, որ հայկական գինին «երեւույթ» դառնա եւ համաշխարհային անունների կողքին լինի։
Մինչեւ Արցախում վերջին պատերազմը տարվա ուղիղ կեսն արտասահմանում էի լինում, հիմա ամեն ինչից հրաժարվել եմ, պատերազմից հետո աշխարհից շատ «շնորհակալ եմ»։ Ինձ համար իմ Ստեփանակերտն է կարեւոր, իմ պապի «շուշաբանդը»։ Մեր գյուղերն ու գերեզմանները կարողանում եմ գնալ՝ ինձ համար ամեն ինչ է։
Ռեզերվային գինիները՝ հաջորդ տարի
Առայժմ միայն կարմիր գինի եմ պատրաստելու, երբ պահանջարկը մեծանա, մեծ գործարանի ժամանակը գա, տարածքի առումով ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություն լինի, կսկսեմ մտածել ե՛ւ սպիտակի, ե՛ւ ռոզեի մասին, բայց դրանք չեն լինի Նռնենիից, իսկ ես դեռ ուզում եմ աշխատել այս սորտը բրենդ դարձնելու ուղղությամբ։ Մտածում եմ խաղողի այգիներ հիմնելու մասին, բայց նախ՝ Արցախի մեր գյուղում՝ Գիշիում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հաջորդ տարվանից նաեւ ռեզերվային գինիներ կունենամ, բայց անկախ ամեն ինչից՝ «Ադրինեի» 100 շիշը միշտ կարտադրեմ։
Գինու ստեղծման ընթացքում միշտ կարդացել եմ, խորհուրդներ ստացել, քննադատություններ լսել, որն ավելի եմ սիրում։
Թեւան Պողոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գինու ստեղծման հետ կապված գործերի մեծ մասը ընկերներով կամ ընտանիքով ենք արել։ Արտադրական պրոցեսում տղաս փորձում է օգնել, ես խրախուսում եմ, որ տեսնի, չարչարվի ու սովորի։ Իր տարիքում ես պապիս կողքին էի կանգնած, երբ գինի էր պատրաստում։ Հույս ունեմ՝ այս գործը պապի լեգենդով կշարունակվի ու հնարավոր կլինի առաջ տանել Նռնենի սորտը։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: